Չորեքշաբթի , Հուլիսի 24 2019
Սկիզբ / Մամուլի տեսություն / Նիկոլ Փաշինյանի խոսքերն առավել քան անկեղծ են՝ իրենց խորքում ունենալով քաղաքական կարևոր ուղերձ 1in

Նիկոլ Փաշինյանի խոսքերն առավել քան անկեղծ են՝ իրենց խորքում ունենալով քաղաքական կարևոր ուղերձ 1in

«1in.am »-ը գրում է. Ռուսական «Էխո Մոսկվի» ռադիոկայանի համահիմնադիր, գլխավոր խմբագիր և հաղորդավար Ալեքսեյ Վենեդիկտովը բացառիկ հարցազրույց է անցկացրել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, որում խոսվել է Ադրբեջանի հետ հնարավոր նոր ռազմական լարվածության, վարչապետի որդու՝ Արցախի առաջնագիծ մեկնելու, Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենք վաճառելու ու մի շարք այլ խնդիրների մասին։

 Խոսելով իր որդու՝ Աշոտ Փաշինյանի արցախյան առաջնագիծ մեկնելու մասին՝ վարչապետը փաստել է, որ շատերը դա կարող են ընկալել որպես ագրեսիվ քայլ, մինչդեռ ընդհակառակը՝ դա խաղաղասեր ժեստ է։ «Կարծում եմ՝ բոլորը հասկանում են, որ եթե ես իմ որդուն ուղարկում եմ Արցախ, ես չեմ ցանկանում, որ այնտեղ պատերազմ լինի։ Եվ, Աստված մի արասցե, որ զոհվեն իմ որդին, մեր մյուս հայրենակիցների որդիները, ադրբեջանցի շարքային քաղաքացիների որդիները։ Ես ուրախ կլինեի, որ Իլհամ Ալիևն էլ ուղարկեր իր որդուն այնտեղ ծառայելու։ Որովհետև եթե նրա որդին այնտեղ ծառայի, ես դա կընկալեմ որպես խաղաղասեր քայլ, և մենք բոլորս համոզված կլինենք, որ պարոն Ալիևը նույնպես չէր ցանկանա, որ իր որդին զոհվեր»,- ասել է ՀՀ վարչապետը։

Նիկոլ Փաշինյանի խոսքերն առավել քան անկեղծ են՝ իրենց խորքում ունենալով քաղաքական կարևոր ուղերձ, բացահայտելով Հայաստանի քաղաքականության խաղաղարար բնույթը։ Հասարակական քննարկումներում շատ արծարծվեց վարչապետի որդու՝ Արցախում ծառայելու խնդիրը․ հնչեցին հիացական գնահատականներ, մտահոգութուններ։ Քննարկումների փաստն ինքնին օրինաչափ է, որովհետև Հայաստանի նորագույն պատմության մեջ եզակի դեպք է, երբ պետության առաջին դեմքը միակ որդուն առաջնագիծ է ուղարկում՝ օրինակ ծառայելով հասարակությանը, վերջինիս ուղերձ հասցեագրելով, որ թավշյա հեղափոխությունը միանգամայն նոր Հայաստանի հիմքեր է դրել՝ օրենքի առաջ բոլորի հավասարության, արդարության հաստատման հիմնարար սկզբունքներով։

Սակայն նույնիսկ հանրային քննարկումներում չքննարկվեց այն ասպեկտը, ինչի մասին Փաշինյանը խոսել է «Էխո Մոսկվի» ռադիոկայանին տված հարցազրույցում։ Մինչդեռ հենց խաղաղության ուղերձն էր վարչապետի քայլի հիմնական մոտիվը, որն ուղղված էր մեր հասարակությանը, Ադրբեջանին, միջազգային հանրությանը։ Ոչ մի ծնող՝ անկախ իր զբաղեցրած պաշտոնից, քաղաքական կարգավիճակից, սեփական ընտանիքի, որդու հաշվին երբեք չի դնի ռազմատենչ քաղաքականության հիմքեր, չի դառնա պատերազմի նախահարձակ, չի կառուցի պոպուլիստական քաղաքականություն, որոնք կարող են արժենալ մարդկային կյանքեր։

