Երեքշաբթի , Հուլիսի 16 2019
Սկիզբ / Հասարակություն / Մանվել Գրիգորյանի ու մերձավորների տասնյակ տներն ու մեքենաները՝ մեկ տեղում

Մանվել Գրիգորյանի ու մերձավորների տասնյակ տներն ու մեքենաները՝ մեկ տեղում

Որոշ հասցեների դեպքում խնդրեցինք նաև քաղաքապետարանի աշխատակիցների
օգնությունը, սակայն վերջիններս նույնպես չկարողացան ճիշտ հասցեով ուղղորդել: Մանվել Գրիգորյանի ու մերձավորների տասնյակ տներն ու մեքենաները՝ մեկ տեղում17:34, 30 հուլիսի, 2018Գրիշա ԲալասանյանԱնի Հովհաննիսյան

Էջմիածնում հաշվառված և ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանին ու նրա ընտանիքի անդամներին պատկանող ունեցվածքը լուսանկարելու համար մեկ օր պահանջվեց: Միայն Էջմիածին քաղաքում 35 միավոր անշարժ գույք է հաշվառված: Դրանք առանձնատներ են, բնակարաններ, բիզնես օբյեկտներ, արդեն չգործող գիշերային ակումբ, նախկինում գործող գործարանի, հյուրանոցի տարածքներ, այլ շենք-շինություններ: Նշված անշարժ գույքից 17-ը շենք-շինությունները սպասարկող կամ ոչ գյուղատնտեսական նշանակության հողամասեր են: Էջմիածնի քաղաքապետարանում Գրիգորյանների անունով հաշվառված է 24 հատ ավտոմեքենա:

Թվարկված անշարժ գույքը լուսանկարելու համար հերթով գնացինք այդ հասցեներ: Եղան դեպքեր, երբ հարևանությամբ ապրող մարդիկ չգիտեին, որ այդ տարածքը պատկանում է Գրիգորյաններին, թեև լսել էին, որ մոտակայքում նրանք ունեցվածք ունեն: Հատկապես հողամասերը քարտեզագրելու համար երբեմն նշել ենք մոտակա տարածքը, որովհետև այդպես էլ ստույգ տարածքը չկարողացանք գտնել: Պատճառներից մեկն էլ այն էր, որ Գրիգորյաններն իրենց խորհրդանիշը համարվող «45» թվերով էին համարակալել այնպիսի հասցեներ, որոնց գտնվելու վայրը այլ տեղ պիտի լիներ: Օրինակ, Էջմիածնի քաղաքապետարանը գտնվում է Մաշտոցի 0 հասցեում, սակայն դրանից 200 մետր հեռավորության վրա գտնվող ԵԿՄ-ի շենքը համարակալված է Մաշտոցի 109/45: Մեզ չէին կարողանում ճիշտ ուղղորդել, քանի որ որևէ մեկի մտքով չէր անցնում, որ ԵԿՄ-ի շենքը ևս պաշտոնաթող գեներալի սեփականությունն է:

Որոշ հասցեների դեպքում խնդրեցինք նաև քաղաքապետարանի աշխատակիցների օգնությունը, սակայն վերջիններս նույնպես չկարողացան ճիշտ հասցեով ուղղորդել:

Վերը նշված 35 միավոր անշարժ գույքն ու 24 ավտոմեքենաները ձևակերպված են միայն ֆիզիկական անձանց անուններով, սակայն շարժական և անշարժ գույքի մի մասն էլ Էջմիածնի քաղաքապետարանում հաշվառված է Մանվել Գրիգորյանին պատկանող «Արա և Այծեմնիկ» ԲԲԸ-ի անունով:

Ընկերության անունով է հաշվառված Էջմիածնի վարչական տարածքում գտնվող Զվարթնոցի տեխզննման կայանը, թվով երկու ավտոգազալցման կայաններ՝ Զվարթնոց թաղամասում և Էջմիածին-Շահումյան ավտոճանապարհի հարևանությամբ, «Գրիգոր Լուսավորիչ» համալսարանի շենքը, հարևանությամբ գտնվող ճաշարանը, 12 հատ ավտոմեքենա: Բացի այդ, «Արա և Այծեմնիկ» ԲԲԸ-ն Էջմիածնում ունի 26 միավոր հողամաս, որոնց մի մասը շենքերը սպասարկելու համար են:

