Երեքշաբթի , Մարտի 26 2019
Սկիզբ / Հասարակություն / Արտոնյալներ չկան, ինձ համար չկա «այսինչի տղան է» հասկացությունը. հարցազրույց Մատաղիսի զորամասի հրամանատարի հետ

Արտոնյալներ չկան, ինձ համար չկա «այսինչի տղան է» հասկացությունը. հարցազրույց Մատաղիսի զորամասի հրամանատարի հետ

Գնդապետ Արմեն Գյոզալյանը Մատաղիսի զորամասի հրամանատար է նշանակվել 2017թ. հունիսի 5-ին: NEWS.am-ին տված հարցազրույցում հրամանատարն անկեղծանում է՝ մեկ վայրկյան իսկ չի վարանել. կնոջ ու մանկահասակ երեխաների հետ Տավուշի մարզից տեղափոխվել է Մատաղիս՝ այստեղ շարունակելու ծառայությունը:

Նշենք, որ ապրիլյան պատերազմից հետո Մատաղիսի զորամասի հրամանատար, գնդապետ Հարություն Ամիրխանյանն աշխատանքից ազատվեց: Նրա փոխարեն նշանակված գնդապետ Գեւորգ Մանգասարյանն էլ ընդամենը 1 տարի աշխատեց. նա ազատվեց 2017թ.-ին մայիսին տեղի ունեցած ողբերգական դեպքից հետո, երբ երեք զինծառայող, ինքնակամ լքելով զորամասի տարածքը, ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով ջրահեղձ եղան ջրամբարում:

Պարոն Գյոզալյան, Դուք Մատաղիսի զորամասի հրամանատար եք նշանակվել 1 տարի առաջ՝ այստեղ տեղի ունեցած ողբերգական դեպքից հետո: Հեշտ եք կայացրե՞լ որոշումն այստեղ տեղափոխվելու: Առհասարակ ի՞նչ աշխատանք է կատարվել այս ամիսներին՝ եղած թերությունները վերացնելու համար:

Մեկ տարվա ընթացքում զորամասում ահռելի մեծ աշխատանք է կատարվել: Առաջինը սկսել ենք անձնակազմի կարգապահության որակների բարձրացումից, ինժեներական մեծածավալ աշխատանքներ ենք իրականացրել մարտական դիրքերում ու դեռ շարունակում ենք աշխատանքները: Ամենակարեւորն անձնակազմի բարոյահոգեբանական վիճակի, կարգապահության ամրապնդմանն ուղղված զգալի աշխատանքներ ենք կատարել: Սպայական կազմի մտածելակերպի, որակների, իրենց պարտականությունների ճիշտ կատարմանն ուղղված քայլեր նույնպես արվել են այս ամիսներին: Ու դեռ շարունակում ենք աշխատանքները, կհասնենք էլ ավելի բարձր արդյունքների:

Համոզված եմ՝ օրեցօր ծառայությունը, զինվորների կենցաղը կբարելավվի, կարգապահությունը կբարձրանա, պոտենցիալը կա: Սպայական կազմն էլ տրամադրված է, որ մեր զորամասը պետք է լինի լավագույնը: Մեր զինվորների անվտանգությունը պետք է կարողանանք առավելագույնն ապահովենք: Բոլորիս գերակա խնդիրն է, որ մեր զինվորներն անվտանգ ծառայեն:

Մինչեւ այստեղ ծառայելը՝ Տավուշի մարզի N զորամասի հրամանատարն էի, իմ կամքով եմ ցանկացել այստեղ ծառայել: Զինվորական եմ ես ու կարծում եմ՝ անկախ ամեն ինչից, զինվորականը պետք է ծառայի այնտեղ, որտեղ իր կարիքը կա: Ընտանիքիս հետ եմ հենց առաջին օրը տեղափոխվել Մատաղիս: Ես պատվով եմ ծառայում եւ ինձ համար պատիվ է ծառայելը հենց այս զորամասում: 20 տարի է՝ զինվորական եմ, բայց այս 1 տարին ինձ ավելի մեծ փորձ է տվել, ես պատվով եմ ասում, որ Մատաղիսում եմ ծառայում:

Այս զորամասում դեպքեր հաճախակի են գրանցվում՝ թե Ադրբեջանի կողմից հրադադարը խախտելու հետեւանքով, թե զորամասի ներսում՝ միջանձնային հարաբերությունների պատճառով:

Երբ ամեն ամիս վերլուծում ենք՝ համեմատելով նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ, դրական տեղաշարժեր կան: Եթե նախկինում միջանձնային հարաբերությունների պատճառով դեպքեր էին լինում, այժմ դրանք չկան, անձնակազմում լավ հարաբերություններ են: Հակառակորդի կողմից հրադադարի խախտման դեպքեր գրանցվել են, բայց այդ առումով եւս մեծ աշխատանքներ են տարվել, որ նմանատիպ երեւույթներ չլինեն: Այս պահի դրությամբ դրական մեծ տեղաշարժեր ունենք բոլոր առումներով: Ինքս շատ զորամասերում եմ ծառայել եւ երբ համեմատում եմ, Մատաղիսի զորամասում շատ բարձր եմ գնահատում մեր անձնակազմի բարոյահոգեբանական վիճակը, կարելի է ասել՝ հերոսական ծառայություն են իրենք իրականացնում:

Ուրախ եմ, որ մեր սպաները մեծ ուրախությամբ են ծառայում մեր զորամասում: Ներկա դրությամբ մենք զորամասում չունենք մի սպա, զինվորական, որ խնդիր առաջացնի, պրոբլեմային լինի կամ խնդիր առաջացնի: Այդպիսի մարդ մենք չունենք, վստահեցնում եմ ձեզ:

Ապրիլյան պատերազմից հետո շատ է փոխվե՞լ սպայական կազմը:

Չէի ասել՝ շատ է փոխվել կազմը, բայց եղել են դեպքեր, երբ թոշակի են անցել, կամ այլ զորամաս են տեղափոխվել: Փոփոխություններ եղել են, բայց հիմնական կազմն

Կա՞ն ժամկետային զինծառայողներ, որոնք պաշտոնյաների որդիներ են կամ հարուստ ընտանիքներից:

Ես ընդհանրապես չեմ տարբերակել, չեմ տարբերակում ու չեմ էլ պատրաստվում տարբերակել: Ինձ համար բոլորը հավասար են, ինչպես իմ երեխան, այնպես էլ իմ բոլոր զինվորները: Բոլորն էլ ընդգրկվում են մարտական հերթապահության, բոլորն էլ ծառայում են մարտական դիրքերում: Արտոնյալ կարգավիճակ ունեցող զինվոր, սպա մեր զորամասում չկա: Ինքս էլ ինձ զինվոր եմ համարում, ոչ մեկից ինձ չեմ տարբերում: Ոչ մի տարբերություն չեմ դնում: Ինձ մոտ դու կարող ես լինել լավ զինվոր, վերջ, ինձ համար չկա «Այսինչի տղան է» հասկացությունը, ուղղակի բացառված է դա:

Պարոն Գյոզալյան, կխոսե՞ք նաեւ մարտական դիրքերում իրականացվող լրակահավորման աշխատանքներից:

Մարտական դիրքերում աշխատանքներն ամենօրյա են, ինչքան աշխատես, այդքան աշխատելու տեղ կա, դիրքն ամենօրյա խնամք է սիրում: Ինժեներական առումով ամենօրյա աշխատանք ենք իրականացնում, զարգացնում ենք, նորարարություններ ենք մտցնում: Զինծառայողի անվտանգությունը մեր ամենակարեւոր հարցն է, կարելի է ասել՝ մարտական դիրքերում այս առումով խնդիր չունենք: Խոցելի հատվածներ չունենք, չկա այնպիսի մի հատված, որ ասեմ՝ վտանգավոր է: Մշտապես մեր ուշադրության կենտրոնում է այս հարցը, ամեն օր վերլուծում ենք, վերահսկում: Լրակահավորման աշխատանքները շարունակվում են:

Կարո՞ղ ենք փաստել, որ հայկական կողմն ամբողջությամբ վերահսկում է իրավիճակը:

Իհարկե, այո, վերահսկվում է վայրկյան առ վայրկյան: Հակառակորդի ամբողջ տեղաշարժը վերահսկվում է, չկա այնպիսի բան, որ մեր ուշադրությունից դուրս լինի կամ չվերահսկվի:

Այս զորամասի նկատմամբ հասարակության վերաբերմունքը, մեղմ ասած, դրական չի: Ի՞նչ խորհուրդ կտաք կամ ի՞նչ կհորդորեք այստեղ ծառայող զինվորների ծնողներին:

Չգիտեմ՝ ինչու է մարդկանց մոտ նման տպավարություն ստեղծվել, բայց Մատաղիսի զորամասը ոչնչով չի զիջում ոչ մի զորամասի բացասական կողմերով: Մեզ մոտ կա կարգուկանոն, օրվա կարգացուցակի ճիշտ պահպանում, զինվորների կենցաղի բարելավում ամեն օր, զինվորին տրվող բոլոր խրախուսումների պահպանում: Չեմ պատկերացնում, որ ինչ-որ այլ զորամասում էլ այսպես լինի: Միգուցե մարդկանց մոտ նման կարծիք կա՝ հաշվի առնելով այստեղի աշխարհագրական դիրքը: Նորից եմ ասում՝ ես այստեղ ապրում եմ իմ կնոջ ու անչափահաս երեխաների հետ զորամասին կից սպայական բնակելի շենքում: Կարծում եմ՝ այս բացասական վերաբերմունքը հասարակության միջից դուրս կգա, քանի որ ինքս չեմ տեսնում այնպիսի բան, որ ստիպում է մարդկանց նման կերպ մտածել:

Թող ոչ մի զինվոր չմտածի, թե իրենց երեխայի՝ Մատաղիսում ծառայելը, խնդիր է, ոչ, Մատաղիսում ծառայելը պատիվ է:

Source: X

Մասին News.am

Կարդացեք նաև

Բակո Սահակյանը նշանակումներ է կատարել Պաշտպանության բանակում

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն ստորագրել է հրամանագիր գնդապետ Սամվել Պողոսյանին ԱՀ պաշտպանության բանակի N …