Չորեքշաբթի , Դեկտեմբերի 19 2018
Սկիզբ / Տնտեսություն / Ո՞ւմ եւ ինչպես են բաժին հասնում պետական սահմանափակ ռեսուրսները. ՏՄՊՊՀ բացահայտումները

Ո՞ւմ եւ ինչպես են բաժին հասնում պետական սահմանափակ ռեսուրսները. ՏՄՊՊՀ բացահայտումները

ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը իրականացրել է ուսումնասիրություն, պարզելու, թե ինչ սկզբունքներով են պետական տարբեր գերատեսչությունների կողմից տրամադրվում բացառիկ լիցենզիաների, համաձայնությունների եւ քվոտաների թույլտվությունները:

ՏՄՊՊՀ-ից NEWS.am-ին հայտնում են, որ մասնավորապես, խոսքը վերաբերում է ասենք, ձկան եւ խեցգետնի արդյունահանմանը, հանքերի շահագործմանը, անտառահատմանը, պետական գույքի վարձակալությանը, Սեւանի ափամերձ տարածքների վարձակալմանը, դպրոցներում սննդի կազմակերպման համար տարածքների տրամադրմանը, բացօթյա առեւտրի կազմակերպմանը, արտաքին գովազդային վահանակների տեղադրմանը եւ այլն:

Հանձնաժողովն ուսումնասիրել է 27 պետական մարմինների կողմից վերոնշյալ թույլտվությունների տրամադրման գործընթացները, որի շրջանակներում դիտարկվել է շուրջ 600 իրավական ակտ: Արդյունքում, ՀՀ ՏՄՊՊՀ-ն բացահայտել է ոչ մրցակցային հիմունքներով, առանց մրցութային կարգի իրականացվող 45 գործառույթներ, որոնց մասով առկա են 3 հիմնական խնդիրներ.

Եվ այսպես.

1. Տարբեր գերատեսչությունների կողմից սահմանափակ ռեսուրսներից օգտվելու թույլտվությունների տրամադրում Առանձնացված կարեւորագույն խնդիրներից մեկը վերաբերում է պետական մարմինների կողմից պետությանը պատկանող սահմանափակ ռեսուրսների օգտագործման իրավունքների ոչ մրցակցային կարգով տրամադրմանը:

Օրինակ, առեւտրային նպատակով ձկան, խեցգետնի եւ այլ պաշարների, ինչպես նաեւ օգտակար հանածոների արդյունահանումը մեր երկրում համարվում է սահմանափակ ռեսուրսի օգտագործում: Տվյալ թույլտվությունը ստանալու համար, սահմանված կարգի համաձայն, հայտատուն պետք է ներկայացնի դիմում, որի հիման վրա էլ առանց կոնկրետ չափորոշիչների, լիազոր պետական մարմինը նախապատվությունը, տվյալ պարագայում բիզնես գործունեություն իրականացնելու իրավունքը տալիս է իր նախընտրած հայտատուին:

Այսինքն, ստացվում է, որ, որոշ տնտեսվարողներ կամայական կերպով հնարավորություն են ստանում օգտվելու պետական սահմանափակ ռեսուրսներից, իրականացնել բիզնես գործունեություն, իսկ մյուսները հայտնվում են անհավասար մրցակցային պայմաններում:

Կամ, ասենք, տեղական ինքնակառավարման մարմինների կողմից բացօթյա առեւտրի կամ հանրային սննդի կազմակերպման համար տարածքների տրամադրման գործընթացի ժամանակ եւս մրցույթներ չեն հայտարարվում եւ դարձյալ կամայական կերպով մի դիմողի հայտը կարող է բավարարվել, իսկ մյուսինը՝ ոչ: Նման երեւույթները բազմաթիվ են եւ Հանձնաժողովի գնահատմամբ կարող են էապես բացասաբար անդրադառնալ մրցակցային ընդհանուր իրավիճակի վրա:

2. Պետական գերատեսչությունների ենթակայության տակ գործող կառույցների կողմից բիզնես գործառույթների իրականացումը Ուսումնասիրության ընթացքում բացահայտվել են նաեւ խնդիրներ, որոնք վերաբերում են պետական գերատեսչությունների կամ նրանց ենթակայությամբ գործող մարմինների կողմից ձեռնարկատիրական գործունեության իրականացմանը: Մի շարք դեպքերում առեւտրային գործունեությամբ զբաղվող մասնավոր ընկերությունը հայտնվել է անհավասար մրցակցային պայմաններում՝ նույն գործունեությամբ զբաղվող պետական մարմնի նկատմամբ:

Օրինակ՝ ՀՀ գյուղատնտեսության նախարարության «Հայանտառ» ՊՈԱԿ-ը մատուցում է ծառայություններ հանգստի եւ զբոսաշրջության հետ կապված, ՀՀ արդարադատության նախարարության «ՀՀ ԱՆ թարգմանությունների կենտրոն» ՊՈԱԿ-ը իրականացնում է վճարովի թարգմանչական գործունեություն, ՀՀ բնապահպանության նախարարության ‹‹Խոսրովի անտառ›› պետական արգելոց›› ՊՈԱԿ-ը իրականացնում է գիշերակացի տրամադրում:

Հարկ է նշել, որ վերոնշյալ կառույցները ֆինանսավորվում են ՀՀ պետական բյուջեի միջոցներից, չեն վճարում ձեռնարկատիրական գործունեության համար սահմանված հարկեր, տիրապետում են ավելի շատ ֆինանսական միջոցների, ինչի արդյունքում էլ մրցակցային առավելություններ են ստանում նույն գործունեությամբ զբաղվող մասնավոր ընկերությունների հանդեպ:

3.Պետությանը պատկանող գույքի օտարման կամ վարձակալության տրամադրումը Բացահայտվել են նաեւ որոշակի խնդիրներ՝ պետական սեփականություն հանդիսացող գույքի եւ հողատարածքների վարձակալության կամ օտարմանը ոլորտում: Ինչպես գիտենք, այն իրականացվում է Պետական գույքի կառավարման վարչության, տեղական ինքնակառավարման մարմինների եւ այլ գերատեսչությունների կողմից:

Շատ դեպքերում, մրցույթները չեն անցկացվում հրապարակային եւ տեղեկատվությունը ոչ բոլոր տնտեսվարողներին է լինում հասանելի: Օրինակ, ԲՈՒՀ-երում, դպրոցներում կամ այլ ուսումնասական հաստատություններում բուֆետների տարածքների տրամադրումը:

ՀՀ ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանն իր խոսքում նշեց, որ պետական մարմինների կողմից թույլատվությունների եւ լիցենզիաների տրամադրումը պետք է իրականացվի բացառապես մրցակցային հիմունքներով՝ ստեղծելով հասանելի եւ հավասար պայմաններ բոլոր մասնակիցների համար, ինչպես նաեւ լինեն թափանցիկություն եւ հրապարակայնություն. «Պետական սահմանափակ ռեսուրսներից օգտվելու կամ գույք եւ հողատարածքներ վարձակալելու ցանկություն ունեցողները պետք է հնարավորություն ունենան տեղեկանալու առկա հնարավորությունների մասին, եւ, միաժամանակ, պետք է հայտերի հանձնման կամ դիտարկման ժամանակ բացառվեն հայեցողական մոտեցումների դրսեւորումները»:

Հանձնաժողովի նախագահը նաեւ ընդգծեց, որ ուսումնասիրությունները փաստում են, որ պետք է հնարավորինս բացառել գերատեսչությունների կամ վերջիններիս ենթակայությամբ գործող մարմինների կողմից առեւտրային գործունեության իրականացումը, ինչը կնպաստի մի շարք ոլորտներում բիզնեսի զարգացմանը»:

Ա. Շաբոյանը կարեւորեց նաեւ այն հանգամանը, որ այս մոտեցումը բխում է ոչ միայն քաղաքացու շահերից, որը հնարավորություն է ստանում թափանցիկ եւ նպաստավոր պայմաններով գործունեություն իրականացնելու, այլ նաեւ պետության, քանի որ հայտարարված մրցույթների կամ աճուրդների արդյունքում հնարավոր կլինի տվյալ ռեսուրսը օգտագործելու նախապատվությունը տալ առավել բարձր գին եւ բարենպաստ պայմաններ առաջարկող մասնակցին՝ էականորեն ավելացնելով բյուջեի եկամուտները:

Source: X

Մասին News.am

Կարդացեք նաև

Դավիթ Շահնազարյանը հրավիրվել է ԱԱԾ՝ իշխանությանը պետական դավաճանության մեջ մեղադրելու համար.Poliotik

Ս.թ. նոյեմբերի 27-ին «Հայելի ակումբ»-ում տեղի է ունեցել Դավիթ Շահնազարյանի մամլո ասուլիսը, որի ընթացքում անդրադառնալով …