Կիրակի , Սեպտեմբերի 23 2018
Սկիզբ / Սփյուռք / Ամերիկահայությունը ոտքի է կանգնում. Գլենդելի քաղաքապետի դիրքորոշումը հայտնի է

Ամերիկահայությունը ոտքի է կանգնում. Գլենդելի քաղաքապետի դիրքորոշումը հայտնի է

Ինչպես հայտնի է, հայաստանյան ներքաղաքական լարված իրավիճակը բավական լայն արձագանք է գտել ոչ միայն ներհասարակական շրջանակներում՝ ընդգրկելով բավական մեծ թվով քաղաքացիների, այլև ադեկվատ արձագանք է ստացել դրսում՝ հատկապես օվկիանոսից անդին:

Կրկին օրակարգային է դարձել այն հարցը, թե հետայսու որն է լինելու Հայաստանի հետագա կայուն զարգացման՝ վերանայման կարոտ բանաձևը: Խնդիրն իսկապես հրատապ է, քանի որ նույնիսկ անզեն աչքով է տեսանելի այն անբարեհույս իրավիճակը, որը ստեղծվել է ՀՀ-ում՝ իշխանությունների վարած անհեռանկարային քաղաքականության հետևանքով: Արտագաղթ, սոցիալ-բարոյական ճգնաժամ, համընդհանուր հուսալքություն՝ ահա այն հատկանիշները, որոնցով այսօր բնորոշվում է հայաստանյան իրականությունը:
Ապրիլի 19-ին, ԱՄՆ Գլենդել քաղաքի Արցախի փողոցում (նախկին Մերիլենդ) ՀՅԴ-ն քաղաքապետարանի աջակցությամբ կազմակերպել էր քաղաքական ակցիա՝ համախմբելով Հայաստանի ճակատագրով մտահոգ այն բոլոր քաղաքացիներին, ովքեր խոսք ունեին հնչեցնելու՝ կապված հայաստանյան իրավիճակի հետ: Ընդ որում՝ կարևոր է նկատել նաև,որ հավաքվածների շրջանում յուրատեսակ գաղափարական միասնություն էր նկատելի՝ անկախ ամեն ինչից: Այդ օրը բոլորը մեկ մարդ էին դարձել՝ մտահոգ միայն մեկ բանով՝ Հայաստանով:

Ելույթ ունեցողների մեջ էր նաև Գլենդելի քաղաքապետ Զարեհ Սինանյանն, ում՝ հավաքվածներին ուղղված խոսքը բավական կարևոր ու կառուցողական ուղերձներով աչքի ընկավ՝ ըստ էության, իր մեջ պարունակելով նաև այն հարցերից շատերի պատասխանները, որոնք այսօր հուզում են հայությանն՝ գլոբալ իմաստով:
Քաղաքապետն, ում անմիջական ջանքերի շնորհիվ էր նաև հնարավոր դարձել նմանօրինակ քաղաքական ակցիայի խաղաղ իրականցումը, Հայաստանի հիմնական խնդիրը համարում է արտագաղթն ու իրական ժողովրդավարության բացակայությունը երկրի ներսում: «Ես գտնում եմ, որ մենք արժանի ենք շատ ավելի լավին, քան նրան, ինչը գոյություն ունի այսօր: Մենք չենք կարող Ադրբեջան լինել, չենք կարող Ուզբեկստան կամ Տաջիկական դիկտատուրա լինել, չենք կարող թույլ տալ նման բան»,-համոզմունք էր հայտնել քաղաքապետը:
Երիտասարդությունը, որը հսկայական ներուժ ունի իր մեջ՝ միշտ պատրաստ հերկելու ու ծաղկեցնելու հայրենի հողն,այսօր, միանգամայն սուբյեկտիվ պատճառներով պայմանավորված, ստիպված է լինում արտագաղթել ու բախտ փնտրել օտար երկրներում:
Հայաստանը զրկվում է իր միակ ու կենսունակ ռեսուրսից՝ մարդկային ներուժից՝ վերածվելով չինովնիկական «բեսպրեդելի» զոհ դարձող անհեռանկարային ինչ-որ պետական գոյացության՝ մի բան, որն ուղղակի անթույլատրելի է ու որի կողքով անտարբեր անցնելն՝ իսկական հանցանք է:
«Մեր երիտասարդությունը, հարազատներն ու բարեկամները,որոնք դուրս են եկել, հասարակ մի բան են ուզում իրենց կյանքում: Ուզում են արժանապատիվ ձևով ապրել իրենց հայրենիքում, ուզում են կայանալ իրենց հայրենիքում, ուզում են արտահայտվել որպես մարդ իրենց հայրենիքում, ուզում են ընտանիք կազմել իրենց հայրենիքում, չեն ուզում հեռանալ: Բայց արի ու տես, որ պայմանները,որոնք կան Հայաստանում, ստիպել են հարյուր հազարավորներին հեռանալ»,-իր բոցաշունչ ելույթում բավական դիպուկ կերպով արձանագրել էր քաղաքապետ Զարեհ Սինանյանը՝ հավելելով՝ մենք ունենք հիանալի երիտասարդություն, որը բոլորիս ցնցեց վերջին օրերի ընթացքում:

Որպես իրավիճակից ելք Սինանյանն, ըստ էության, նշմարում է մեկ բան՝ Սփյուռքի ու Հայաստանի միասնությունը՝ բառիս ամենալայն իմաստով՝ հանուն ընդհանուր ապագայի, հանուն համաշխարհային հայության վաղվա օրվա:
Ո՛չ ՀՀ ոստիկանությունը, ո՛չ չինովնիկական վարկաբեկված «սթաֆը», ո՛չ էլ մեկ այլ բան չեն կարող զսպել հայի ազատատենչ ու արդարություն փնտրող ոգին, ու հասել է ժամանակը ամեն բան նոր ու սպիտակ էջից սկսելու:
Պետք է նկատել, որ Զարեհ Սինանյանն, անձամբ իր ելույթում շատ ավելի կարևոր ու ժամանակի հրամայականից բխող մտքեր կարողացավ ասպարեզ իջեցնել, քան գուցե բազում հայաստանցի քաղաքական գործիչներ՝ ապացուցելով, որ կառուցողական գաղափարների գեներացիայի հարցում շատ ավելի կարևոր դեր ունի իրական հայրենասիրությունն ու ինչ-որ բան փոխելու ցանկությունը, քան ժամանակն ու տարածությունը: Ի դեպ՝ սա որպես ի գիտություն որոշ վայ քաղաքական գործիչների, որոնք իրենց դիրքը օգտագործում են ընդամենը սեփական գործերն առաջ տանելու, բաց ոչ երբեք հայրենիքին ինչ-որ օգուտ տալու համար:
Մեկ բան ուղղակի անվիճելի է: Եթե Հայաստանին չհաջողվեց թոթափել համընդհանուր հուսալքությունն, ու հասարակությունն ավելի լավատես չդարձավ, ապա երկիրն ուղղակի չի կարողանալու հեռուն գնալ՝ բզկտվելով հենց ներսից, հայաթափվելով ու ջլատվելով: Հետևաբար՝ քանի դեռ ուշ չէ հարկավոր է առիթը բաց չթողնել ու ևս մեկ անգամ ողջ հայությունով միաբերան պահանջել ազատ,անկախ Հայաստան, ու այս իմաստով հստակ է մեկ բան՝ դրսի հայությունը մտադիր չէ կողքից դիտորդի դեր ստանձնել ու այլևս ոտքի է ելել՝ մինչև վերջ սատարելու հայստանաբնակ եղբայրներին ու քույրերին՝ հասնելու արդարության վերջնական հաղթանակին: Հայությունը միաբան է առավել քան երբևէ….



Աղբյուրը: Ամերիկահայությունը ոտքի է կանգնում. Գլենդելի քաղաքապետի դիրքորոշումը հայտնի է

Մասին USArmeniaNews.com

Կարդացեք նաև

ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ, ԲԱՐԻ ՃԱՆԱՊԱՐՀ …..

Սոսկալի լուրն առա քիչ առաջ եւ դեռեւս չեմ ուզում հավատալ, թե ճիշտ է, որ Կիման …