Շաբաթ , Օգոստոսի 18 2018
Սկիզբ / Հասարակություն / Գագիկ Ծառուկյանին պատկանող ճոպանուղում փորձաքննություն չի իրականացվում

Գագիկ Ծառուկյանին պատկանող ճոպանուղում փորձաքննություն չի իրականացվում

2006 թվականից մինչ օրս արտակարգ իրավիճակների նախարարությունը ունեցել է չորս նախարար։ Սակայն նրանցից ոչ ոքի չի հաջողվել օրենքով նախատեսված փորձաքննությունն իրականացնել։

2006 թվականից մինչ օրս արտակարգ իրավիճակների նախարարությունը չի կարողացել Ծաղկաձորում շահագործվող ճոպանուղում անցկացնել տեխնիկական անվտանգության փորձաքննություն։

Հիշեցնենք, որ 2017 թվականին արտակարգ իրավիճակների նախարարության «Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ը Ծաղկաձորում հանգիստը կազմակերպող անձանց զգուշացրել է, որ ճոպանուղին շահագործվում է տեխնիկական անվտանգության օրենսդրության պահանջների կոպտագույն խախտումներով, որի պատճառով կարող են արտադրական դժբախտ դեպքեր եւ տեխնածին վթարներ տեղի ունենալ։

ՊՈԱԿ-ի փոխանցմամբ՝ ճոպանուղին պարտավոր էր գրանցվել արտադրական վտանգավոր օբյեկտների ռեեստրում և տարեկան առնվազն մեկ անգամ ենթարկվել տեխնիկական անվտանգության փորձաքննության, ինչի մասին բազմիցս տեղեկացրել էր շահագործողին, սակայն այդ հորդորները անտեսվել էին:

2018-ի հունվարին արտակարգ իրավիճակների նախարարությունը «Հետք»-ին հայտնել է, որ պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչությունը պայմանավորվածություն է ձեռք բերել Ծաղկաձորի ճոպանուղին շահագործող ընկերության հետ՝ մոտակա ժամանակահատվածում տեխնիկական անվտանգության փորձաքննություն իրականացնելու վերաբերյալ:

Նախարարության նշած մոտակա ժամանակից անցել է յոթ ամիս, սակայն ԱԺ պատգամավոր Գագիկ Ծառուկյանին պատկանող ճոպանուղում այդպես էլ փորձաքննություն չի իրականացվել։

Արտակարգ իրավիճակների ներկայիս նախարարը «Ծառուկյան» դաշինքի քվոտայով նախարար նշանակված Հրաչյա Ռոստոմյանն է։ Օրեր առաջ նախարարությունից հետաքրքրվեցինք՝ արդյոք խոստացված տեխնիկական փորձաքննությունը արդեն արվե՞լ է, թե՞ ոչ, և պարզվեց, որ ճոպանուղու փորձաքննությունը կրկին չի արվել։

ԱԻՆ-ի փոխանցմամբ՝ փետրվարի 2-ին «Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի և ճոպանուղու սեփականատեր «Լեռնատուր» ՍՊԸ-ի միջև կնքվել է ճողապանուղու տեխնիկական անվտանգության փորձաքննության պայմանագիրը, որը սակայն դեռևս ընթացքի մեջ է։

2006 թվականից մինչ օրս արտակարգ իրավիճակների նախարարությունը ունեցել է չորս նախարար։ Սակայն նրանցից ոչ ոքի չի հաջողվել օրենքով նախատեսված փորձաքննությունն իրականացնել։

Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի տվյալնելով՝ Ծաղկաձորի ճոպանուղին շահագործում է «Լեռնատուր» ընկերությունը, որի 50% բաժնեմասը պատկանում է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեին (ՀԱՕԿ): Կոմիտեի նախագահը պատգամավոր Գագիկ Ծառուկյանն է, իսկ ՀԱՕԿ կայքի տվյալներով ԱԻՆ նախարար Հրաչյա Ռոստոմյանը շարունակում է մնալ կոմիտեի գլխավոր քարտուղար։

Իսկ ընկերության մնացած 50%-ի սեփականատերը «Հեսպեր Վենչըրս» ՍՊԸ-ն է, որը գրանցված է ԱՄՆ-ի Արկանզաս նահանգում։ Քաղաքապետարանի հրապարակած փաստաթղթերից մեկից կարողացանք պարզել, որ գործարքներից մեկում այս ընկերության լիազորված անձ է ներկայացել Արայիկ Կեսոյանը, ով 2017 թվականի ապրիլի 2-ի ընտրություններին «Ծառուկյան դաշինք»-ից պատգամավորի թեկնածու էր առաջադրված: Բացի այդ, Արայիկ Կեսոյանը Գագիկ Ծառուկյանին պատկանող «Մուլտի Գրուպ» կոնցեռնի գլխավոր տնօրենի տեղակալն է:

Source: X

Մասին Hetq.am

Կարդացեք նաև

Փոփոխվելու է սննդամթերքում հակաբիոտիկների թույլատրելի քանակը

Նոր որոշումը արտադրողներին իրավունք է տալիս օգտագործել փորձաքննության ցանկացած մեթոդ։ Օգոստոսի 14-ից ուժի մեջ է …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով