Կիրակի , Սեպտեմբերի 23 2018
Սկիզբ / Քաղաքականություն / Նիկոլ Փաշինյանը Բրյուսելում հանդիպել է «Կարնեգի» հետազոտական կենտրոնի փորձագետներին և ներկայացրել Հայաստանի զարգացման իր տեսլականը

Նիկոլ Փաշինյանը Բրյուսելում հանդիպել է «Կարնեգի» հետազոտական կենտրոնի փորձագետներին և ներկայացրել Հայաստանի զարգացման իր տեսլականը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Բելգիայի Թագավորություն: Կառավարության ղեկավարի առաջին կանգառը եղել է «Կարնեգի Եվրոպա» հետազոտական կենտրոնը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Բելգիայի Թագավորություն: Կառավարության ղեկավարի առաջին կանգառը եղել է «Կարնեգի  Եվրոպա» հետազոտական կենտրոնը:

Ըստ վարաչապետի պաշտոնական կայքի՝ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է կենտրոնի փորձագետների, ինչպես նաև ԵՄ մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների հետ: 

Վարչապետը նախ անդրադարձել է Հայաստանում տեղի ունեցած ոչ բռնի, խաղաղ թավշյա հեղափոխությանն ու ընթացող փոփոխություններին, ներկայացրել կոռուպցիայի դեմ պայքարի ուղղությամբ կառավարության ձեռնարկած քայլերը, գործադիրի մյուս առաջնահերթությունները, այդ թվում՝ տնտեսության ոլորտում, Հայաստան-ԵՄ հարաբերություններում և պատասխանել ներկաների մի շարք հարցերի: 

«Մենք հաղթահարել ենք մեր սեփական վախերը և իրագործել սիրո և համերաշխության հեղափոխություն՝ վերացնելով ինքնավերարտադրվող իշխանությունը` դրանով ինքներս մեզ և աշխարհին հայտարարելով, որ երբեք էլ թույլ չենք տա, որ մեկ անձը որոշում կայացնի բոլորի անունից: Հայաստանի քաղաքացին հաղթահարել է այնպիսի արատավոր երևույթներ, ինչպիսիք են՝  կոռուպցիան, անարդարությունը, ոչ արդյունավետ կառավարումը: Մենք գտնվում ենք արագ փոփոխությունների օգնությամբ ավելի բարգավաճ, ներառական և արդիականացված Հայաստան կերտելու նոր փուլում»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

Կառավարության ղեկավարն ընդգծել է, որ տեղի ունեցած հեղափոխության մեջ գոյություն չունի աշխարհաքաղաքական համատեքստ, և նոր կառավարությունը չի ծրագրում որևէ արտաքին քաղաքականության առանցքային փոփոխություններ կամ կտրուկ շրջադարձեր: «Հայաստանի նոր կառավարությունը ձեռնարկելու է անհրաժեշտ բոլոր քայլերը, որպեսզի արմատախիլ արվեն մեր զարգացումը դանդաղեցնող բոլոր խոչընդոտները»,- նշել է վարչապետը:

Նիկոլ Փաշինյանը շեշտել է, որ կոռուպցիայի բոլոր ձևերի դեմ պայքարն օրակարգային առաջնահերթություն է և հավելել, որ արդեն իսկ բացահայտվել են կոռուպցիայի մի շարք խոշոր դեպքեր: 

«Այսօր նախկինում արտոնյալ կարգավիճակ ունեցած անձինք զգում են արդարադատության ողջ խստությունը: Բոլոր գործերի քննությունները կիրականացվեն խստորեն՝ համաձայն օրենքի: Մեկ այլ կարևոր հանձնառություն է՝ կազմակերպել իսկապես ազատ և արդար ընտրություններ: Հիմա Հայաստանի քաղաքացիները գիտեն, որ իրենց ձայնը կշիռ ունի: Այսուհետ ընտրական գործընթացը կեղծելու և քաղաքացիների վստահությունը խարխլելու հնարավորություն չի լինի: Ուստի մենք նախաձեռնել ենք ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու ներառական գործընթաց: Մենք ապահովելու ենք դատական համակարգի անկախությունը, հաստատակամորեն արմատախիլ կանենք կոռուպցիայի մեջ թաթախված նախկին դատական համակարգի արատավոր պրակտիկան»,- ասել է վարչապետը՝ ավելացնելով, որ վերոհիշյալ միջոցառումները կստեղծեն բարենպաստ միջավայր տնտեսական զարգացման համար, որը կառավարությունը համարում է ազգային անվտանգության առանցքային բաղադրիչ: 

Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ տնտեսության յուրաքանչյուր բնագավառում կառավարությունը կստեղծի հավասար պայմաններ բիզնեսի մրցունակ գործունեության համար: Նա նկատել է որ գործնականում Հայաստանի տնտեսության առավել մրցունակ ոլորտները՝ ՏՏ-ն, զբոսաշրջությունը և գյուղատնտեսությունն արագորեն աճում են: 

«Մեր աշխարհագրական դիրքը, խորը գիտելիքներով և միջմշակութային կապերով օժտված  մարդկային ռեսուրսները, հավասարակշիռ արտաքին քաղաքականությունը երկրի մրցունակության հատկանիշներն են, և մեր հասարակությունն ինձ վստահություն է ներշնչում, որ մենք ճիշտ ուղու վրա ենք: Մենք Եվրասիական տնտեսական միության լիիրավ անդամ ենք, որը մեր տնտեսական զարգացման համար հսկայական հնարավորություններ է բացել: Հայաստանը պատրաստ է կամրջել ԵԱՏՄ և ԵՄ շահերն ու դիրքորոշումները, որքանով այն ընդունելի է երկու կողմերի համար»,- ընդգծել է վարչապետ Փաշինյանը:

Անդրադառնալով Հայաստանի եվրոպական օրակարգին՝ կառավարության ղեկավարը նշել է, որ ԵՄ-ն Հայաստանի համար եղել է կարևոր գործընկեր համապարփակ ինստիտուցիոնալ և իրավական բարեփոխումների իրականացման գործում: 

«Համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին համաձայնագրի ստորագրումը նոր էջ է բացել ԵՄ-ի հետ մեր հարաբերություններում: Դրա արդյունավետ իրականացումը կնպաստի ժողովրդավարության և մարդու իրավունքների ամրապնդմանը, ավելի լավ ներդրումային միջավայրի ստեղծմանը, գործարարության կայունության և կանխատեսելիության մակարդակի բարձրացմանը»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

Խոսելով ԼՂ  հակամարտության մասին՝ վարչապետն ընդգծել է, որ Հայաստանը հավատարիմ է հիմնախնդրի խաղաղ լուծմանը` հիմնված խնդրի կարգավորման գործում միջազգային մանդատ ունեցող միակ բանակցային ձևաչափի՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից առաջարկվող սկզբունքների ու մոտեցումների վրա:

«Արցախի ժողովրդի ինքնորոշումն այլընտրանք չունի: Հակամարտության կարգավորումը պետք է հիմնված լինի բոլոր կողմերի փոխզիջման վրա: Ինչպես ցանկացած այլ ժողովրդավար երկիր՝ Հայաստանը հանձնառու է ԼՂ հակամարտությունը կարգավորել բացառապես խաղաղ ճանապարհով: Այս հակամարտությունը ռազմական ճանապարհով լուծելու ցանկացած փորձ հարձակում է ժողովրդավարության, մարդու իրավունքների և խաղաղության վրա»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

Source: X

Մասին Hetq.am

Կարդացեք նաև

Եթե մենակ Ձեր հետ քայլածներով եք ուզում իշխանություն ստեղծել, ես Ձեզ ասելու էլ բան չունեմ.Արամ Սարգսյան Armlur

Նիկոլ Փաշինյանի շուրջը ձեւավորված կառավարության անդամ ուժերի միջեւ կրքերը չեն հանդարտվում, եւ սխալված չենք լինի, …