Երկուշաբթի , Հունվարի 21 2019
Սկիզբ / Հայաստան / Օրվա գլխավոր լուրերը՝ «մեկ տողով». 07.06.2018

Օրվա գլխավոր լուրերը՝ «մեկ տողով». 07.06.2018

62–ը՝ կողմ, 39–ը՝ դեմ։ Հայաստանի Ազգային ժողովն այսօր ընդունեց Փաշինյանի կառավարության ծրագիրը։  Ավելի քան մեկ ամիս տեւած ցույցերից հետո,  «Ելք» դաշինքի առաջնորդ Նիկոլ Փաշինյանը մայիսի 8–ին ընտրվեց վարչապետ, իսկ երեք օր անց ձեւավորեց կառավարություն, որն իր ծրագիրը ներկայացրել էր Ազգային ժողովի դատին։

Փաշինյանի կառավարության ներկայացրած ծրագրին , բացի  «Ելք», ՀՅԴ եւ «Ծառուկյան» դաշինք խմբակցությունների պատգամավորներից, կողմ են քվեարկել  նախկին իշխող ՀՀԿ խմբակցության 12 պատգամավորներ, մասնավորապես,  Տաճատ Վարդապետյանը, ինչես նաեւ գործարար շրջանակը ներկայացնող Միհրան Պողոսյանը, Հակոբ Բեգլարյանը, Արայիկ Գրիգորյանը, Նահապետ Գեւորգյանը, Արկադի Համբարձումյանը, Աշոտ Արսենյանը, Հակոբ Հակոբյանը, եւ ազգային փոքրամասնությունները խորհրդարանում ներկայացնող Կնյազ Հասանովը եւ Արսեն Միխայլովը, գեներալ– պատգամավորներ Սեդրակ Սարոյանն ու Մանվել Գրիգորյանը։

Ի դեպ, կողմ են քվեարկել նաեւ ՀՀԿ խմբակցությունը լքած Շիրակ Թորոսյանը, Արտակ Սարգսյանը, Արթուր Գեւորգյանը, Սամվել Ալեքսանյանը, Արման Սահակյանը եւ Ֆելիքս Ցոլակյանը։

Հայաստանի նորանշանակ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանն իր առաջին աշխատանքային այցով գտնվում է Մոսկվայում։  Այցի ընթացքում  Մնացականյանը հանդիպել է  Ռուսաստանի Դաշնային ժողովի անդամների հետ, այնուհետեւ՝ ՌԴ արտաքին գերատեսչության ղեկավար Սերգեյ Լավրովի հետ։ 

Պատասխանելով լրագրողի հարցին, թե ինչպես է վերաբերվում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկին, որ Արցախը պետք է դառնա բանակցային կողմ, Լավրովն  ընդգծել է, որ եթե կողմերը որոշակի փուլում համաձայնության գան այդ հարցում, ապա դա կլինի նրանց որոշումը:

Հասարակության շրջանում շարունակում են ակտիվ քննարկումները Կառավարության նոր նշանակումների վերաբերյալ: Չնայած հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանը հայտարարել էր, որ 27-ամյա Վաղարշակ Հակոբյանին խորհրդական նշանակելու մեջ որեւէ խախտում չկա, այսօր առավոտյան նախարարությունը ստիպված էր ներողություն խնդրել: «Պարզել» են՝ ըստ օրենսդրության, խորհրդական կարող է նշանակվել միայն 30 տարին լրացած քաղաքացին: Մխիթար Հայրապետյանը որոշում է կայացրել իր խորհրդականին ազատել եւ նշանակել օգնական:

Մյուս աղմկահարույց նշանակումը նախօրեին փոխվարչապետ Տիգրան Ավինյանն է արել: Նա օգնական է նշանակել Հովիկ Աբրահամյանի օգնական Գեորգի Մուրադյանին: Հանրության շրջանում հայտնի «Ժորիկը», ըստ մամուլի հրապարակումների, տարիներ առաջ ԱՄՆ-ից Հայաստան ապօրինի թմրանյութ է տեղափոխել եւ փորձել իրացնել:

«Սասնա ծռերի»  անդամներ Տիգրան Սարգսյանն ու  Հովհաննես Վարդանյանն այսօր դատարանի դահլիճից ազատ արձակվեցին: Դատավոր Արտուշ Գաբրիելյանը բավարարեց պաշտպանների ներկայացրած միջնորդությունը եւ խափանման միջոցը փոխեց ստորագրություն չհեռանալու մասին:

Իսրայելի Կնեսեթը քննարկումներ կանցկացնի Հայոց ցեղասպանության ճանաչման հարցով։ Կնեսեթի խոսնակ Յուլի Էդելշտեյնը պատրաստվում է  հաջորդ շաբաթ քվեարկության դնել խորհրդարանի անդամ, «Մերեց» կուսակցության ներկայացուցիչ Թամար Զանդբերգի  ներկայացվելիք բանաձեւը։ Իսրայելական մամուլը  շեշտում է, որ բանաձեւի ընդունումը հակասում է Իսրայելի ԱԳՆ դիրքորոշմանը։

Դոլարը, եվրոն եւ ռուսական ռուբլին թանկացել են: Դոլարի փոխարժեքը կազմել է 483.49 դրամ, եվրոն՝ 571.63 դրամ, բրիտանական ֆունտը՝ 650.54 դրամ, իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 7.82 դրամ:

Հայաստանի մարզերի մեծ մասում հունիսի 7–ին սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ: Որոշ վայրերում հնարավոր է կարկուտ: Երևանում ժամանակ առ ժամանակ կլինի անձրեւ եւ ամպրոպ: Գիշերը մայրաքաղաքում կլինի +14 +16, վաղը կեսօրին՝ +25 +27:



Աղբյուրը: Օրվա գլխավոր լուրերը՝ «մեկ տողով». 07.06.2018

Մասին News.am

Կարդացեք նաև

ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանի մեկնաբանությունը Կարագանդայում ստեղծված իրադրության վերաբերյալ

Բոլոր նրանք ովքեր ի սկզբանե առիթ են ունեցել հետևելու իրավիճակին, տեղյակ են, որ դեռևս հունվարի …