Սկիզբ / Մարզեր / Աշտարակի քաղաքապետարանը պայմանագրեր է կնքել ավագանու անդամի ընկերության հետ

Աշտարակի քաղաքապետարանը պայմանագրեր է կնքել ավագանու անդամի ընկերության հետ

Ապրիլ ամսին քաղաքապետարանի հետ կնքված մեկ այլ պայմանագրով ընկերությունը
պարտավորվել է մինչ մայիսի 20 քաղաքապետարանին մատակարարել 2,5 միլիոն դրամ
արժողությամբ շինանյութ՝ ցեմենտ, ավազ, պեմզաբլոկ։

Աշտարակի քաղաքապետարանը պայմանագրեր է կնքել Աշտարակի ավագանու անդամ Հայկ Վարդանյանի ընկերության հետ։ Քաղաքապետարանը ավագանու անդամի «Էփրան» ընկերության հետ պայմանագրեր սկսել է կնքել դրա հիմնադրումից մեկ ամիս անց։

«Էփրան» ընկերությունը հիմնադրվել է այս տարվա փետրվարի 8-ին։ Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի տվյալներով՝ ընկերության միակ սեփականատերը Հայկ Վարդանյանն է։

Ընկերությունը գրանցված է Վարդանյանի բնակության հասցեում՝ Աշտարակի քաղաքի Արցախի փողոցի տներից մեկում։ Հայկ Վարդանյանը հանդիսանում է նաև ընկերության տնօրենը, այդ է վկայում ընկերության հետ կնքված պայմանագրում որպես տնօրեն նրա անվանման առակայությունը։

Ընկերությունը քաղաքապետարանի հետ վերջին պայմանագիրը կնքել է մայիսին։  Այդ պայմանագրով քաղաքապետարանը ավագանու անդամի ընկերությունից 1,9 միլիոն դրամով կամ մոտ 4 հազար դոլարով մեկ սահարան է գնել։

Պայմանագրի փոխանցմամբ՝ չինական արտադրության այդ սահարանը բազմաֆունկցիոնալ դիզայնով մոդուլային հավաքածու է։ Այն ունի 1 խողովակաձև սահաբլրակ, մեկ այլ երկտեղանի սահաբլրակ, հասանելիության սանդուղք և տանիքածածկ հարթակ։ 1,9 միլիոն դրամ արժողությամբ այդ սահարանը ըստ պայմանագրի այսպիսի տեսք ունի՝

լուսանկարը՝ Աշտարակի քաղաքապետարանի «Ֆեյսբուք»-յան էջից

Ապրիլ ամսին քաղաքապետարանի հետ կնքված մեկ այլ պայմանագրով ընկերությունը պարտավորվել է մինչ մայիսի 20 քաղաքապետարանին մատակարարել 2,5 միլիոն դրամ արժողությամբ շինանյութ՝ ցեմենտ, ավազ, պեմզաբլոկ։

Իսկ ապրիլի 7-ին Հայկ Վարդանյանին պատկանող ընկերությունը քաղաքապետարանի հետ կնքել է իր առաջին պայմանագիրը։ 85 000 դրամ պայմանագրով ընկերությունը պետք է տրամադրեր Աշտարակ քաղաքի մուտքի բարեկարգման շինարարական աշխատանքների նախագծա-նախահաշվային աշխատանքների և փորձաքննության եզրակացություն։

Հայկ Վարդանյանը ավագանու անդամ է ընտրվել 2016 թվականի սեպտեմբերի 18-ի ընտրություններով։ Աշտարակի քաղաքապետարանի պաշտոնական կայքի տվյալներով՝ Վարդանյանը ընդամենը երեք անգամ է բացակայել ավագանու նիստերից, իսկ ներկա գտնված նիստերին կողմ է քվեարկել ներկայացված բոլոր որոշման նախագծերին։

 

Source: X

Մասին Hetq.am

Կարդացեք նաև

Սաղաթելյանի, Բեքարյանի, Հակոբյանի ու Ֆարմանյանի հիմնադրած ընկերությունը մեդիաներ է ձեռք բերել. Tert

Արման Սաղաթելյանը, Կարեն Բեքարյանը, Միհրան Հակոբյանը, Սամվել Ֆարմանյանը հիմնադրել են «Քառյակ մեդիա» ընկերությունը, որը ձեռք …