Հինգշաբթի , Հոկտեմբերի 18 2018
Սկիզբ / Սփյուռք / «Bridge of Health Armenia».Առաջին Տիկինն ու Անահիտ Բարսեղյանը նոր հորիզոններ են բացում

«Bridge of Health Armenia».Առաջին Տիկինն ու Անահիտ Բարսեղյանը նոր հորիզոններ են բացում

Սեպտեմբերի 23-ին, Լոս Անջելեսում կայացավ «Գույն Գալա» խորհրդանշական անվանումն ունեցող ընթրիքը, որը թվով 4-րդն էր, անկրկնելի մթնոլորտում անցավ՝ սփռելով հույս, կարեկցանք ու անսպառ ջերմություն: Միջոցառումն, որը կազմակեպվել էր բացառապես բարեգործական նպատակներով, իրականություն էր դարձել քաղցկեղով հիվանդ երեխաներին օժանդակության համար ստեղծված հիմնադրամի համահիմնադիր Անահիտ Բարսեղյանի նախաձեռնությամբ ու ջանքերով, ով, ի դեպ, ժամանակին սեփական մաշկի վրա է զգացել՝ ինչ է նշանակում լինել քաղցկեղով հիվանդ երեխայի մայր և ինչ է նշանակում սրտացավ մարդկանց օգնությամբ ու աջակցությամբ հաղթահարել մի խնդիր, որի հաղթահարումը շատերի համար անիրական է թվում նույնիսկ այսօր:

Հիմնադրամն, որ արդեն 6 տարի է՝ գործում է Հայաստանում ու որը մասնաճյուղ ունի նաև Լոս Անջելեսում՝ կրելով «Bridge of Health» անվանումը, այս տարիների ընթացքում հասցրել է բազմաթիվ քաղցկեղով հիվանդ երեխաների ցուցաբերել անգնահատելի օգնություն (խոսքը մոտ 128 մանուկների մասին է), կյանքեր փրկել, հույսի աղբյուր դառնալ հիվանդ փոքրիկների ծնողների համար:
Քաղցկեղով հիվանդ երեխաների կյանքը գույնզգույն երանգներով ներկելուն, նոր բովանդակություն հաղորդելուն միտված բարեգործական միջոցառմանը ներկա էին բազմաթիվ հայտնի դեմքեր, որոնց շարքում նախևառաջ հարկ է հիշատակել Գլենդելի քաղաքապետ Զարեհ Սինանանյանի, Հյուսիսային Ամերիկայի Արևմտյան Թեմի տեր. Ավետիս քահան Աբովյանի, «The California Courier» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր Հարութ Սասունյանի, ամերիկահայ հայտնի դերասան, կատակերգու Քեն Դավիդյանի և այլոք:

Նշենք, որ երեկոյի ընթացքում երգիչ Արմեն Ալոյանը ներկաներին բարձր տրամադրություն հաղորդեց իր գեղեցիկ կատարմամբ:
Միջոցառումը վարում էր Տաթևիկ Էքիզյանը:
Երեկոյի ընթացում ցուցադրվեց հիվանդ երեխաների մասին պատմող անչափ սրտառուչ մի փոքրիկ ֆիլմ, որ մեծապես հուզեց ներկաներին: Ֆիլմը պատմում էր այն մասին, թե այս ընթացքում քանի-քանի մանուկների է հաջողվել օգնել, դուրս բերել հուսահատ վիճակից, կյանք պարգևել ոչ միայն հիվանդ երեխաներին, այլև շատ իմաստներով նաև նրանց ծնողներին:

