Կիրակի , Սեպտեմբերի 23 2018
Սկիզբ / Հայաստան / Օրվա գլխավոր լուրերը՝ «մեկ տողով». 11.07.2018

Օրվա գլխավոր լուրերը՝ «մեկ տողով». 11.07.2018

Ալեքսանդր Սարգսյանի որդին՝ Հայկ Սարգսյանը կալանավորվել է: Դատարան կալանքի միջնորդություն էր ներկայացվել դեռ երեկ երեկոյան: Հայկ Սարգսյանը մեղադրվում է 2007 թվականին Երեւանի բնակիչ Դավիթ Սիմոնյանի սպանության փորձի եւ ապօրինի կերպով զենք-զինամթերք ձեռք բերելու եւ կրելու մեջ:

Իսկ Ալեքսանդր Սարգսյանի մյուս որդին՝ Նարեկ Սարգսյանը դեռ հետախուզվում է: ԱԱԾ-ն նրա տանն ու հաշվառման վայրում խուզարկությունների արդյունքում զենք, թմրամիջոցներ, մեծ քանակությամբ կանխիկ գումար, Մարտիրոս Սարյանի գծանկարներ եւ այլ իրեր էր հայտնաբերել: Իրավապահների տեղեկություններով՝ Նարեկ Սարգսյանը Ռուսաստանում է, որտեղից պատրաստվում է որեւէ երկիր մեկնել: Փոխարենն այսօր իրավապահներին է ներկայացել ու կալանավորվել նրա թիկնապահ Արտեմ Պողոսյանը: Հուլիսի 6-ից հետախուզվող Պողոսյանը Երեւան է եկել Ռուսաստանից: Նրան ապօրինի զենք ու ռազմամթերք պահելու եւ կրելու, ինչպես նաեւ թմրամիջոցների ու հոգեմետ նյութերի ապօրինի շրջանառության եւ իրացման մեղադրանք է առաջադրվել:

Աշխատանքային այցով Բրյուսելում գտնվող Նիկոլ Փաշինյանն առաջին հանդիպումներն է ունենում: Վարչապետն այսօր Քարնեգի կենտրոնի փորձագետների ու Եվրամիության պաշտոնյաների հետ հանդիպմանը ներկայացրել է Հայաստանի ժողովրդավարական զարգացման իր տեսլականը, երկրում տեղի ունեցող փոփոխությունները, նաեւ պատասխանել Հայաստանի ներքին եւ արտաքին քաղաքականության ու Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորման վերաբերյալ հարցերի:

Այցի շրջանակում Փաշինյանը նաեւ կհանդիպի ԵՄ կառույցների ղեկավարների հետ, երկկողմ շփումներ կունենա մի շարք պետությունների եւ կառավարությունների ղեկավարների հետ, կմասնակցի ՆԱՏՕ-ի անդամ եւ ոչ անդամ պետությունների ու կառավարությունների ղեկավարների հանդիպմանը: Այստեղ նա հանդես կգա ելույթով:

Կառավարության առաջարկով այսօր Ազգային Ժողովն արտահերթ նիստ էր հրավիրել: Սա, ըստ երեւույթին, այս ամռան վերջին նիստն է, իսկ «արձակուրդային» տրամադրության մեջ գտնվող պատգամավորները մեծ դժվարությամբ կարողացան գրանցվել: Հետո էլ արդեն նիստի օրակարգի վերաբերյալ դժգոհություն հայտնեց ՀՀԿ-ական պատգամավոր Արմեն Աշոտյանը: Նա բողոքեց, որ չեն հասցրել հանձնաժողովում հավուր պատշաճի քննարկել նախագծերը:

Այսօրվա նիստի կարեւորագույն հարցը 2012-2017 թ.թ. ՃՈ տուգանքների համաներումն էր: Արդարադատության նախարարի խոսքով՝ կառավարությունն այս նախագծով ներելու է 150 հազար քաղաքացու տուգանքները, ընդհանուր առմամբ՝ 13.7 մլրդ դրամ: Արտակ Զեյնալյանն ընդգծեց, որ այս համաներման մեջ, այնուամենայնիվ, մի քանի իրավախախտումներ ներառված չեն:

Փաշինյանի կառավարության ներկայացրած օրինագիծը Հանրապետականների կողմից բուռն քննադատության արժանացավ: Նրանք նախ հետաքրքրվեցին՝ արդյո՞ք սա արդար է այն վարորդների նկատմամբ, որոնք բարեխղճորեն վճարել են բոլոր տուգանքները: Մյուս խնդրահարույց հարցը, ըստ նախկին իշխող կուսակցության, ժամկետներին եւ բացառություններին է վերաբերում:

«Ծառուկյան» խմբակցության պատգամավորներն էլ բարձրաձայնեցին կարմիր գծերի խնդրի մասին: Հնչած քննադատություններին արձագանքեց Արտակ Զեյնալյանը: Ինչ վերաբերում է մեղադրանքներին, թե սա անարդար է ժամանակին վճարած վարորդների նկատմամբ, նախարարն ընդգծեց, որ դա հավերժական վեճ է:

Չնայած քննադատություններին՝ Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց նախագիծը: Երկրորդ ընթերցմամբ քվեարկություն կլինի վաղը: Հավելենք, որ այսօրվա նիստում «Ծառուկյան» խմբակցության նոր պատգամավոր Հրանտ Դավթյանը երդվեց. փոխարինել է մանդատից հրաժարված Մերուժան Սիմոնյանին:

Երեւանի ավագանին վաղն արտահերթ նիստ կգումարի: Այս մասին Facebook-ում գրել է «Ելք» խմբակցությունից Անի Սամսոնյանը, սակայն օրակարգի մասին ոչինչ նշել: Հիշեցնենք, որ հուլիսի 9-ին քաղաքապետ Տարոն Մարգարյանը հրաժարական ներկայացրեց, եւ հիմա ավագանու խմբակցությունները պետք է թեկնածուներ առաջադրեն:

Մինչ այդ, ԲՀԿ-ն արդեն պատրաստվում է Երեւանի ավագանու արտահերթ ընտրություններին: 2017 թվականի քվեարկությանը չմասնակցեցին՝ ինչ-ինչ ռազմավարական հաշվարկներից ելնելով, իսկ հիմա, Նաիրա Զոհրաբյանի խոսքով, որոշում ունեն:

ՀՀԿ-ն Երեւանի քաղաքապետի թեկնածու կառաջադրի՞, թե՞ իրենք նույնպես արտահերթ ընտրությունների կգնան. լրագրողները հետաքրքրվել են Վահրամ Բաղդասարյանից:

Գալուստ Սահակյանն էլ կարծում է, որ արտահերթ ընտրությունների դեպքում Հանրապետականը չի կարողանա նախկին հաջողությունն արձանագրել: Ինչ վերաբերում է հրաժարական ներկայացրած Երեւանի արդեն նախին քաղաքապետին. արդյո՞ք նրա անվան շուրջ բարձրացված աղմուկը էլ ավելի չի վնասի ՀՀԿ-ի վարկանիշին:

Հուլիսի 11-ին դոլարն ու եվրոն շարունակել են զիջել դիրքերը: Դոլարի փոխարժեքը կազմել է 482 դրամ, եվրոյինը՝ 564, ռուբլունը՝ 7 դրամ 75 լումա, ֆունտինը՝ 638 դրամ:

Հուլիսի 12-ին հանրապետությունում սպասվում է առանց տեղումների եղանակ: Օդի ջերմաստիճանը 2-3 աստիճանով կբարձրանա: Ուլտրամանուշակագույն ճառագայթման ինդեքսը՝ 6: Երեւանում նույնպես վաղը տեղումներ չեն լինի: Մայրաքաղաքում գիշերը կդիտվի +26+28, ցերեկը՝ +40+42 աստիճան տաքություն:

 

Source: X

Մասին News.am

Կարդացեք նաև

Գրողի կենսագրություն, որ լացացրեց աշակերտուհուս

12-րդ գ դասարանում նոր դասանյութի հաղորդման ժամանակ հայացքս ընկավ աշակերտուհուս խոնավացած աչքերին: Չտեսնելու տվեցի՝ հասկանալով, …