Սկիզբ / Քաղաքականություն / Արտակ Զեյնալյանն ԱՄՆ-ում մասնակցել է Կրոնական ազատությունների հարցերով նախարարական հանդիպմանը

Արտակ Զեյնալյանն ԱՄՆ-ում մասնակցել է Կրոնական ազատությունների հարցերով նախարարական հանդիպմանը

ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը հուլիսի 24-27-ը ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգտոն կատարած այցի ընթացքում մասնակցել է Կրոնական ազատությունների հարցերով նախարարական անդրանիկ հանդիպմանը:

Նախարարությունից NEWS.am-ին հայտնում են, որ ԱՄՆ պետքարտուղար Մայքլ Պոմպեոյի կողմից կազմակերպված հանդիպմանը ներկա են եղել շուրջ 70 երկրների բարձրաստիճան պաշտոնյաներ եւ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ:

Հուլիսի 27-ի լիագումար նիստում ելույթ է ունեցել նաեւ ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը: Նախարարը,  մասնավորապես, անդրադարձել է Հայաստանի նոր կառավարության տեսլականին` «Խղճի ազատության եւ կրոնական կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին, ինչպես նաեւ մտահոգություն է հայտնել Ադրբեջանում հայկական մշակութային ու հոգեւոր ժառանգության ոչնչացման եւ Մերձավոր Արեւելքի քրիստոնյաների իրավունքների ոտնահարման հարցերի վերաբերյալ:

Նախարար Զեյնալյանը անդրադարձել է նաեւ այս տարվա ապրիլ մայիսին Հայաստանում տեղի ունեցած թավշյա, ոչ բռնի հեղափոխությանն ու նշել, որ  դրա արդյունքում ստեղծված նոր Հայաստանում հանդուրժողականությունն ամենակարեւոր արժեքն է:

Նախարարի խոսքով, Հայաստանի Հանրապետությունը 27 տարվա անկախ պետականության պատմություն ունի դեռ, սակայն պետք է ասել, որ ՀՀ-ում որեւէ ռադիկալ վերաբերմունք չկա կրոնական տարբեր ուղղությունների նկատմամբ. դրա մասին են վկայում Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի, միջազգային տարբեր իրավապաշտպան կազմակերպությունների եւ հատկապես՝ ԱՄՆ Պետքարտուղարության Հայաստանի վերաբերյալ զեկույցները: Ելույթի ավարտին նախարար Զեյնալյանը հավաստիացրել է, որ Հայաստանի նոր  Կառավարությունն անելու է առավելագույնը՝ Հայաստանում ապրող յուրաքանչյուր անձի իրավունքներն ու ազատությունները երաշխավորելու, ապահովելու եւ պաշտպանելու համար:

Վաշինգտոնում գումարված Կրոնական ազատությունների պաշտպանության հարցերով նախարարական հանդիպմանը անդրադարձ է կատարվել մի շարք կարեւորագույն այլ խնդիրների, արվել են համատեղ հայտարարություններ:

ԱՄՆ կատարած այցի շրջանակում արդարադատության նախարարը հանդիպել է նաեւ ԱՄՆ պետական դեպարտամենտի, Արդարադատության դեպարտամենտի, Ժողովրդավարության եւ մարդու իրավունքների դեպարտամենտի, Միջազգային զարգացման գործակալության ներկայացուցիչների հետ եւ քննարկել ոլորտում համագործակցությունը խորացնելուն ուղղված մի շարք հարցեր:

Source: X

Մասին News.am

Կարդացեք նաև

Մհեր Եղիազարյանը՝ անտարբերության զոհ. HayNews

Մհեր Եղիազարյանը՝ անտարբերության զոհ. Պետական մարմինների ու պաշտոնատար անձանց ջանադրությունը, խնդրում եմ գնահատեք ինքներդ HayNews.am  …