Չորեքշաբթի , Մայիսի 22 2019
Սկիզբ / Քաղաքականություն / Նիկոլ Փաշինյանն ընդունել է ՊՊԾ գնդի գրավման ժամանակ զոհված ոստիկանների ընտանիքներին

Նիկոլ Փաշինյանն ընդունել է ՊՊԾ գնդի գրավման ժամանակ զոհված ոստիկանների ընտանիքներին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է 2016 թվականին ՊՊԾ գնդի գրավման ժամանակ զոհված ոստիկանների ընտանիքների անդամներին եւ լսել նրանց բարձրացրած խնդիրներն ու մտահոգությունները:

«Լիարժեք կիսում եմ ձեր վիշտը եւ կարծում եմ՝ դա բոլորիս վիշտն է, որովհետեւ ես միշտ եղել եմ այն կարծիքին, որ ներհայաստանյան խնդիրների լուծման առումով մենք չպետք է ունենանք բռնության որեւէ դրսեւորում: Նաեւ ուրախ եմ, որ այն հեղափոխությունը, որն իրականացրեցինք, տեղի ունեցավ առանց որեւէ բռնության եւ մի կաթիլ արյան: Ընդհանրապես, երկար ժամանակ Հայաստանում այդ բանավեճը եղել է՝ արդյո՞ք հնարավոր են փոփոխություններ առանց բռնության: Ես միշտ եղել եմ այն կարծիքին, որ դրանք հնարավոր են, եւ ուրախ եմ, որ ի վերջո կարողացանք նաեւ դա ապացուցել»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետը հավելել է, որ ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու կյանքն իր համար բարձրագույն եւ բացարձակ արժեք է, եւ խնդիրներն ընկալում է հենց այդպես: «Կարծում եմ, որ մեր գործունեությունը դա ապացուցել է: Մենք կարեւոր ենք համարում նաեւ հանրային համերաշխության վերականգնումը, եւ այդ առումով իրական համերաշխությունն այն է, երբ լսելի են բոլոր կողմերը, լսելի են բոլոր տեսակետները, հաշվի են առնված բոլոր մարդկանց շահերը, հույզերը եւ զգացմունքները: Այս առումով, կարեւոր եմ համարում հանդիպումը եւ շփումը ձեզ հետ»,- նշել է վարչապետը:

Անդրադառնալով դատական գործընթացին՝ Նիկոլ Փաշինյանն ընդգծել է. «Ես՝ որպես վարչապետ հայտարարել եմ, որ ընդհանրապես դատարանների գործունեությանը որեւէ միջամտություն չեմ ունենալու, որովհետեւ կարծում եմ, որ դա սխալ է եւ հենց այդ գործելակերպի պատճառով է նաեւ, որ մենք բազմաթիվ խնդիրներ ենք ունեցել: Բայց ինձ համար կարեւոր է նաեւ, որ մեր երկրում յուրաքանչյուր քաղաքացու իրավունքը պաշտպանված լինի, իսկ իրավունք ունեն բոլոր քաղաքացիները: Իհարկե, ինքս էլ պրոցեսներին հետեւում եմ եւ իմ քաղաքական դիրքորոշումներն արդեն արտահայտել եմ, որոնք, կարծում եմ, եղել են հավասարակշռված, այսինքն՝ չի եղել մի հայտարարություն, որը հաշվի կառնի քաղաքացիների մի մասի շահերը, իսկ մյուսինը՝ ոչ: Ինձ համար կարեւոր էր լսել ձեր տեսակետները, դիրքորոշումները, որոնք դատավճիռ չեն կարող դառնալ, որովհետեւ ես դատավճիռ կայացնող չեմ եւ ոչ էլ կցանկանամ հայտնվել այդպիսի կարգավիճակում, բայց զուտ ընդհանուր պատկերացում ունենալու համար, թե դուք ինչ եք մտածում այս իրավիճակի մասին, շատ կարեւոր էր լսել ձեզ: Եթե հետագայում էլ լինի անհրաժեշտություն՝ պատրաստ եմ կրկին հանդիպել»,- ասել է կառավարության ղեկավարը: Նա զոհված ոստիկանների ընտանիքների անդամներին հորդորել է օգտվել դատավարական իրավունքներից, քանի որ դրանց պաշտպանության տեղը դատարանն է:

«Այն մարմիններին, որոնք ենթարկվում են վարչապետին, կտամ հանձնարարականներ, որպեսզի ձեր բարձրացրած որոշ խնդիրներով զբաղվեն: Կիսում եմ ձեր եւ տարբեր պատճառներով մեր հանրության մեջ առկա ցավը: Ցավոք, մեր երկրում կան շատ խնդիրներ եւ հույս ունեմ, որ այս իրավիճակում կկարողանանք բոլորս գալ ժողովրդի, պետության, օրինականության շահերից բխող եզրակացությունների եւ լուծումների»,- եզրափակել է Նիկոլ Փաշինյանը: 

Source: X

Մասին News.am

Կարդացեք նաև

ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանի եւ Նիկոլ Փաշինյանի հարաբերություններում էլ ամեն ինչ հարթ չէ.«Իրատես»

«Իրատես» թերթը գրում է. «Պետական վերահսկողության ծառայության պետ Դավիթ Սանասարյանի շուրջ ստեղծված իրավիճակը ներիշխանական կյանքում …