Էջմիածին քաղաքում միայն Մանվել Գրիգորյանի անունով հաշվառված է 17 միավոր անշարժ գույք, որից 9-ը շենք-շինություններ են, մնացածը՝ դրանց սպասարկող հողամասեր: Էջմիածնի քաղաքապետարանում հաշվառված է նաև 17 միավոր ավտոմեքենա: Նրա ունեցվածքի զգալի մասը արտացոլված չէ Մանվել Գրիգորյանի գույքի ու եկամուտների հայտարարագրերում:

Ուսումնասիրությամբ պարզեցինք, որ Մանվել Գրիգորյանի սեփականությունն է նաև քաղաքում գործող «Երկրապահ»-ի շենքը: Այն գտնվում է քաղաքի գլխավոր՝ Մաշտոցի փողոցի վրա և այժմ որպես «Երկրապահ»-ի թանգարան է ծառայում: Մանվել Գրիգորյանին ԱԱԾ աշխատակիցները հենց այդ շենքում են ձերբակալել և բերման ենթարկել: Ուշագրավն այն էր, որ տարածքում գտնվող ԵԿՄ անդամները չգիտեին, որ այն Մանվել Գրիգորյանի սեփականությունն է: Միայն թիմակիցներից մի տղամարդ հաստատեց, որ այն սեփականաշնորհվել է դեռևս 1998 թվականին:

Որպես պատգամավորության թեկնածու Մանվել Գրիգորյանը 2017թ. Կենտրոնական ընտրական հանձնաժողով էր ներկայացրել գույքի ու եկամուտների հայտարարագիր (2016թ. փետրվարի 1-ից մինչև 2017թ. նույն ժամանակահատվածի դրությամբ), որտեղ արտացոլված է Էջմիածնում գտնվող միայն մեկ անշարժ գույք՝ Ալավերդյան փողոցի վրա գտնվող առանձնատունը՝ 995,6 քմ մակերեսով: Մնացած անշարժ գույքը հայտարարագրված չէ, մինչդեռ այդ անշարժ գույքը հաշվառված է Մանվել Գրիգորյանի անունով, և նա դրա համար գույքահարկ է վճարել Էջմիածնի քաղաքապետարանին:

Ամբողջությամբ հայտարարագրված չեն նաև նրա ունեցած ավտոմեքենաները: Դրանց մի մասը երևաց նաև ԱԱԾ-ի տարածած տեսանյութով: Քաղաքապետարանում հաշվառված 17 ավտոմեքենաներից միայն 8-ն է հայտարարագրված: Օրինակ՝ հայտարարագրված չեն «GAZ CHAYKA 14» ավտոմեքենաներից մեկը, «UAZ 469B» ավտոմեքենան և այլն: Մանվել Գրիգորյանը թերի հայտարարագիրը ներկայացրել է նաև բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով:

Աղբյուրը՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողով

Մանվել Գրիգորյանի այլ ունեցվածքին անդրադարձել ենք դեռևս 2014թ: Այդ ժամանակ գրել էինք, որ նա միայն Արմավիրի մարզի Արշալույս գյուղում սեփականության կամ օգտագործման իրավունքով 35 անուն անշարժ գույք ունի: Դրանք հողամասեր են, շենք-շինություններ՝ առանձնատներ, գործարաններ, բենզա եւ գազալցակայաններ, հանգստյան գոտիներ, ռեստորան, շոգեբաղնիք, ձիարշավարան, տասնյակ հեկտարներով խաղողի եւ ծիրանի այգիներ, ջերմոցային տնտեսություններ, շուկա, անասնագոմեր, խոտհարքներ, ցորենի դաշտեր և այլն:

Նազիկ  Ամիրյանը Մանվել Գրիգորյանի հետ գտնվում է քաղաքացիական ամուսնության մեջ: Նա հայտարարագիր ներկայացնող սուբյեկտ չէ, ուստի տարիներ շարունակ նրա ունեցած գույքն ու եկամուտները դուրս են մնացել հանրային վերահսկողությունից:

Նազիկ Ամիրյանի անունով միայն Էջմիածնի քաղաքապետարանում հաշվառված է 6 միավոր անշարժ գույք, որից 3-ը ոչ գյուղատնտեսական նշանակության հողեր են և սպասարկում են նրա ունեցած շենքերը: Նրա անունով է հաշվառված նաև թանկարժեք 2 ավտոմեքենա՝ «ROLLS ROYSSE PAANTOM» և «TOYOTA LC 200 4.0»:

Նազիկ Ամիրյանի անունով է հաշվառված նաև «BOMBARDIR» ֆիրմայի ջրային մոտոցիկլետ, որի համար որպես գույքահարկ տարեկան վճարում է 34,500 դրամ: Միայն նշված երեք փոխադրամիջոցների գույքահարկը կազմում է 501 հազար դրամ:

Էլյա Գրիգորյանը Մանվել Գրիգորյանի՝ ՔԿԱԳ մարմնում գրանցված կինն է: Վերջինիս անունով Էջմիածնի քաղաքապետարանում հաշվառված է 4 ոչ գյուղատնտեսական նշանակության հողամաս, 1 բնակարան «Զվարթնոց» թաղամասում և նույն տարածքում շինություն և ոչ գյուղնշանակության հողամաս: Էլյա Գրիգորյանի անունով է հաշվառված նաև «MERCEDES BENZ S600» մակնիշի ավտոմեքենա: Վերջինս թանկարժեք է, գույքահարկը կազմում է 300 հազար դրամ:

Նշենք, որ Էլյա Գրիգորյանին պատկանող թվով երեք հողամասերը գտնվում են Էջմիածին քաղաքի կենտրոնական հատվածում՝ Բաղրամյան փողոցի հարևանությամբ: Նախկինում այդ տարածքը պատկանել է քաղաքի թիվ 1 դպրոցին, որից հետո ինչ-ինչ ճանապարհներով տարածքը սեփականաշնորհել են Գրիգորյանները: Դրա մի մասը վարձակալությամբ տրված է «Թիվ 1» սուպերմարկետին և ծառայում է որպես անվճար ավտոկայանատեղի: Հողամասերի վրա կան կիսակառույցներ, և տարիներ շարունակ դրանք ավարտուն տեսքի չեն բերվել:

Արման Գրիգորյանը պատգամավորի որդին է: Նա Էջմիածնի համայնքապետարանի ավագանու անդամ է: Արմանի անունով է հաշվառված իրականում նախկին քաղաքապետ եղբորը՝ Կարեն Գրիգորյանին պատկանող շքեղ առանձնատունն ու տնամերձ հողամասը: Այն գտնվում է Էջմիածնի Տերյան փողոցի հարևանությամբ: Նրա անունով է հաշվառված նաև մեկ այլ շքեղ առանձնատուն՝ Մելիքյան փողոցում: Արման Գրիգորյանը Էջմիածին-Երևան ավտոճանապարհի հարևանությամբ ունի նաև հողամաս և շինություն: Նրա անունով է հաշվառված «MERCEDES BENZ S600» մակնիշի թանկարժեք ավտոմեքենան, որի գույքահարկը կազմում է 445 հազար դրամ:

Պատգամավորի մյուս որդին՝ Արա Գրիգորյանը, ևս անմասն չի մնացել Էջմիածին քաղաքից: Նրա անունով է հաշվառված Վազգեն Սարգսյան փողոցի վրա գտնվող հողամասն ու շենք-շինությունը: Արա Գրիգորյանն ունի նաև «HYNDAI AZERA 2.4L» ավտոմեքենա:

Մանվել Գրիգորյանի նախկին քաղաքապետ որդին՝ Կարեն Գրիգորյանը, Էջմիածնի համայնքապետարանում հաշվառել է միայն «AUDI Q5» մակնիշի ավտոմեքենա: Իսկ ընդհանրապես, Կարեն Գրիգորյանը բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացրած հայտարարագրում, բացի «AUDI Q5» մակնիշի ավտոմեքենայից, նշել է նաև մեկ առանձնատուն, մեկ բնակարան: Քանի որ հայտարարագրում գույքի հասցեն օրենքով պաշտպանված է, հետևաբար չենք կարող նշել, հայտարարագրված առանձնատունն ու բնակարանը Էջմիածին քաղաքում են գտնվում, թե ոչ:

Մանվել Գրիգորյանի ավագ դուստրը՝ Նաիրա Գրիգորյանը, Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր է: Նրա անունով Էջմիածնի համայնքապետարանում հաշվառված է միայն առանձնատուն և տնամերձ հողամաս:

Շքեղ առանձնատներ, չնչին գույքահարկ

Գրիգորյանների գույքի վերաբերյալ տվյալներից բացի` Էջմիածնի համայնքապետարանից հարցումով ստացել ենք նաև նրանց կողմից վճարվող գույքահարկի վերաբերյալ տեղեկություններ: Ուսումնասիրությունից պարզ դարձավ, որ տարիներ շարունակ նրանք վճարել են չնչին հարկեր:

Մանվել Գրիգորյանին պատկանող Ալավերդյան փողոցի վրա գտնվող երկհարկանի 995,6 քմ մակերեսով շքեղ առանձնատան համար վճարվում է 240 հազար դրամ գույքահարկ: 7300 դրամ էլ վճարվում է նույն հասցեի ոչ գյուղատնտեսական նշանակության հողատարածքի համար: Պատգամավորի սեփականությունը հանդիսացող «Երկրապահ»-ի թանգարանի տարածքի գույքահարկը տարեկան կազմում է 186 հազար դրամ:

Չարենց փողոցի վրա է գտնվում Նազիկ Գրիգորյանին պատկանող հսկայական մի շենք: Տեղացիները պատմեցին, որ այն գործարանի տարածք է: Ըստ քաղաքապետարանի տրամադրած տեղեկատվության, այդ հասցեի շինության 2017թ. համար վճարման ենթակա է ընդամենը 40 800 դրամ գույքահարկ և 11 հազար դրամ հողի հարկ:

Չնչին գույքահարկ է վճարվում նաև Արման Գրիգորյանի անունով հաշվառված Տերյան փողոցի հարևանությամբ գտնվող առանձնատան համար: 2017թ. շենքի գույքահարկը կազմում է մոտ 68 հազար դրամ, իսկ ոչ գյուղնշանակության հողամասինը՝ 21 հազար դրամ: Առանձնատունը նորակառույց է, բակում ունի լողավազան, մեծ հողատարածք:

Արման Գրիգորյանին պատկանող Մելիքյան փողոցի հարևանությամբ գտնվող առաձնատան գույքահարկը կազմում է ընդամենը 23 հազար դրամ, իսկ նույն հասցեի ոչ գյուղնշանակության հողատարածքինը՝ 2300 դրամ:

Մանվել Գրիգորյանի դատավոր դստեր՝ Նաիրա Գրիգորյանի Միչուրին փողոցում գտնվող երկհարկանի, մարմարեպատ առանձնատան 2017թ. վճարման ենթակա գույքահարկը կազմում է  33 500 դրամ, իսկ նույն հասցեի ոչ գյուղնշանակության հողամասի գույքահարկը 2500 դրամ է:

Նույն «սկզբունքով» են վճարվել հարկերը նաև «Արա և Այծեմնիկ» ԲԲԸ-ի շենք-շինությունների, հողամասերի համար: Օրինակ՝ Զվարթնոց թաղամասում գտնվող ԱԳԼՃԿ-ի 2017թ. վճարման ենթակա գույքահարկը կազմում է 56 600 դրամ: Իսկ Էջմիածին-Շահումյան խճուղու հարևանությամբ գտնվող ԱԳԼՃԿ-ն իր շենք-շինությունների համար վճարում է ընդամենը 66 300 դրամ:

ԲԲԸ-ին պատկանող և Էջմիածնում հաշվառված 6 շինությունների և 12 ավտոմեքենաների գույքահարկը 2017թ. կազմել է  817 հազար դրամ: Ընդ որում՝ այդ շինություններից մեկը տեխզննման կայանն է, 2-ը՝ ԱԳԼՃԿ և այլն:   

Գրիգորյանների` Էջմիածին քաղաքում գտնվող ունեցվածքն այսքանով ով չի սահմանափակվում: Զգալի մասը գրանցված է այլ մարդկանց անուններով:

Լուսանկարները՝ Նարեկ Ալեքսանյանի

Source: X

Մասին Hetq.am

Avatar

Կարդացեք նաև

Էջմիածնի Չարենցի փողոցի բնակիչները դիմել էին 168.am-ի խմբագրություն՝ դժգոհելով քաղաքապետ Դիանա Գասպարյանի աշխատանքից

Էջմիածնի Չարենցի փողոցի բնակիչները դիմել էին 168.am-ի խմբագրություն՝ դժգոհելով քաղաքապետ Դիանա Գասպարյանի աշխատանքից: Ասում էին՝ …