Սկիզբ / Պատահարներ / Բարձր ջերմաստիճանի պատճառով մեծանում է հրդեհների առաջացման վտանգը. ԱԻՆ-ը զգուշացնում է

Բարձր ջերմաստիճանի պատճառով մեծանում է հրդեհների առաջացման վտանգը. ԱԻՆ-ը զգուշացնում է

Ամառային ամիսներին հրդեհավտանգ իրավիճակները մեծամասամբ պայմանավորված են մարդկային գործոնով: Մեկ անզգույշ քայլը կարող է անդառնալի հետեւանքների հանգեցնել: Հանրապետությունում ամառային եղանակին ջերմաստիճանի բարձրացման պատճառով անտառային եւ հարակից բուսածածկ տարածքներում մեծանում է հրդեհների առաջացման եւ տարածման վտանգը:

Հրդեհները լուրջ վտանգ են ներկայացնում անտառային հարուստ կենսաբազմազանության, այդ թվում` նաեւ հազվագյուտ եւ անհետացման եզրին գտնվող բուսական եւ կենդանական տեսակների համար: Քանի որ բուսածածկ տարածքների հրդեհները զգալիորեն փոխում են մթնոլորտի կազմը, ապա անխուսափելիորեն ազդում են նաեւ մարդկանց առողջության վրա` վնասելով շնչառական օրգանները եւ արյան շրջանառության համակարգը:

Հրդեհների կանխարգելման նպատակով արգելվում է`

վառել խարույկներ: Խիստ անհրաժեշտության դեպքում դա կարելի է անել բաց տարածքներում` շրջապատելով այն 0,5 մետրից ոչ պակաս միներալիզացված շերտով, իսկ վերջում հանգցնել ջրով կամ ծածկել հողով.

նետել հրդեհավտանգ ժամանակահատվածներում անտառային եւ բուսածածկ տարածքներում այրվող լուցկի, չմարված ծխախոտի մնացորդ.

որսի համար օգտագործել դյուրավառ եւ մարմրող նյութերից փամփուշտի խիցեր.

ավտոմեքենաները լիցքավորել վառելիքով` աշխատող շարժիչների դեպքում.

շահագործել անսարք սնուցման համակարգով մեքենաներ.

ծխել եւ օգտվել բաց կրակից վառելիքով լիցքավորված մեքենաների շրջակայքում.

կատարել չոր խոտի, խոզանի այրում (բացի վերահսկելի այրումներից, որոնք իրականացվում են սահմանված կարգով, որոշակի ժամանակահատվածներում` տեղական իշխանությունների թույլտվությամբ).

արեւով լուսավորվող բացատներում թողնել շշեր, ապակու կտորներ, քանի որ դրանք կարող են ֆոկուսացնել ճառագայթներն ու աշխատել որպես հրկիզող լինզաներ.

թողնել (թափել) քսայուղով, բենզինով, կերոսինով եւ այլ դյուրավառ հեղուկներով ներծծված լաթեր (բացի հատուկ հատկացված տեղերից) եւ այլն:

Բուսածածկ տարածքների հրդեհների առաջացման տարածված պատճառներից են  ծխելուց անզգուշությունը եւ երեխաների խաղը կրակի հետ: Ծնողները պետք է միշտ հիշեն, որ անուշադրության մատնված երեխան կարող է հրդեհի առաջացման պատճառ, իսկ երբեմն էլ` դրա անմիջական զոհը դառնալ:

Կարեւոր է իմանալ նաեւ անտառային հրդեհների ժամանակ կատարվելիք ճիշտ գործողությունները: Մասնավորապես՝ եթե հայտնաբերվել է հրդեհի փոքր օջախ, պետք է փորձել հանգցնել այն: Դրա համար անհրաժեշտ է օգտագործել սաղարթավոր ծառերի տեսակների կամ մատղաշ ծառերի ճյուղերի կապուկ, թաց հագուստ, ամուր գործվածքի կտոր: Կրակի եզրաշերտին կողքից` հրդեհի օջախի կողմը սահող հարվածներ հասցնել, ասես ավլելով, սրբելով կրակը: Ճյուղերը, գործվածքի կտորը յուրաքանչյուր հարվածից հետո շրջել, որպեսզի դրանք այդ ձեւով սառչեն ու չայրվեն: Ոչ մեծ կրակը կարելի է տրորել ոտքերով՝  թույլ չտալով, որ այն տարածվի ծառերի բներն ու սաղարթները: Մարելով փոքր հրդեհը՝ կարելի է հեռանալ միայն համոզվելով, որ կրակը նորից չի բորբոքվի:

Անտառային հրդեհի գոտում հայտնվելիս անհրաժեշտ է որոշել քամու ու կրակի տարածման ուղիները, շարժվել կրակի տարածմանը զուգահեռ, դեպի անվտանգ տեղ (գետ, առվակ, այլ ջրամբար): Եթե հնարավոր չէ դուրս գալ հրդեհի գոտուց, պետք է փորձել մտնել մոտակա ջրամբարը, ծածկվել թաց հագուստով, բերանն ու քիթը պաշտպանել թաց դիմակով: Դուրս գալով անվտանգ տեղ՝ հրդեհի տեղի ու ժամանակի, ինչպես նաեւ դրա հնարավոր պատճառների մասին պետք է հայտնել ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայությանը՝ ահազանգելով 911 հեռախոսահամարով կամ տեղեկացնել ՀՀ բնապահպանության նախարարության անտառային պետական կոմիտեին: Առավել հրդեհավտանգ ժամանակահատվածներում խորհուրդ է տրվում ճանապարհներին (անտառի մուտքի մոտ) ստեղծել հսկիչ կետեր` վարորդներին ու բնակիչներին հրդեհային անվտանգության կանոնների պահպանման մասին նախազգուշացնելու նպատակով:

Ոչ մի վերահսկողություն եւ տեխնիկա ցանկալի արդյունք չի տա, եթե հենց իրենք` քաղաքացիները, չգիտակցեն մեր ընդհանուր հարստության պահպանման խնդրի կարեւորությունը:

Միաժամանակ տեղեկացնում ենք, որ գործող օրենսդրությամբ քրեական եւ առանձնապես խոշոր չափերի հասնող նյութական պատասխանատվություն է սահմանված ինչպես դիտավորությամբ, այնպես էլ` անզգուշությամբ անտառային տարածքներին վնաս պատճառելու համար:

Source: X

Մասին News.am

Կարդացեք նաև

Սոչիում հրդեհի ժամանակ զոհվածները տան տիրոջը հյուր էին եկել Հայաստանից

Երկուշաբթի առավոտյան Սոչիում հրդեհի ժամանակ զոհվածները բնակվել են կիսակառույց շենքում, նրանցից կեսը տան տիրոջը հյուր …