Ուրբաթ , Հուլիսի 19 2019
Սկիզբ / Տնտեսություն / «Նախորդ արտոնությունը նպատակին ծառայե՞լ է». «Գրին ֆարմեր» ՍՊԸ-ին կրկին արտոնություն տրվեց

«Նախորդ արտոնությունը նպատակին ծառայե՞լ է». «Գրին ֆարմեր» ՍՊԸ-ին կրկին արտոնություն տրվեց

«Գրին ֆարմեր» անվամբ ՍՊԸ-ն ներկայացրել է ներդրումային ծրագիր՝ Արարատի մարզի Երասխ գյուղում տեխնոլոգիապես առաջադեմ այգիների կառուցման նպատակով: Այս մասին, այսօր՝ հուլիսի 26-ին, կառավարության նիստում հայտարարեց  ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանը:

«Ներդրումային մեծությունը 1,4 միլիարդ դրամ սեփական միջոցներ, 470 միլիոն դրամ վարկային ռեսուրսներ: Նախատեսվում է 3 տարում ստեղծել 150 աշխատատեղ՝ մինչեւ 2023 թ. հասցնելով 250 աշխատատեղի: Նախատեսվում է միջին 120,000 դրամ աշխատավարձ: Ծրագրի համաձայն, արտադրանքի ծավալները երկրորդ տարում կկազմեն 142 միլիոն 250 հազար դրամ, երրորդ տարում՝ 405 մլն դրամ, իսկ չորրորդ տարում՝ 733 միլիոն դրամ»,- ասաց նա:

Մինասյանը նշեց, որ արտադրանքի կեսը կիրացվի ՀՀ տարածքում, մյուս կեսը՝ կարտահանվի ԵՏՄ այլ երկրներ: Առաջարկվում է արտոնությունը կիրառել 3 տարի ժամկետով՝ սարքավորումներ ներկրելու համար: «Այս արտոնության դեպքում արտոնության գումարը կազմում է 630 մլն դրամ: Սա վերաբերում է ավելացված արժեքի հարկի արտոնությանը, իսկ մաքսատուրքից ազատելու մասով կազմում է շուրջ 38 մլն դրամ»,-ասաց նախարարը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ հարց է ծագում, պարզաբանման խնդիր կա: «Նման որոշումներ կայացնելու հարցում կառավարության դերը տեխնիկական է: Կան սահմանված չափորոշիչներ, որոնցով գնահատվում է, միավորներ են հավաքվում՝ դրանցից վերեւ ընդունվում է, ներքեւ՝ ոչ: Ես կարծում եմ, որ այս գործընթացն իրականացվում է թափանցիկ»,- հարցրեց վարչապետը:

Արծվիկ Մինասյանն ասաց, որ գնահատումը թափանցիկ է, սուբյեկտիվիզմը հասցված է նվազագույնի: «Կա հստակ չափանիշ՝ աշխատատեղեր, մուլտիպլիկատիվ էֆեկտ: Մեծ հաշվով, սա մի մեխանիզմ է, որն այս տարիներին կիրառվել է, եւ չի եղել դեպք, որ մերժվեն, եթե գերակա ոլորտում ծրագիր է, իսկ եթե գերակա ոլորտում չէ, վերջերս մերժեցինք, ինչպես «Հարսնաքարի» պարագայում: Մոնիթորինգն իրականացվում է հետեւյալ կերպ՝ հավանություն տալուց հետո մեկ տարում տեղեկատվություն ենք ստանում, փոխանցում ենք նախարարություններին եւ եթե կա անհամապատասխանություն, թերությունները հաղթահարելու համար հանձնարարական է տրվում, հակառակ դեպքում՝ ներկայացնում ենք ուժը կորցրած ճանաչելու նախաձեռնություն»,- ընդգծեց Արծվիկ Մինասյանը:

Նիկոլ Փաշինյանը նկատեց, որ իրենք այս հարցը զեկուցվողների մեջ են ներառել, որովհետեւ նման հարցերի քննարկումը հանրային հետաքրքրություն է ներկայացնում եւ մարդիկ քաղաքական եզրակացություններ են անում՝ «մեկին մերժեցին, մեկին չմերժեցին», այնինչ կառավարության դերը տեխնիկական է:

«Ընկերություններ կան, որոնք երկրորդ անգամ են արտոնություններ ստանում: Կոնկրետ «Գրին Ֆարմեր»-ը երկրորդ անգամ էր ստանում եւ խնդիր կար պարզաբանելու՝ նախորդ արտոնությունը նպատակին ծառայե՞լ է, թե ոչ»,- ասաց Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ եղել են դեպքեր, երբ ընկերությունը ստացել է արտոնություն, իսկ երբ մոտեցել է ժամկետը, որ ավելացված արժեքի հարկը պետք է վճարվի, ընկերությունը սնանկացել է, գույքը օտարվել է: «Վերահսկողական մեխանիզմները պետք են, եղած դեպքերով քննություն է ընթանում, հույս ունեմ, որ այն արդյունավետ կլինի»,- ասաց նա:

Source: X

Մասին News.am

Avatar

Կարդացեք նաև

ԵՐԲ ԿՈՆՖԼԻԿՏԻ ԿՈՂՄԵՐԻՑ ՄԵԿԸ ԴԱՏՈՒՄ Է ՄՅՈՒՍԻՆ.Լիլիթ Պողոսյան

Լիլիթ Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.Եվ այսպես, մեկնարկեց «դարի դատավարությունը»` Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը՝ …