Երեքշաբթի , Հոկտեմբերի 23 2018
Սկիզբ / Իրավունք / Պատժե՞լ, թե՞ կանխարգելել

Պատժե՞լ, թե՞ կանխարգելել

Քրեական հանցագործությունները վերացնելու կամ կրճատելու համար, պետությունը ոչ թե պետք է շարժվի պատիժների խստացման ճանապարհով, այլ առաջնորդվի հետևյալ երեք սկզբունքներով․ կանխարգելել, կանխարգելել և կանխարգելել․․․

2000-ականների սկզբներին էր, փողոցում պատահական հանդիպեցի այն ժամանակվա Հայաստանի ամենաճանաչված դատավորներից մեկին։ Տարբեր հարցեր քննարկելուց հետո, զրույցի վերջում նա ինձ մի խորհուրդ տվեց և հեռացավ․ «Դուք (նկատի ուներ ընդհանրապես իրավապաշտպաններին), հիմնականում մեղադրյալների շահերն եք պաշտպանում՝ չծեծել, չխոշտանգել և այլն։ Բայց մոռանում եք տուժողի իրավունքների մասին։ Բա նրանց մասին ո՞վ պետք է հոգ տանի։ Մտածեք նաև տուժողների իրավունքների մասին» ։

Հետագայում նմանատիպ կարծիքներ հաճախ եմ լսել։ Երկար տարիներ ոստիկանության համակարգում աշխատող, իմ վաղեմի ընկերը պատմելով իր տեսած հանցագործությունների մասին, անկեղծորեն, զայրացած ասում էր․ «Էն խեղճ մարդուն․․․, բա դրա հետ ո՞նց վարվես․․․ և այլն»։ Տարիներ առաջ էր, մի առիթով ծանոթացա մի խումբ բժիշկների հետ։ Ծանոթանալուց հետո, հետևեց նրանցից մեկի նախատինքով լեցուն հարցը «Հաա՜, էդ հանցագործների իրավունքներն եք պաշտպանում, բա մե՞նք՝ տուժողներս»։  Այս մտայնությունը տիրում է, ոչ միայն Հայաստանի դատաիրավական,  այլև պետական ոլորտի պաշտոնյաների գերակշիռ մասի, քաղաքական գործիչների, այլև հանրության շրջանում։ Կարելի է ասել, որ   քրեական հանցագործության մեջ մեղադրվողներին խոշտանգելու նկատմամբ վերաբերմունքի փոփոխություն,  գոնե ձևականորեն, ինչ-որ չափով առկա է։ Բայց, արդյո՞ք այն անկեղծ է,թե՞ այն պայմանավորված է միայն  Հայաստանի միջազգայն կառույցների նկատմամբ ընդամենը ինչ-ինչ պարտավորություններով և պետք նրանց առջև մտահոգ դեմքով արդարանալ, թե ա՛յ եթե օգնեք (ֆինանսավորեք) և այսինչ օրենքն ընդունենք՝ իրավիճակը կփոխվի:

Սակայն մեր պաշտոնյաների «գթասրտությունը» տուժողների շահերը պաշտպանելու պատճառաբանությամբ, հետևաբար դատապարտվածների, հատկապես ցմահների նկատմամբ վերաբերմունքի փոփոխության նկատմամբ՝ անդրդվելի է։ Վերջին օրինակը ՀՀ Արդարադատության նախարարի հնչեցրած կարծիքն է։

 Նույնիսկ ճանաչված փաստաբաններից մեկը մի քննարկման ժամանակ առաջարկեց, որ դատապարտվածներին  ներումներից և համաներումներից, վաղաժամկետ, պայմանական ազատելուց առաջ հարցնեն տուժողների կարծիքը ավելացնելով, իհարկե, որ այն իմպերատիվ լինել չի կարող։ Բայց այդ դեպքում ի՞նչ իմաստ ունի տուժողին հարցնելը, եթե այն կարող է անտեսվել, և արդյունքում ևս մեկ անգամ նրան ցավ պատճառել ։

Մի կողմ թողնենք այն հանգամանքը, որ մեր դատաիրավական ոլորտի պաշտոնյաները, փաստորեն, անտեսում են ՀՀ Քրեական, Քրեադատավարական, Քրեակատարողական օրենքների, միջազգային պարտավորությունների համապատասխան նորմերը և ավանդական մտածողության իներցիայով «արդարություն» (ոչ թե արդարադատություն՝ հիմնված օրենքի և իրավունքի վրա) են իրականացնում։

