Կիրակի , Հունիսի 16 2019
Սկիզբ / Հայաստան / Օրվա գլխավոր լուրերը՝ «մեկ տողով». 25.06.2018

Օրվա գլխավոր լուրերը՝ «մեկ տողով». 25.06.2018

Բերման է ենթարկվել Սերժ Սարգսյանի եղբայրը՝ Ալեքսանդր Սարգսյանը: Երրորդ նախագահի եղբորն իրավապահները Երեւանի կենտրոնից բերման են ենթարկել ապօրինի կերպով զենք կրելու կասկածանքով: Նրա հետ միասին Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչություն բերման է ենթարկվել եւս 3 անձ: Ավելի ուշ Ալեքսանդր Սարգսյանն ազատ է արձակվել:

Ազգային անվտանգության ծառայությունն էլ այսօր բերման է ենթարկել Հայաստանի պետական պահպանության ծառայության պետի նախկին առաջին տեղակալին: Վաչագան Ղազարյանը ձերբակալվել է: Ղազարյանին կասկածում են ապօրինի հարստանալու, ինչպես նաեւ հայտարարագրերում կեղծ տվյալներ ներկայացնելու եւ հայտարարագրման ենթակա տվյալները թաքցնելու մեջ: Նշենք, որ «Յանս» ռեստորանային համալիրի գործով խուզարկություններ էին կատարվել նաեւ Ղազարյանի տանը:  

Նոր զարգացումներ գեներալ Մանվել Գրիգորյանի գործով: Հանգստյան օրերին Հատուկ քննչական ծառայությունը մեղադրանք է առաջադրել ԵԿՄ նախկին նախագահի որդուն՝ Կարեն Գրիգորյանին: Նա Էջմիածնի քաղաքապետն էր եւ հոր ձերբակալությունից ժամեր անց հրաժարական էր տվել: Պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ Կարեն Գրիգորյանը մեղադրվում է ապրիլյան պատերազմի օրերին Ռուսաստանի հայերի կողմից որպես օգնություն ուղարկված մեքենաները հոր հետ յուրացման եղանակով հափշտակելու մեջ: Գեներալի որդին ստորագրությամբ ազատ է արձակվել: Այսօր հայտնի դարձավ նաեւ, որ քննիչը որոշում է կայացրել ձերբակալել Մանվել Գրիգորյանի կնոջը: Հատուկ քննչական ծառայությունը դեռ չի հայտնում, թե ինչի մեջ է կասկածվում Նազիկ Ամիրյանը:

Մեկ այլ բացահայտում էլ Արցախի ոստիկանությունն է արել: Առանձնապես խոշոր չափի յուրացում կատարելու դեպքով հարուցված քրեական գործի շրջանակում պարզվել է, որ 2016 թվականի ապրիլին ԵԿՄ ղեկավար կազմը յուրացնելու նպատակով տարբեր կազմակերպություններից եւ քաղաքացիներից հափշտակել է ապրիլյան պատերազմի օրերին որպես օգնություն տրված պարենային ապրանքներ, սննդամթերք, ծխախոտ, որոնք պահել է Ասկերանի «Միրզաջան» կոչվող տարածքում գտնվող «Ջի Էս պլյուս» ընկերության պահեստում:

Պաշտպանության նախարարության զորամասերից մեկի մարտական դիրքերում հունիսի 22-ին պայմանագրային զինծառայողի դի է հայտնաբերվել: Հովհաննես Մելքոնյանի դին գտել են որովայնի շրջանում հրազենային վիրավորումով: Զինծառայողի մահվան հանգամանքները պարզվում են: Հարուցված քրեական գործի շրջանակում ձերբակալվել է վաշտի հրամանատարի տեղակալը: Իրավապահները փաստական տվյալներ ունեն, որ հենց նա է կրակել Մելքոնյանի ուղղությամբ, ընդ որում՝ ոչ թե իր, այլ վաշտի մեկ այլ պայմանագրային զինծառայողին ամրակցված ինքնաձիգից:

Նշենք, որ զոհված զինծառայողը 45 տարեկան էր, 3 երեխաների հայր: Նա Արմավիրի մարզի Ակնալիճ գյուղից էր: Համայնքապետն ասում է՝ Մելքոնյանները սոցիալապես ծանր պայմաններում են ապրում. տուն չունեն, բնակվում են փայտե տնակում:

Բաքուն Արցախում դիվերսիայի փորձ է արել: Արցախի պաշտպանության նախարարությունը տեղեկացնում է, որ 6 հոգանոց խումբը դիվերսիոն-հետախուզական փորձ է ձեռնակվել Ակնայի՝ նախկին Աղդամի ուղղությամբ: Արցախի զինուժին, սակայն, հաջողվել է հետ շպրտել ադրբեջանցի հատուկջոկատայիններին: Անցյալ շաբաթվա ընթացքում ադրբեջանական կողմը շարունակել է նաեւ սպառազինության եւ ռազմական տեխնիկայի ակտիվ տեղաշարժեր իրականացնել:

Մինչ այդ, հայկական կողմին անհանգստացնում է ադրբեջանական սպառազինությունում Bell-412 ուղղաթիռների հայտնվելու մասին լուրը: Ըստ տեղեկությունների՝ Բաքուն պատրաստվում է ամերիկյան արտադրության ուղղաթիռները ներկայացնել առաջիկա օրերին նախանշված զորահանդեսի ժամանակ: Ազգային ժողովի փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանն այդ առիթով նամակով դիմել է ԱՄՆ Կոնգրեսի հայ-ամերիկյան բարեկամության խմբի համանախագահին՝ խնդրելով հայտնել, թե ինչպես են այդ ուղղաթիռները հայտնվել Ադրբեջանի ենթակայության տակ: ԱՄՆ Սենատի եւ Կոնգրեսի ղեկավարներին էլ այդ առիթով նամակ է ուղղել Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը:

«Զինված խմբի» գործով ամբաստանյալներից Վահան Շիրխանյանի խափանման միջոցը նույնպես փոխվեց: Դատավոր Արմեն Բեկթաշյանը որոշել է պատգամավորների անձնական երաշխավորությամբ ազատ արձակել պաշտպանության նախկին փոխնախարարին: Նշենք, որ անձնական երաշխավորություն էին ներկայացրել ԱԺ «Ելք» խմբակցությունից Սասուն Միքայելյանն ու Հովիկ Աղազարյանը: Հիշեցնենք, որ նախորդ նիստերի ժամանակ էլ ազատ էին արձակվել այս գործով անցնող Գառնիկ Մարգարյանը, Էդուարդ Ներսիսյանը՝ Ապարը եւ Խաչիկ Ավետիսյանը՝ Զիմը:

Թուրքիայում հունիսի 24-ին տեղի ունեցած նախագահական ու խորհրդարանական ընտրություններում Էրդողանին հաջողվել է 52.5 տոկոս ձայն ստանալ եւ վերընտրվել նախագահի պաշտոնում: Իսկ նրա գլխավորած «Արդարություն եւ զարգացում» կուսակցությունը թեեւ կորցրել է Մեջլիսում բացարձակ մեծամասնությունը, սակայն «Ազգայնական շարժում» կուսակցության հետ դաշինքի շնորհիվ, այնուամենայնիվ, կարողացել է մեծամասնություն ստանալ: Էրդողանի կուսակցությունը նախկին 317-ի փոխարեն նոր խորհրդարանում կունենա 295 տեղ։

Ուշագրավ է քրդական «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության գրանցած արդյունքը. 67 պատգամավոր՝ նախկին 59-ի փոխարեն: Այս կուսակցությունը Դիարբեքիրում պատգամավորի թեկնածու էր առաջադրել հայազգի Կարո Փայլանին, որը հաջող քարոզարշավով ապահովել է իր ու իրեն առաջադրած կուսակցության հաղթանակը: Պատգամավորի հայ թեկնածուներից Մարգար Եսայանը, ով առաջադրվել էր Ստամբուլում, Էրդողանի կուսակցության կողմից, նույնպես վերընտրվել է:

Նշենք, որ ընտրությունները Թուրքիայում անցել են մեծաթիվ ընտրախախտումների, անկարգությունների եւ բախումների պայմաններում: Էրզրումում էլ ընդդիմադիր գործիչներ են սպանվել, օտարերկրյա դիտորդներ են ձերբակալվել:

Հունիսի 8-ից անհետ կորած համարվող 14-ամյա Հայկին նկատել են Երեւանում՝ Վաղարշյան փողոցի սուպերմարկետներից մեկի մոտ: Տղայի որոնողական աշխատանքները վերսկսվել էին հունիսի 22-ին: ԱԻՆ-ը տեղեկություն էր ստացել, որ Հայկին նկատել են Աբովյան քաղաքում՝ կինոյի տան մոտակայքում: Նշենք, որ 14-ամյա Հայկ Հարությունյանն Այնթապ գյուղից է: Նա աուտիզմ ունի: Տղան տանից դուրս է եկել կանաչ շապիկով եւ կիսատաբատով: Անարդյունք որոնողական աշխատանքների 10-րդ օրը՝ հունիսի 18-ին, գլխավոր դատախազությունում սպանության հատկանիշներով քրեական գործ է հարուցվել:

Դոլարը, եվրոն եւ ռուբլին աննշան թանկացել են: Հունիսի 25-ին դոլարի փոխարժեքը կազմել է 482 դրամ, եվրոյինը՝ 561, ռուբլունը՝ 7 դրամ 67 լումա, ֆունտինը՝ 638 դրամ:

Հունիսի 26-30-ը հանրապետությունում սպասվում է առանց տեղումների եղանակ: Օդի ջերմաստիճանը 4-5 աստիճանով կբարձրանա: Երեւանում նույնպես վաղը տեղումներ չեն լինի: Մայրաքաղաքում գիշերը կդիտվի +20+22, ցերեկը՝ +34+36 աստիճան տաքություն:

Source: X

Մասին News.am

Կարդացեք նաև

Սանասարյան Դավիթն ասել է. «Պողոսյանի մասով որևէ բան չկա, բայց դե հոկտեմբերի 2-ին Ազգային ժողովում շեֆի հետ լավ չի խոսել» .«Իրատես»

«Իրատես» թերթը գրում է. «Ասում են, թե օրերս հետախուզում կհայտարարվի՝ ԴԱՀԿ-ի նախկին պետ, գեներալ-լեյտենանտ Միհրան …