Երեքշաբթի , Ապրիլի 23 2019
Սկիզբ / Քաղաքականություն / ՀԱԿ-ը կոչ է անում ուսումնասիրել Ռոբերտ Քոչարյանի` արտակարգ դրություն հայտարարելու հրամանագրի իրավաչափությունը

ՀԱԿ-ը կոչ է անում ուսումնասիրել Ռոբերտ Քոչարյանի` արտակարգ դրություն հայտարարելու հրամանագրի իրավաչափությունը

Հայ Ազգային Կոնգրեսը Մարտի 1-ի բացահայտման հետ կապված հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ կոչէ  անում քննության առարկա դարձնել Ռոբերտ Քոչարյանի`մարտի 1-ի՝ արտակարգ դրություն հայտարարելու հրամանագրի իրավաչափությունը:

Հայտարարությունում ասվում է.

«2018թ. Հայաստանում տեղի ունեցած Թավշյա հեղափոխությունից հետո նոր կառավարությունը հայտարարեց, որ իրավապահ մարմինները չբացահայտված հանցագործություններից առաջնահերթություն են տալու 2018թ. մարտի 1-2-ին տեղի ունեցած իրադարաձությունների լրիվ, բազմակողմանի ու օբյեկտիվ քննությանը, բացահայտելու են սպանությունների հետ կապված հանգամանքները, դրանց անմիջական կատարողներին եւ հրաման տվողներին, այդ ողբերգության իրական կազմակերպիչներին: Հունիսի 15-ին հայտարարությամբ հանդես եկավ նաեւ ՀՀ Հատուկ քննչական ծառայությունը՝ դիմելով ՀՀ քաղաքացիներին, որպեսզի նախաքննական մարմնին ներկայացնեն իրենց հայտնի տեղեկությունները:

Ողջունելով այս ուղղությամբ կառավարության ձեռնարկած քայլերը, Հայ Ազգային Կոնգրեսը հույժ կարեւոր է համարում մարտիմեկյան իրադարձությունների համակողմանի քննությունը եւ ամբողջական բացահայտումը` ՀՀ Հատուկ քննչական ծառայության ուշադրությունը հրավիրելով հետեւյալ փաստերի վրա: Մարտի 1-ի դեպքերը հաջորդեցին 2008թ-ի փետրվարի 19-ի նախագահական ընտրությունների արդյունքները վերանայելու պահանջով ավելի քան տասը օր տեւած բողոքի բազմահազարանոց խաղաղ ցույցերին։

Կոնգրեսի համոզմամբ այն այլ բան չէր, քան ընտրակեղծիքների դեմ ընդվզած համաժողովրդական բողոքի ցույցերը զենքի ուժով ճնշելու միջողով իշխանությունը յուրացնելու ամփոփիչ գործողություն, որը նախապես մանրամասն ծրագրված էր վարչախմբի կողմից։ Պետական ամբողջ մեքենան, բոլոր ճյուղերով` գործադիր, օրենսդիր եւ դատական, ամբողջ իրավապահ համակարգը` ոստիկանությունը, դատախազությունը, ԱԱԾ-ն, ինչպես նաեւ բանակը, ապօրինաբար ներգրավվեցին ոճրագործության իրականացմանը։

Ուստի Հայ Ազգային Կոնգրեսը պահանջում է քննության առարկա դարձնել, իրավական գնահատական տալ եւ պատժել այդ հանցագործությանը մասնակից բոլոր կազմակերպիչներին, պատասխանատուներին եւ կատարողներին։ Այդ նպատակով քննությամբ հատուկ պետք է ուսումնասիրվեն հետեւյալ փաստերը՝

– 2008թ. մարտի 1-ին խաղաղ ցուցարարների վրա կրակ բացելու գործողության հրամանի ամբողջ շղթան. կրակողներից կամ հատուկ միջոցներ կիրառողներից մինչեւ կրակ բացելու հրաման տվողների ամենավերին ատյանը,

– Ռոբերտ Քոչարյանի` 2008թ. մարտի 1-ի՝ արտակարգ դրություն հայտարարելու հրամանագրի իրավաչափությունը եւ սահմանադրականությունը,

– Իրադարձություններից դեռեւս 7 օր առաջ՝ 24.02.2008թ., ՀՀ ԱԱԾ քննչական վարչության ավագ քննիչ Մ. Մարուքյանի կողմից հարուցված՝ «Լեւոն Տեր-Պետրոսյանի եւ մի խումբ անձանց կողմից պետական իշխանությունը յուրացնելու փաստի առթիվ» հարուցված թիվ 58200608 քրեական գործի հիմնավորվածությունը եւ օրինականությունը,

– 2008թ. մարտի 1-ի առավոտյան Երեւանի Ազատության հրապարակում  ոստիկանության գործողությունների (հավաքի ցրում, խուզարկություն) օրինականությունը,

– ՀՀ ՊՆ 23.02.2008թ՝ բանակը ներքաղաքական գործընթացներին ներգրավելու վերաբերյալ թիվ N0038 գաղտնի հրամանի հիմքերը եւ սահմանադրականությունը,

– ՀՀ Նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանի նախընտրական շտաբի պետ Ալեքսանդր Արզումանյանի նկատմամբ  հեռախոսային խոսակցությունների վերահսկման, նամակագրության, փոստային, հեռագրական եւ այլ հաղորդումների վերահսկման, արտաքին դիտում եւ ներքին դիտում իրականացնելու վերաբերյալ ՀՀ ԱԱՇ ՍԿՊ եւ ԱՊԳՎ պետ, գեներալ-մայոր Զ. Նանյանի միջնորդության եւ դատարանի որոշման օրինականությունը,

– 2008թ. մարտի 1-ին հարուցված թիվ 62202508 (քննիչ՝ Վ. Հարությունյան) եւ 62202608 (ՀՔԾ պետ՝ Ա. Միրզոյան)՝ «Լեւոն Տեր-Պետրոսյանի եւ նրա աջակիցների կողմից իշխանության ներկայացուցիչների նկատմամբ բռնություն գործադրելու» եւ « Լեւոն Տեր-Պետրոսյանի եւ նրա աջակիցների կողմից զանգվածային անկարգություններ կազմակերպելու» վերաբերյալ քրեական գործերի հիմնավորվածությունը եւ օրինականությունը,

– ՀՀ Հատուկ քննչական ծառայության պետի 2008թ. մարտի 5-ի՝ Նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանի աջակիցների նկատմամբ փաստացի հետապնդումներ եւ հալածանքներ սկսելու վերաբերյալ “Քննչական հանձնարարության” օրինականությունը եւ դրա հետ առնչված՝ հազարավոր անձանց ապօրինաբար բերման ենթարկելու եւ ձերբակալելու դեպքերը,

– էստ էության մարտիմեկյան սպանդը համակարգելու նպատակով Ռոբերտ Քոչարյանի կողմից 2008թ. մարտի 1-ին կառավարությունում ձեւավորված անօրինական «օպերատիվ շտաբի» գործունեությունը եւ կազմը,

– Քննության առարկա դարձնել ՀՀ Նախագահի հրամանով ստեղծված փաստահավաք խմբի անդամներ Անդրանիկ Քոչարյանի եւ Սեդա Սաֆարյանի կողմից ստորագրված թվով 5 զեկույցները.

o Համլետ Թադեւոսյանի սպանության հանգամանքները (29 ապրիլի 2009թ.)

o Հատուկ միջոցների կիրառման հետ կապված փաստերի ուսումնասիրության արդյունքները (19 հուլիսի 2009թ.)

o ՀՀ ՈՍ թիվ 1033 զորամասի 2-րդ գումարտակի զինծառայող Տիգրան Աբգարյանի մահվան հանգամանքները (29 հուլիսի 2009թ.)

o Մարտիմեկյան իրադարձություններին օրենքով չնախատեսված զինված միավորումների ստեղծման եւ ներգրավման վերաբերյալ (24 օգոստոսի 2009թ.)

o Բանակի ներգրավումն ու մասնակցությունը հետընտրական գործընթացներին եւ մարտի 1-2-ի իրադարձություններին (14 մայիսի 2010թ.),

✓ Հատուկ քննության եւ նոր փորձաքննության առարկա դարձնել Մարտի 1-ի գիշերը Երեւանի Գրիգոր Լուսավորիչ-Մաշտոցի պողոտա հատման վայրում առկա արյան լճակի եւ մարմնի մասերի տեսանյութերը,

✓ Մարտի 1-ի գործերը քննող դատավորների, դատախազների, քննիչների կայացրած իրավական ակտերի եւ վճիռների օրինականությունը, նրանց նկատմամբ բարձրագույն իշխանության կողմից գործադրված ճնշումների հանգամանքները,

✓ 2008թ. ՀՀ Նախագահի ընտրությունների մեկնարկից սկսած ՀՀ Նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանի մի քանի հազարի հասնող կողմնակիցներին ճնշումների գործադրմամբ աշխատանքից ազատելու, ինչպես նաեւ տնտեսական բնույթի հետապնդումների ենթարկելու դեպքերը։

Կոնգրեսը նաեւ կոչ է անում կառավարությանը` քննարկել քննությանը միջազգային փորձագետներ ներգրավելու, ինչպես նաեւ` Հայ Ազգային Կոնգրեսի ներկայացուցչին ընդգրկելու հարցը:

Նույնաբովանդակ հայտարարություն այսօր ներկայացվել է նաեւ ՀՀ Հատուկ Քննչական ծառայություն»:

Source: X

Մասին News.am

Կարդացեք նաև

Վանեցյանն ընդդեմ Սանասարյանի, թե՞ հակառակը․ Hayeli

«Հայելի»-ն գրում է. Պետական վերահսկողական ծառայությունը տարածել է հեմոդիալիզի պարագաների գնման գործընթացի մշտադիտարկումների և ուսումնասիրությունների …