Կցանկանայի որոշ հարցեր ուղղել ինչպես մեր պաշտոնյաներին, այնպես էլ հանրությանը․

1.Արդյո՞ք մեր դատաիրավական համակարգը այնքան անկախ, պրոֆեսիոնալ և անաչառ է, որ  բացահայտում է  բոլոր հանցագործությունները և մեղավորներն օրենքի տառին համապատասխան պատժի են արժանանում։ Հանրությանը հայտնի են բազմաթիվ դեպքեր, երբ ակնհայտ հանցագործությունները կամ ընդհանրապես կոծկվում են, կամ պատշաճ քննություն չեն իրականացվում (պաշտոնյաների և նրանց մերձավորների քաջագործություններից սկսած, կաշառքով քրեական պատասխանատվությունից խուսափածներով շարունակած, խաղաղ պայմաններում բանակում զոհված զինծառայողների չբացահայտված գործերով վերջացրած)։ ․․․ Իսկ խեղճ տուժողները մնում են ձեռնունայն: Եվ տեսնելով նրանց նկատմամբ նույն պաշտոնյաների վերաբերմունքը, կարծես թե այս տուժողները, նրանց համար տուժողներ չեն;

Եվ, արդյո՞ք նույն մեր դատարանները զերծ են, ընդհանրապես դատական սխալից, երբ նույնիսկ, արդեն տասնամյակների ընթացքում ձևավորված իրավական երկրներում, պարբերաբար բացահայտվում են անհարկի, անմեղ դատապարտվածներն ու արդարացման վճիռներ են կայանում: Ինչ-որ չեմ հիշում, որ մեր դատարանները, թեկուզ, նոր երևան եկած հանգամանքների հիմքերով, արդարացման որոշումներ կայացնեն։ Նրանք, իհարկե, զերծ են սխալներից, նաև տուժողների շահերի մտահոգությունից ելնելով։

2. Չնայած 1991թ․ ՀՀ նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հրամանագրով Հայաստանում մահապատժի իրականացման  մորատորիում էր հայտարարված, սակայն մահապատիժը որպես դատավճիռ կայացվում էր։ 2003թ․ ԵԽ առջև ստանձնած պարտավորությունների  կատարման շրջանակներում, ընդունվեց նոր Քրեական օրենսգիրքը, դե յուրե վերացնելով մահապատիժը։ Սրան հետևեց նախագահ Ռ․ Քոչարյանի, իմ համոզմամբ,  ոչ իրավական հրամանագիրը, մինչ այդ 42 մահվան դատապարտվածներին ներում շնորհելու և միաժամանակ նրանց ցմահ ազատազրկման դատապարտելու մասին։ Բացի Ռ․ Քոչարյանին կամայական որոշման համար քննադատելուց, ինքներս մեզ հարցնենք, արդյո՞ք նա նաև հաշվի չառավ և չբավարարեց հանրության վերաբերմունքը այդ «տականքների» նկատմամբ հումանիզմ, իսկ իրականում օրենք կիրառելու  համար։ Առանց այն էլ հիշում եմ, թե մեր հասարակական-քաղաքական շրջանակները որքան դեմ էին մահապատժի վերացմանը։

Ինչևէ, նորից հարց․ արդյո՞ք մեր դատարանները ամբաստանյալներին մահապատիժ, այնուհետև ցմահ ազատազրկման  դատապարտելիս, միանգամայն անաչառ են եղել, զերծ՝ «վերևների» ցուցումներից, քաղաքական, նաև հասարակական պահանջից։ Արդյո՞ք դատարանները միշտ նմանատիպ հանցագործությունների համար բոլորին մահապատժի կամ ցմահ ազատազրկման են դատապարտել։ Արդյո՞ք չեն եղել դեպքեր, որ առավել ծանր հանցագործության մեջ մեղադրվողը «խուսափել» է առավելագույն պատժաչափից և այժմ ազատության մեջ է, և հակառակը։ Եվ վերջապես, 2011թ․ քրեական օրենսգրքի փոփոխությունների մասին։ Այդ փոփոխություններով  15  տարվա  և ցմահի  միջև ավելացան 20-25 տարիների ազատազրկման հոդվածները։ Այն ժամանակվա գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը բավականին հիմնավոր բացատրություն տվեց արվելիք փոփոխությունների մասին, այն է՝ քանի որ 15 տարվա և  ցմահ ազատազրկման պատժաչափերի միջև ճեղքվածքը շատ մեծ է և առանձնապես ծանր հանցագործություններ քննելիս, հաճախ դատարանները դժվարությամբ են կողմնորոշվում  պատժաչափ ընտրելիս։ Օրենքն ընդունելուց հետո, այս 7 տարիների ընթացքում ցմահ ազատազրկման է դատապարտվել ընդամենը երկու հոգի, եթե մինչ այդ տարեկան մոտ 5-ը  Տրամաբանական հարց է ծագում, եթե սույն պատժաչափերը գործեին, արդյո՞ք այսօրվա շատ ցմահներ, այլ պատժաչափերով չէին դատապարտվի։ Սակայն նրանց բոլոր փորձերը, սույն փոփոխությունները, որպես նոր հանգամանք կիրառելու և իրենց գործերը վերանայելու, որևէ արդյունք չտվեցին։ Համոզված եմ, որի համար կան նաև որոշակի հիմքեր, որ ցմահ ազատազրկվածներին որևէ կերպ (2003, 2011թթ․ իրավական հիմնավորումներով, նոր երևան եկած հանգամանքներով, վաղաժամկետ, պայմանական ազատման) պատժից ազատելու, ավելի ճիշտ չազատելու մասին քաղաքական որոշում կար, այն ասեկոսեների միջոցով հիմնավորելով որպես տուժողների մասին հոգածություն։ Արդյո՞ք , թավշյա և սիրո հեղափոխությունից հետո այս բնագավառում իրավիճակը չի փոխվելու։ Ցմահների հարցին անդրադառնալիս, անհրաժեշտ է հիշել նաև նրանց նկատմամբ դրսևորված անմարդկային վերաբերմունքն ու խոշտանգումները, որոնք կատարվել են , հատկապես 90-ականներին («Ցմահների խնդիրը» և դրա լուծումը, Խոստացած 2 տարին դարձել է 19 տարի. հարցազրույց հետախույզ Սողոմոն Քոչարյանի հետ):

3.Այժմ մի քանի հարցեր և նկատառումներ տուժողների վերաբերյալ;

Եթե մոռանանք բոլոր օրենքներն ու առաջնորդվենք այն վարկածով, որ մեր դատաիրավական համակարգն անկախ, պրոֆեսիոնալ, անաչառ է, և գործում է միմիայն տուժողների շահերից ելնելով, ապա արդյո՞ք մեր հանրությունը պատրաստ է անկողմնակալ լինելու։ Նկատի ունեմ, արդյո՞ք տուժողների գերակշիռ մասը հակված չի լինի, նույնիսկ ամենաթեթև հանցագործության դեպքում, մեղադրյալին խոշտանգելու և ամենախիստ պատիժ պահանջելու։ Եվ արդյո՞ք, տուժողների մեծ մասը դեմ չեն լինի, իրենց գործով դատապարտվածի ցանկացած ձևով (ներում, համաներում, վաղաժամկետ, պայմանական ազատում և այլն) ազատ արձակմանը: Այս դեպքում, չափազանցություն չթվա, բայց կարելի է բոլոր տիպի հանցագործությունների համար դատապարտել ցմահ ազատազրկման (ափսոս մահապատիժը վերացել է) և, այս տրամաբանությամբ,  բոլոր տուժողները բավարարված կլինեն։ Իսկ որքան դեպքեր կան, երբ հանիրավի դատապարտվում է անմեղ մարդը, բայց տուժողը, չնայած իր իսկ կասկածներին, բավարարվում է, որ գոնե ինչ-որ մեկը դատապարտվեց։ Իսկ եթե մեղադրյալի, ամբաստանյալի, դատապարտվածի ճակատագիրը որոշելիս, այդ թվում պատժից ազատելու հարցը քննելիս, հաշվի ենք առնում տուժողի կարծիքը, ապա չե՞ք կարծում, որ դուռ ենք բացում կոռուպցիայի։ Հայտնի են բազմաթիվ դեպքեր, երբ նույնիսկ ամենածանր հանցագործություններ կատարած անձը տուժողին կաշառելով, նրան դրդել է չբողոքել և հրաժարվել մեղադրանքից («արյունը ծախել է»)։

Քրեական իրավունքի հանրահայտ մասնագետ, Սարաևոյի համալսարանի պրոֆեսոր Գորան Շիմիչը, թերևս մեր հանրության համար, դեռևս,  անընդունելի, բայց իմ կարծիքով շատ առաջադիմական տեսության հեղինակ է։ Ըստ Շիմիչի  պետությունը  հանցագործությունների դեպքում, տուժողի փոխարեն վրեժ է լուծում մեղադրյալից։ Արդյունքում, մեղադրյալին պետությունը պահում է ազատազրկման վայրում, իր պարտականությունները կատարված համարելով և․․․մոռանալով տուժողին։ Շիմիչի կարծիքով եթե պետությունը մտածում է տուժողի մասին , ապա նրան պետք է միշտ ուշադրության կենտրոնում պահի և՛ բարոյական և՛ ֆինանսական աջակցության միջոցով։ Ֆինանսական աջակցությունն իրականացվում է հատուկ ստեղծված ֆոնդի միջոցով, որի համար միջոցներ են գանձվում նաև դատապարտյալների (պարտադիր չէ ազատազրկման վայրում) հարկադիր աշխատանքից: Իսկ քրեական հանցագործությունները վերացնելու կամ կրճատելու համար, պետությունը ոչ թե պետք է շարժվի պատիժների խստացման ճանապարհով, այլ առաջնորդվի հետևյալ երեք սկզբունքներով․ կանխարգելել, կանխարգելել և կանխարգելել․․․

Առաջարկություններ․

-Ընդունել Հայաստանում մեծ  համաներման մասին վերջին օրենքը։ Վերջին, քանի որ հուսով եմ, որ եթե օրենքին համապատասխան գործի վաղաժամկետ, պայմանական ազատման մեխանիզմը, այլևս համաներման կարիք չի լինի։

Համաներման օրենքում ներառել ցմահ ազատազրկվածների հետևյալ կատեգորիաները․

Ա․ բոլոր նրանց, ովքեր մինչև 2003թ․ մահապատժի են դատապարտված եղել։ Սրանով կվերացվի նույն թվականից շարունակվող անարդարությունը;

Բ․ բոլոր նրանց, ովքեր ցմահ ազատազրկման են դատապարտվել մինչև 21տարեկանը։ Այս տարիքում դատապարտվածները, հիմնականում, զինվորական հանցագործությունների համար են դատապարտվել։ Մի կողմ դնենք, թե առանձին գործերով դատավճիռների հետ կապված, ինչ հիմնավոր կասկածներ կան, հաշվի առնենք, որ նրանք էլ զոհեր են, հասարակության և բանակում տիրող բարքերի։

Վերանայել մինչև 2011թ․ ցմահ ազատազրկվածների գործերը՝ հիմք ընդունելով քր․ օրենսգրքի այդ թվականի փոփոխությունները։

Վերանայել 20 տարին լրացած, բայց վաղաժամկետ, պայմանական ազատումը, որպես կանոն, կամայական մերժված ցմահ ազատազրկվածների ազատման հարցը։

Եվ վերջապես նոր քր․ օրենսգրքում վերացնել ցմահ ազատազրկումը, ինչպես մի շարք քաղաքակիրթ երկրներում (Իսպանիա, Պորտուգալիա, Նիդերլանդներ, Նորվեգիա, Խորվաթիա, Սլովենիա): Եթե մեր իշխանություններն ու հանրությունը դեռ սրան պատրաստ չեն, առաջարկում եմ կոմպրոմիսային տարբերակ՝ ցմահ ազատազրկում չկիրառել  մինչև 21 տարեկանը։

Ավետիք Իշխանյան

 

 

 

Source: X

Մասին Hetq.am

Կարդացեք նաև

Փաշինյանի արտաքին հարցերով գլխավոր խորհրդական Արսեն Գասպարյանը պարտքեր ունի արտասահմանում.Նրա դեմ դատական հայց են ներկայացրել American Express-ը և Capital One Bank-ը. Aravot

Eurasianet.org կայքը ծավալուն հոդված է հրապարակել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի արտաքին հարցերով գլխավոր խորհրդական Արսեն …