Սկիզբ / Քաղաքականություն / ՀՀ-ԵՄ համաձայնագրի կիրարկումն ապահովող հանձնաժողովում ԱԺ-ից որեւէ մեկը ներգրավված չէ. Աշոտյանը մտահոգված է

ՀՀ-ԵՄ համաձայնագրի կիրարկումն ապահովող հանձնաժողովում ԱԺ-ից որեւէ մեկը ներգրավված չէ. Աշոտյանը մտահոգված է

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հուլիսի 2-ի որոշմամբ ստեղծված ՀՀ-ԵՄ համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրարկումն ապահովելու նպատակով ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովում խորհրդարանից որեւէ մեկը ներգրավված չէ: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀԿ փոխնախագահ, ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը:

Նա, մասնավորապես, գրել է.

«Լրատվական աղմուկի եւ օրվա PR-ի մեջ հասարակության ուշադրությունից վրիպեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի հուլիսի 2-ի որոշումը 2017 թվականի նոյեմբերի 24-ին ստորագրված` Հայաստանի եւ Եվրոպական Միության միջեւ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրարկումն ապահովելու նպատակով՝ միջգերատեսչական հանձնաժողով ստեղծելու մասին որոշումը:

Ասենք, որ այս որոշումը եւ սպասված էր, եւ ուշացած: Խնդրի կարեւորության մասին կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ Նիկոլ Փաշինյանին հարցն ուղղել եմ դեռ մայիսի 23-ին:

Նշված համաձայնագիրը անցումային կարգավորումներով ուժի մեջ է մտել հունիսի 1-ից եւ մեկուկես ամիս անց նրանով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովը վերջապես ձեւավորվեց: Փոխվարչապետերից հանձնաժողովի ղեկավար է նշանակվել Մհեր Գրիգորյանը:

Կարեւորում եմ այս որոշումը թե գործնական, այն է՝ Հայաստան-ԵՄ համաձայնագիրը թղթերի տրցակից գործողությունների վերածելու, թե քաղաքական՝ Նիկոլ Փաշինյանի՝ Բրյուսել կատարելիք այցի նախաշեմին, տեսակետներից:

Ծանոթանալով հանձնաժողովի կազմին՝ զարմացա, որ ի տարբերություն նախորդ նման հանձնաժողովի, որը ղեկավարում էր փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը եւ որի կազմում Ազգային Ժողովից ներկայացված էի ես՝ որպես արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ղեկավար, այս անգամ խորհրդարանից որեւէ մեկը ներգրավված չէ այս աշխատանքներում:

Ավելորդ չէ հիշեցնել, թե ինչպիսին է խորհրդարանի առաքելությունը այս համաձայնագրի արդյունավետ իրագործման մեջ՝

1. Ակնկալվող բազմաթիվ օրենսդրական փոփոխությունների քննարկում եւ ընդունում

2.Խորհրդարանական վերահսկողություն

3. ԵՄ-Հայաստան խորհրդարանական Գործընկերության հանձնաժողովի ստեղծում

4. Համաձայնագրի լիարժեք եւ արագ վավերացում եւ ազգային, եւ եվրոպական մակարդակներում:

5. Հանրային իրազեկում

6. Հասարակության ներգրավում

Հուսամ, ստեղծված վիճակը ոչ թե քաղաքական որոշման, այլ նախագիծը մշակող մարդկանց անփորձության եւ անուշադրության հետեւանք է: Եթե այդպես է, ապա այն շտկելի է, եթե ոչ՝ ապա որդեգրված գործելաոճը միայն խաթարելու է արտաքին դաշտում միասնական գործելու կարեւորությունը եւ ջլատելու է ներպետական ներուժը արտաքին քաղաքականության ասպարեզում»:

Source: X

Մասին News.am

Կարդացեք նաև

Մամուլի նկատմամաբ դիտավորյալ ձեռնարկված քայլերից մեկը․ կամ եկեք իշխանական դաշտ, կամ դուրս եկեք. «Հրապարակ»

    «Հրապարակ»-ը գրում է. Հայաստանի ժուռնալիստների միության նախագահ Սաթիկ Սեյրանյանը, խոսելով քաղաքապետարանի կողմից մի …