Երեկույթին հավաքվածներին իր խոսքը հղեց նաև Անահիտ Բարսեղյանն, ով նախ շնորհակալություն հայտնեց միջոցառման ներկաներին՝ մեծապես կարևորելով միասնականության գործոնն, առանց որի անհնար է հաղթահարել անգամ ամենափոքրիկ խոչընդոտներն ու արգելքերը: «Իմ կողմից հիմնադրամի ստեղծումը իմ շնորհակալությունն է Աստծուն, որ թողեց մեր երեխային մեր կողքին: Մենք պատրաստ ենք անել ամեն ինչ, որպեսզի մնացյալ երեխաները նույնպես առողջանան: 6 տարիների ընթացքում 128 երեխա է բուժվել, և դա բավականին մեծ թիվ է փոքր Հայաստանի համար, ու դա հենց ձեր շնորհիվ է: Հայաստանում ինչ միջոցառում էլ կազմակեպեմ, միևնույնն է՝ չեմ կարող հավաքել այն գումարը, որ կարելի է հավաքել այստեղ, իսկ այս գումարով մենք կարող ենք մեծ խնդիրներ լուծել Հայաստանում»,-իր խոսքում ընդգծեց Անահիտ Բարսեղյանը՝ շնորհակալություն հայտնելով երիտասարդների ծնողներին, ովքեր «սերմանել են իրենց երեխաների մեջ սեր առ Հայաստան, սեր առ այն մարդը, ով իրենց կարիքն ունի»: «Հեղափոխության ընթացքում Նիկոլ Փաշինյանի տիկնոջ հետ մենք ստեղծեցինք մի հիմնադրամ, որը կունենա նաև պետական աջակցություն: Առ այսօր մեր հիմնադրամը խոշորագույն օգնությունն է ցուցաբերում երեխաներին»,-ընդգծել է Անահիտ Բարսեղյանն, ում կարևոր զինակիցներից մեկն այսօր Աննա Հակոբյանն է դարձել՝ հանգամանք, որը, թերևս, կարող է միմիայն նպաստավոր կերպով անդրադանալ կազմակերպության հեղինակության վրա՝ է՛լ ավելի մեծ վստահություն ներշնչելով, որևիցե կասկածի տեղիք չթողնելով, բացառելով չարաշահումները կամ նմանօրինակ անցանկալի երևույթների հավանականությունն ի սկզբանե:

Պետք է արձանագրել, որ Աննա Հակոբյանի անմիջական աջակցությունը քաղցկեղով հիվանդ երեխաներին օգնության ձեռք մեկնող հիմնադրամին կարևոր է նաև այն իմաստով, որ, փաստորեն, հինադրամը փաստացի ստանում է պետական աջակցություն ու վերահսկողություն, ինչն, անկասկած, է՛լ ավելի մեծ արդյունավետություն է հաղորդելու դրա գործունեությանը: Սա մի հանգամանք է, որը չի կարող ուրախալի չլինել, չի կարող լավալագույնս չկարևորվել:

Բարեբախտաբար, այսօր քաղցկեղն այլևս դատավճիռ չէ և դատավճիռ չէ առաջին հերթին հենց նման մարդկանց, հենց նման բարեգործական հիմնադրամների գոյության շնորհիվ:

Մարդասիրությունն է կարևորագույն երաշխիքը մարդկության ապագայի, առանց որի անիմաստ է դառնում մարդկության գոյությունն առհասարակ:
Միայն մարդասիրության ու հավերժական արժեքների վրա հիմնված հասարակություններն են, որ կենսունակ են ու կենսաբանորեն իմաստավորված:
Հենց այս կազմակերպությանն պետք է աջակցել, ոչ թե ոմանց, ովքեր հիվանդ երեխաների և զինվորների հաշվին վերջին տարիներին հարստացել են ու իրենց հռչակել են «բարերարներ»:
Պետք է նկատել, որ «Bridge of Health Armenia» կազմակերպության ամերիկյան մասնաճյուղի նախաձեռնող երիտասարդների խումբը բավականին մեծ աշխատանք է կատարում, մեծ թիկունք դառնալով այն երեխաներին, ովքեր ամենամեծ օգնության կարիքն ունեն:
Գայանե Մանուկյան


Source: USAArmenia

Մասին USArmeniaNews.com

Կարդացեք նաև

Հարգենք ուսուցչին ու նրա իրավունքները

Ուսուցիչներս հաճախակի կրթության համակարգում կատարված փոփոխությունների իրականացման առանցքում ենք հայտնվում, առաջնորդվում այն բոլոր օրենքներով ու …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով