Սկիզբ / Տեսակետ / ԷԻԶՄ. Ամենայն ստեղծի տեսություն (ԱՍՏ)

ԷԻԶՄ. Ամենայն ստեղծի տեսություն (ԱՍՏ)

Ամփոփում ԷԻԶՄԸ, հանդես գալով որպես դիցահավատամքների ու գիտությունների
ընդհանուր հայտարար, բուն հայկական աշխարհայացք է, ու վերկրոնական ուսմունք
տիեզերական ու բնական օրինաչափությունների մասին։ Էությունը իրենից ներկայացնում է
տեսանելի ու անտեսանելի ամենայնը իր մեջ ներառող ինֆորմացիա, որը հաստատում է` ամեն
ինչ առաջացել է մեծ պայթյունից:

Մեկ հոդվածով ներկայացնել  խորիմաստությամբ անգերազանցելի և  իսկորեն  ամենայն ստեղծի տեսություն, որպիսին  Էիզմն է, մեղմ ասած դյուրին չէ, եթե ոչ անհնարին։ Ուստիև  կփորձեմ հնարավորինս հակիրճ եւ ըմբռնելի ներկայացնել՝ արդյոք ինչ է իրենից ներկայացնում Էիզմը, անհրաժեշտաբար մեջբերելով մեր մեծերի խոհերն Է-ի մասին, պարզաբանել, թե ըստ Ալեքսանդր Վարպետյանի «Էություն» հատորի, ինչ է Էություն հասկացությունը, կքննարկեմ մարդկային կեցության «նպատակի ռեֆլեքսի» իմաստավորումն ըստ Էիզմի։

Ըստ Նարեկացու՝

«Ինքնագո Է-ի անունն աստված է,Որ Էության մեջ անհաս միշտ նույն է։Նույն է նա իր հետ, նույն է եւ միակ.Մեկն Էությունից, նորից նույն թվում,Թիվ որ եզակի՝ եռակի է փառք…»

Դանիել Վարուժանն իր «Է տառը մեր այբբենարանին մեջ» աշխատության մեջ նշում է. «… երբ եկեղեցվոյ մը ճակատին ՝ եռանկյունիի միջեւ, զքեզ կը նշմարիմ ճաճանչներու մեջ փառապանծ»։ «Այդ տառը ընդարձակ հայելի մ՚ըլլալ կը թվի եւ ամբողջ տիեզերքը կ՚անդրադարձնե. դիտե հոն եւ նախ դուն զքեզ պիտի տեսնաս…»

«Ցեղակրոնությունը ցեղային Էությանը հավատարիմ մնալու ուսմունքն է:»(Գարեգին Նժդեհ)

Էիզմը բուն հայկական ու նաեւ համամարդկային՝ տիեզերքի բաբախող մոդելի վրա հիմնված էաբանական ուսմունք է: Եվ եթե փիլիսոփայությունը գիտությունների գիտությունն է, ապա էիզմը՝  փիլիսոփայությունների փիլիսոփայություն, որն ի մի է բերում կրոններն ու գիտությունները, էնտրոպիան (քայքայում ) ու հակաէնտրոպիան (արարում ), իդեալիզմն ու մատերիալիզմը, այսով հանդերձ հանդիսանալով առաջին հայացքից հակոտնյա թվացող, բայցև ամենայնի մի ուրույն  «ընդհանուր հայտարար»։ Աստված սահմանվում է որպես ամենայն ստեղծի էութենական հանրագումար։

Ա. Վարպետյանն իր «սանձարձակ երեւակայությամբ» բաբախող տիեզերքի մոդելըտանում է մեկ քայլ առաջ՝ հանճարին հատուկ իր մտքի թռիչքով Էություն հասկացությունը առաջ քաշելով որպես ամենայն ստեղծի եւ հակադիր երեւույթների սկզբնապատճառ։ Հանուրի համար մատչելի լեզվով սա կհնչի հետեւյալ կերպ. հակադրությունների պայքարի ու միասնականության համատիեզերական օրենքին համահունչ՝ իրար հակառակ, բայց մեկ ամբողջություն կազմող տարրերը գտնվում են իրար հետ անընդհատ ու սերտորեն փոխկապակցված շղթայի մեջ, ինչպես օրինակ մարդու մարմինն ու հոգին, նյութն ու էներգիան, չարն ու բարին, ջուրն ու հուրը, էնտրոպիան ու հակաէնտրոպիան, սուբյեկտիվն ու օբյեկտիվը, ֆիզիկայում՝ մասնիկն ու հակամասնիկը։ Էությունը հանդիսանալով որպես այդ հակադրությունների սկզբնապատճառ՝ իրենից ներկայացնում է յուրահատուկ երկթեւ արեւ, որի զույգ թեւերն իրենցից ներկայացնում են վերը նշված եւ այլ հակադրությունները , մի յուրատեսակ մետաղադրամ, որի երկու կողմերն են հանդիսանում այդ հակադրությունները։ 

Անհրաժեշտ եմ համարում ընդգծել, որ Էիզմը ներմուծում է Հակադարձման օրենքը, որը նշանակում է, թե  որոշակի պայմաններում նշված հակադրությունները կարող են փոխարինել մեկը մյուսին՝ լավը կարող է հակադարձվել վատի, հակաէնտրոպիան՝  էնտրոպիայի, դրականը՝ բացասականի եւ այլն։ Այլ կերպ ասած, մետաղադրամը կարող է պտտվել 180 աստիճանով եւ ցուցադրել մետաղադրամի մյուս «երեսը»։

Ըստ Էիզմի, օբյեկտիվ իրականությունը բաղկացած է երեք փոխկապակցված շերտերից՝  երեւութական, գաղափարական եւ էութենական, մարդու ներաշխարհը՝ զգայական, բանական ու ոգեկան մակարդակներից։ 

Ըստ որում՝ նշված շերտերը սերտորեն կապված են մեկը մյուսին, ինչպես ձվի «եռահարկ» կառուցվածքում՝ կեղև, սպիտակուց եւ դեղնուց։ Այսով, Էությունը կարելի է նկարագրել որպես երեք դարակներից բաղկացած պահարան, որի առաջին հարկում գտնվում են արվեստները (զգայական/երեւութական աշխարհ), երկրորդում՝ գիտությունները (գաղափարական աշխարհ) եւ երրորդ դիցահավատամքային (ոգեկան աշխարհ)։ Հարկ է ընդգծել, որ չկան բազմաթիվ աստվածներ, այս կամ այն աստվածությունը հանդիսանում է Էության որոշակի մեկնաբանությունը, նույն գերթեմայի տարբեր «մեկնակերպումները»։ Նունն է նաեւ գիտությունների ու արվեստների պարագան։ Սա նշանակում է, որ արվեստների, գիտությունների ու դիցահավատամքային համակարգերի զարգացմանը զուգահեռ մարդկությունը քայլ առ քայլ մոտենում է Էությանն ու բացարձակ ճշմարտությանը, դրանով Էիզմը դարձնելով անչափ լայն ու խորագնա ուսմունք՝ օժտված անվերջ ընդլայնվելու մեծ ներուժով։

Այս իմաստով խիստ տպավորիչ է Ա. Վարպետյանի կողմից՝ հանճարների դասակարգումը զգայականի, բանականիեւ ոգեղեն-էութենականի։ Զգայական հանճարների թվին են դասվում արվեստի հանճարները, բանական հանճարները՝ գիտության ոլորտում աչքի ընկած հանճարեղ անձինք, իսկ ոգեկան հանճարները (Քրիստոս, Մահումեդ, Բուդդա եւ այլն) հասնում են աստվածային բարձունքների՝ մարդկության կողմից պաշտվելով կամ որպես Աստծո որդի կամ որպես նրա պատգամաբեր։ Կրկնելով նախորդ պարբերության միտքը՝ ևս արժե ընդգծել, որ բոլոր հանճարները, օժտված լինելով Էություններ որսալու տաղանդով, իրենց ստեղծագործություններով եւ գործունեությամբ երեւակում են Էության տարբեր «երեսներ» ու օրինաչափություններ։ 

Օբյեկտիվ իրականության եռահարկ կառուցվածքն էլ ավելի մատչելի մատուցելու նպատակով լուսաբանեմ՝ Էիզմն ինչպես է վերլուծում  քրիստոնեությունը։ Ըստ Էիզմի՝ եկեղեցու շենքը, նրա ներքին եւ արտաքին զարդարանքները, ծեսերը, հանդիսանում են քրիստոնեության երեւութական կողմը, Ավետարանները՝ քրիստոնեության գաղափարական, իսկ Քրիստոսն իր աստվածային Էությամբ ներկայացնում քրիստոնեության բուն էությունը։ 

Հատկանշական է Էիզմի կողմից մարդու կյանքի իմաստի մասին քննարկումը(էջ 627)։ Քանի որ գոյությունը երևակված Էությունն է, Ա. Վարպետյանը գոյության 7 սկզբունքները սկսում է նրա ստորին աստիճան լինելիությունից, կյանքի  երեւութական կողմից աստիճանաբար բարձրանալով մինչ ԷԱՑՈՒՄ: Լինելիությունն ուղղակի նշանակում է, որ տվյալ գոյաձեւն օժտված է «սննդառության, սննդահայթայթման, սերնդաճի ու ինքնապահպանության» բնազդներով եւ իր լինելիությունն ապահովում է համապատասխան այդ բնազդների։ Գոյության երկրորդ աստիճանին ակտիվության սկզբունքն է՝ արտաքին եւ ներքին ազդեցություններից տվյալ գոյաձևը կարող է ցուցաբերել ավել կամ պակաս ակտիվություն։ Որքան զարգացած են նրանք, այնքան ավելի բարձր է նրանց ակտիվությունը՝ մարդու եզակի հոգեկան ակտիվությամբ օժտված լինելու տեսանկյունից։ Գոյության երրորդ աստիճանի վրա է գտնվում ինքնակատարելագործումը՝ բոլոր գոյաձեւերը՝ տեսակի պահպանման դաժան մրցապայքարում կամ պիտի իրենք իրենց կատարելագործեն կամ անհետանան։ Ինքնակատարելագործմանը հաջորդում է հասունության սկզբունքը՝ որպես «ինքնակատարելագործման վերաճ», որին հետեւում է գոյության 6-րդ սկզբունք հանճարեղությունը։ Այս սկզբունքի տակ հեղինակը նշում է «նրանց, ովքեր մարմնավորում են էակի վերին կարողությունները՝ առանց ընդգծելու նրանց հիերարխիկ ներքին աստիճանավորումը։» Ըստ որում «… հանճարները ջանում են ամբողջովին վերածվել էության։ Այլ խոսքով՝ իրենց հոգեկան ու հակաէնտրոպիկ երկվորյակի, որն ընդունակ է հաղթահարել տարածա-ժամանակային կոնտինուումն եւ թափանցել այլ չափություններ։ Դա իրականացվում է ողջ հոգեէներգիայի ոգու փոխակերպմամբ, սեփական ներաշխարհի մեջ խորասուզմամբ, ոգեղինությամբ ու իմաստությամբ, ինքնավերացարկմամբ, որոնք բոլորն էլ Էության հատկանիշներն են:

Ի վերջո ԷԱՑՈՒՄ։ Պետք է հատուկ ընդգծել, որ սույն բառի ողջ բովանդակությունն արտահայտող բառ որեւէ այլ լեզվում գոյություն չունի՝ վկայելով Էություն հասկացություն-գերգաղափարախոսության հայկական ակունքների փաստը։ Էացում եզրը հայերենում ունի ի բնե լինել, հոր նման դառնալ (Է-ակ), Էություն ստանալ իմաստները: Հավատամքներում Էացումը համապատասխանում է «հոր արքայության», «նիրվանայի», փիլիսոփայության մեջ՝«ձեւից բովանդակության վերաճի» հասկացություններին։ Այսպիսով, « Գոյության յոթերորդ սկզբունքը մնում է էակների ամենավեհ իդեալը՝ ներկայանալով նաեւ որպես նրանց բուն, բայց դժվարամատչելի վերին Էություն։ Եւ սրանով է բացատրվում Աստծո իդեալականացումը մեր գիտակցության մեջ, ուստի Էությունն իր արդեն թվարկված հատկանիշներից բացի օժտվում է նաեւ բացարձակ իդեալի բնութագրումներով։»

Ամփոփում ԷԻԶՄԸ, հանդես գալով որպես  դիցահավատամքների ու գիտությունների ընդհանուր հայտարար, բուն հայկական աշխարհայացք է, ու վերկրոնական  ուսմունք   տիեզերական ու բնական օրինաչափությունների մասին։ Էությունը իրենից ներկայացնում է տեսանելի ու անտեսանելի ամենայնը  իր մեջ ներառող ինֆորմացիա, որը հաստատում  է` ամեն ինչ առաջացել է մեծ պայթյունից:

Հայկական եւ համամարդկային մի շարք այլ դիցահավատամքային համակարգերում Էությունը պատկերվել է տիեզերածովի օգնությամբ, որի մասին  հանգամանալից կխոսեմ իմ հաջորդ` Ա. Վարպետյանի «Հայտնություն» հատորը »  վերծանող հոդվածում: 

Արարատ Ստեփանյան



Աղբյուրը: ԷԻԶՄ. Ամենայն ստեղծի տեսություն (ԱՍՏ)

Մասին Hetq.am

Կարդացեք նաև

Մամուլի դաշտը «կարգավորողը» ՝ ալիմենտներ վճարելուց խուսափող շարքային «հաճախորդ» է

Մամուլի և խոսքի ազատությունը սահմանափակելու կոչեր են հնչում իշխանական ճամբարից եւ ամենից ակտիվն այս հարցում …