Շատերը խաղաղության ձգտումը համարում են թուլության նշան՝ դա համարելով զիջումների, նույնիսկ կապիտուլյացիայի դրսևորում։ Բացարձակապես անհիմն կարծիք է, որովհետև խաղաղության ձգտում են հենց կայացած պետություններն ու առաջնորդները՝ դրա մեջ տեսնելով զարգացման ուղի ոչ միայն իրենց պետության, այլև ամբողջ տարածաշրջանի համար։ Շատ հեշտ է էժանագին միավորներ վաստակել ուրիշների որդիների անձնազոհության, նահատակության հաշվին՝ մերձավորներին հեռու պահելով փորձություններից, նրանց պատսպարելով կառավարական առանձնատների տաքուկ անկյուններում՝ չկտրելով բուրժուական հաճույքներից ու վայելքներից։ Նման առաջնորդների վարքագծում շատ մեծ է արկածախնդրության դիմելու, արյան հաշվին իշխանություն պահելու գայթակղությունը։

Հայաստանի գործող վարչապետը գնացել է միանգամայն այլ ճանապարհով՝ իրեն նույնացնելով հասարակության, շարքային քաղաքացիների, նրանց հույզերի ու ապրումների հետ։ Նիկոլ Փաշինյանը որդուն ուղարկել է առաջնագիծ, ինչը ենթադրում է, որ առաջին հերթին հենց նրա տղան է իր մաշկի վրա զգալու իր վարչապետ հոր վարած արտաքին քաղաքականության արդյունավետությունը։

Ահա արժանապատիվ խաղաղության ուղերձն է, որ հեղինակավոր ռադիոկայանի եթերով Նիկոլ Փաշինյանը հասցեագրում է միջազգային հանրությանը՝ բացահայտելով Հայաստանի արտաքին քաղաքականության, թավշյա հեղափոխության հումանիստական բնույթը, Երևանի խաղաղասիրական ձգտումները, որի շահառուները ոչ միայն Հայաստանի, այլ նաև Ադրբեջանի երիտասարդներն են։

Ի դեպ, խիստ ուշագրավ է, որ Նիկոլ Փաշինյանի այս հարցազրույցից ընդամենը մեկ օր առաջ նրա կինը՝ Աննա Հակոբյանը, Մոսկվայի Պետական Տրետյակովյան պատկերասրահում հանդիպել է ռուսաստանյան տարբեր ոլորտների մի շարք կին գործիչների հետ ու տեղեկացրել է իր նախաձեռնած՝ «Կանայք հանուն խաղաղության» արշավի մասին։ Նշելով, որ նախաձեռնության հիմնական առաքելությունը Ղարաբաղյան հակամարտության խաղաղ հանգուցալուծմանը նպաստելն է, Աննա Հակոբյանը, մասնավորապես, ասել է. «Իրականում ես կարծում եմ, որ կարևոր չէ, թե ինչպես է ծագել այս հակամարտությունը։ Կարևորն այն մարդկային կյանքերն են, երիտասարդ մարդկային կյանքերը, որոնցով վճարվում է այդ կոնֆլիկտի դիմաց»։

Աննա Հակոբյանը վերհիշել է 2016 թ. քառօրյա պատերազմի օրերը, երբ ինքը, լինելով լրատվամիջոցի ղեկավար, հետևել է թե՛ հայկական, թե՛ ադրբեջանական լրահոսին, դիտել բոլոր ռեպորտաժները։ «Հավատացեք՝ նայելով ադրբեջանական զինվորներին, նրանց հայացքներին՝ ես արձանագրում էի, որ այդ երեխաները ոչնչով չեն տարբերվում մեր զինվորներից, նրանց աչքերի արտահայտությունը նույնն էր՝ վախվորած և անհանգիստ»,- նշել է Հակոբյանը։ «Ես ուզում եմ ասել, որ ոչ մի քաղաքականություն, ոչ մի քաղաքական շահ չի կարող արդարացնել դեռ նոր-նոր կյանք մտնող երեխաների դաժան մահը, ծնողների ցավն ու որբացած երեխաների կարոտը»,- հայտարարել է վարչապետի տիկինը՝ նշելով, որ այժմ, հայտնվելով պետության ղեկավարի տիկնոջ դերում, չի կարող լռել և իր ձայնը չբարձրացնել։

Կարծում ենք՝ Նիկոլ Փաշինյանի հարցազրույցը, նրա տիկնոջ ելույթը փոխլրացնող են ու խիստ տպավորիչ ներկայացնում են պաշտոնական Երևանի իրական ձգտումները, այն նպատակները, որոնց հետամուտ է Հայաստանը՝ տարածաշրջանում խաղաղություն հաստատելու նպատակով։

Source: USAArmenia

Մասին USArmeniaNews.com

Կարդացեք նաև

«Ստամբուլյան կոնվենցիայի» նորհայաստանյան ոդիսականը. Փաշինյանը չի ընդդիմանա

Հայաստանի հասարակական-քաղաքական կյանքը վերջին շրջանում սկսել է ալեկոծել ևս մեկ խնդիր, որն, առանց չափազանցության, կարող …