Հինգշաբթի , Մայիսի 23 2019
Սկիզբ / Մանկավարժի անկյուն / Մի նոր բարեգործական նախաձեռնություն իմ գրքի հրատարակությանը

Մի նոր բարեգործական նախաձեռնություն իմ գրքի հրատարակությանը

Մեր օրերում շատերն ունեն լայն հնարավորություն, բայց ոչ բոլորն են ընդունակ մարդասիրական օժանդակություն ցուցաբերելուն, երբ այն վերաբերում է դրամական օգնության: Նույնքան դժվար է նաև մանկավարժիս համար գիրք հրատարակելը /900 հազար դրամ/, երբ այն ծախսատար է ու ոչ հասանելի ուսուցչուհուս համեստ աշխատավարձին: Այս անգամ ինձ ձեռք մեկնողը մեր դպրոցի 1969-70 ուստարվա շրջանավարտ Սվետլանա Օհանջանյանն էր, ով ապրում է Երևանում, բայց երբեք չի մոռանում իր դպրոցն ու այնտեղ դասավանդող ուսուցիչներին: Իմ «Մանկավարժի օրագրի» 2-րդ մասի հրատարակությանը նրա կողմից 200 հազար դրամ գումարի օգնությունը և՛ անսպասելի էր, և՛ շնորհակալությամբ լեցուն, որ փոխանցեց մանկավարժիս:

Շնորհակալությունս Սվետլանա Օհանջանյանին հեռախոսազրույցով էր, որ հայտնեցի նրան մե՛կ ամաչելով, մե՛կ հարգանքի դրսևորումով: Ես խոսում էի մեկի հետ, ում անուն լսելի էր ինձ տարիներ շարունակ, տեսել էի անգամ մեր դպրոցում, բայց առերես նրա հետ խոսակցություն երբևէ չէի ունեցել: Դպրոցական տարիների աղոտ հիշողությանս մեջ նրան տեսնում էի երբեմն, բայց հայրը՝ Սեդրակ Օհանջանյանը, ճանաչված մաթեմատիկոս էր, դպրոցի ուսուցիչ, ում տարիների վաստակն իր բարեբեր ծիլերն էր տվել դեռ խորհրդային տարիներին:
1970-74 թվականներին Սվետլանա Օհանջանյանը Երևանի պետական համալսարանի ապրանքագիտական բաժնում էր սովորում: Ժամանակի ընթացքում նա ընտանիք կազմեց ու հաստատվեց մայրաքաղաքում, աշխատանքն էլ իր բնույթով մասնագիտությանը համահունչ էր, երբ դարձավ կտորեղենի խանութի տնօրեն: Որքան զարմանալի, նույնքան ուրախալի էր, որ երբեմն նա անմասն չէր թողնում ուսուցիչներիս՝ առիթից առիթ տոնական օրերի իր շնորհավորանքներով, երբեմն նույնիսկ մեզ ուղարկած նվերներով:
Այստեղ նա հարազատ դպրոց ունի, իր համար վաղուց առավել հարազատ է դարձել դպրոցի տնօրեն Լիդիա Պետրոսյանը, ում երբևէ չի մոռանում: Այս անգամ էլ նա դպրոցի ուսուցչուհուս գիրք հրատարակելուն տեղեկացավ մեր տնօրենից ու այս հայրենանպաստ օժանդակությանը ձեռք մեկնեց՝ հնարավորություն ընձեռելով ինձ, որ խորապես շնորհակալ լինեմ թե՛ իրեն, թե՛ իր ուսուցչի գրքի հրատարակության համար մտահոգ մեր դպրոցի տնօրենին:
2008-ին Սվետլանա Օհանջանյանի կողմից գեղեցիկ նախաձեռնություն էր, որ դպրոցում դասարան անվանակոչվեց իր հանգուցյալ հայրիկի՝ մաթեմատիկայի ուսուցիչ Սեդրակ Օհաջանյանի հիշատակին, ու արժանավոր դուստրը վերանորոգեց այդ դասարանը, կահավորեց գույքով, նվիրեց համակարգիչ… Պատվավոր միջոցառման մասնակիցների մեջ նա արժանավոր հյուրերի մեջ էր իր շնորհակալական գործով, ուսուցչի աշխատանքի հանդեպ ունեցած ուշադիր վերաբերմունքով:
Արցախը Սվետլանա Օհանջանյանի համար հարազատ տուն է, երբ հայրական օջախ կա, մտերիմ մարդիկ, նրա համար այստեղ սիրելի կրթօջախ կա, անցած օրերի դպրոցական հիշողություն: Դպրոցի ուսուցչուհուս գրքի հրատարակությանը օժանդակելու նրա մարդասիրական մոտեցումին ավելացած շնորհակալական խոսքեր կան այստեղ, որ հարմար գտա այս հրապարակումով արտահայտել: Երախտապարտ եմ, երբ ուսուցչի աշխատանքին նվիրումով են վերաբերվում, այն գիտակցումով, որ աշակերտ կրթելը շնորհակալ գործ է, նրանց ուսուցանելը՝ առաքելություն, իսկ «Մանկավարժի օրագրին» օգնություն ցուցաբերելը՝ ազնիվ արարք, բարեգործական նախաձեռնություն:
Նատաշա Պողոսյան
Source: USAArmenia

Մասին USArmeniaNews.com

Կարդացեք նաև

Մի հետադարձ հայացք, որ ծննդյան օր է ավետում

Շնորհավոր ծնունդդ, սիրելի՛ս: Այսօր ծննդյան օրդ է, իսկ ես հիշողությունների մեջ եմ: Երբևէ չասես, թե …