Երկուշաբթի , Սեպտեմբերի 24 2018
Սկիզբ / Հասարակություն / Փաշինյանի բեռը. Մարությանը կարող է ամեն բան փչացնել

Փաշինյանի բեռը. Մարությանը կարող է ամեն բան փչացնել

Ինչպես հայտնի է, արդեն մի քանի օր է, ինչ մեկնարկվել է Երևանի ավագանու ընտրությունների քարոզարշավն, ու առաջիկա մեկ ամսվա ընթացքում քաղաքապետի թեկնածուները հնարավորություն են ունենալու համոզելու երևանցիներին, որ հենց իրենք կամ իրենց կողմից ներկայացվող այս կամ այն քաղաքական ուժն է, որ կարող է լուծում առաջարկել այն բազմաթիվ խնդիրներին, որոնք այսօր կուտակվել են Երևանի առաջ:

Այս ընտրությունների հիմնական ֆավորիտը դերասան Հայկ Մարությանն է:
Վերլուծաբաններն ու քաղտեխնոլոգները միաբերան պնդում են, որ մյուս ուժերը որևիցե շանս չեն ունենալու այս պայքարում, և, որ, հատկապես, Փաշինյանի գործոնով պայմանավորված՝ Մարությանի համար առանձնակի դժվարություն չի նեկայացնելու գրավելու քաղաքապետի պաշտոնը:
Ինչ խոսք՝ միգուցե մասնագետներն այս պարագայում անսխալ են, սակայն հարցն այստեղ այն է, թե նախ՝ որքանո՞վ կարելի է օրինական կամ ընդունելի համարել այն, որ մի ողջ երկրի վարչապետ փաստացի սեփական լիազորությունների պատշաճ կատարման հաշվին ձեռնամուխ է եղել թիմակցի քարոզարշավի իրականցմանն, ապա՝ որքանո՞վ է ճիշտ առաջադրել մեկին, ով, խոստովանենք, մղոններով հեռու է գտնվում այն ոլորտից, որը պատրաստվում է ղեկավարել:
Ասում են՝ Հայկը պայքարել է, ասում են՝ ազնիվ է:
Չենք վիճում:
Սակայն, արդյոք, այդ ամենը բավարա՞ր է՝ կատակերգուին Երևանի ղեկավար կարգելու համար: Կներե՛ք, իսկ ո՞վ չի պայքարել: Հայ ժողովրդի 90%-ը թե՛ երկրի ներսում, թե՛ Սփյուռքում մշտապես պայքարի բովի մեջ է եղել, թրծվել: Ո՞րն է այստեղ փաստարկը…
Իրականում անզեն աչքով էլ տեսանելի է, որ Մարությանը պատրաստ չէ՝ նման պատասխանատու պաշտոն զբաղեցնելու ու կարող է նույնիսկ ավելորդ բեռ դառնալ Փաշինյանի ուսերին ինչպես և է: Եվ ինչպե՞ս կամ ինչքան ժամանակ է Փաշինյանը պատրաստվում սրբագրել Մարությանի լյապերն ու կիքսերն, այն պարագայում, երբ պարզ դարձավ, որ դրանք, ըստ էության, բավական շատ են լինելու՝ Հայկի անպատրաստվածության, քաղաքականության լեզվին չտիրապետելու և այլ պատճառներով:
Ակնհայտ է, որ, ասենք, շաբաթը մեկ քաղաքի մեջտեղում հանրահավաքներ անելով ու դրանց ընթացքում Հայկոյին արդարացնելով հեռուն չես գնա: Ոլորտից հասկացող մասնագետներ են նախևառաջ երկրին պետք, մինչդեռ Փաշինյանի կադրային քաղաքականությունը հուշում է, որ նպատակային մոտեցում այս հարցին չի ցուցաբերվում: Միայն Մակունցի՝ մշակույթի նախարար նշանակվելու հանգամանքը բավարար է, որպեսզի պարզ դառնա, թե ինչի հետ գործ ունենք և որն է իշխող տրամաբանությունն այս հարցում…
Մինչդեռ ասում են՝ Հայաստանում տեղի ունեցածը սիրո ու համերաշխության հեղափոխություն է:
Այս կապակցությամբ մի շատ հետաքրքրական հարց է առաջ գալիս՝ ի՞նչ պետք է անել, որպեսզի հնարավոր լինի համոզվել, որ այն, ինչ պնդում են, իրականություն է: Այս իմաստով պետք է նկատել, որ նմանօրինակ պնդման լավ ապացույց կարող էր լինել այն, եթե ասենք ՔՊ-ն, ցուցաբերելով քաղաքական լայնախոհություն, հանդես գար ոչ թե սեփական թեկնածուով, այլ պաշտպաներ Զարուհի Փաստանջյանի թեկնածությունն, ում փաստացի մենակ են թողել այն պարագայում, երբ հայտնի է, թե ինչ հսկայական լումա ունի ներդրած Փոստանջյանը տեղի ունեցած հեղափոխությունում ու թե որքան է պայքարել Հայաստանի ժողովրդավարացման համար:Մինչդեռ այս ընթացքում ականատես ենք դառնում մեկ բանի՝ Հայաստանի տոտալ ՔՊ-ականացման:
Հայտնի պատմությունը կրկնվում է, տեղի է ունենում ընդամենը գումարելիների տեղերի փոփոխություն, ՀՀԿ-ի մայրամուտին հաջորդում է ՔՊ-ի արևածագը, որի վերջնարդյունքը դառնալու է ողջ իշխանության կենտրոնացումը մեկի ձեռքում:
Եվ ո՞ւր մնաց ժողովրդավարությունը, և ո՞ւր մնաց նոր Հայաստանը…

Source: USAArmenia

Մասին USArmeniaNews.com

Կարդացեք նաև

Լավ կլիներ, Հայկ Մարությանը այդ մասին հրապարակային պարզաբանում տար ու մանրամասներ «Փակագիծ»

«Իմ քայլը» դաշինքի քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանը հաճախ է քարոզարշավների ժամանակ խոսում օրենք հարգելուց, բարոյական …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով