Ուրբաթ , Հուլիսի 19 2019
Սկիզբ / Մամուլի տեսություն / Վարչապետը արձանագրեց՝ 2019թ. բյուջեով հնարավոր չէ թոշակ ու աշխատավարձ բարձրացնել. Մինչդեռ նման խոստումներ արդեն տրվել են

Վարչապետը արձանագրեց՝ 2019թ. բյուջեով հնարավոր չէ թոշակ ու աշխատավարձ բարձրացնել. Մինչդեռ նման խոստումներ արդեն տրվել են

Սեպտեմբերի 27-ին կառավարությունը հաստատեց 2019թ. բյուջեի նախագիծը: Սա նոր կառավարության առաջին բյուջեն էր: Հետևաբար` պիտի ընդունվեր հատուկ ուշադրությամբ: Ուզող ու չուզող, խոշորացույց ու մանրադիտակ պատրաստ պահած՝ սպասում էին: Անկեղծության համար ասենք, որ նախկինում էլ էր այդպես: Բոլոր նախկին կառավարությունները մեծ շուքով էին «Տարվա գլխավոր տնտեսական փաստաթուղթ» անունով բյուջեն հրապարակ հանում: Ինչ-որ պահից (եթե հիշողությունս չի դավաճանում` 2000թ.) բյուջեի նախագծին կառավարությունները հատուկ անուն էին դնում, օրինակ, «Զարգացման բյուջե»: Հետո մամուլը կամ քաղաքական ընդիմադիր ուժերը դրանք պակաս գրավիչ անունով էին որակում, օրինակ՝ «Գոյատևման բյուջե»: Այս անգամ իշխանությունները երեք օր ավելի համեստ էին` իրենց առաջարկած բյուջեին սոցիալ-տնտեսական սխրանք հիշեցնող որևէ բառով չորակեցին:

Այդ երկու-երեք օրվա ընթացքում նույնքան համեստ վարք դրսևորեցին ընդդիմադիրները, փորձագետներն ու, որքան էլ տարօրինակ լինի` անգամ մամուլը: Հնարավոր երկու բացատրություն կա: Նախ, հավանաբար սպասումը շատ մեծ էր, և հրապարակված բյուջեի նախագիծը բոլորին շոկի մեջ գցեց: Երկրորդ՝ քաղաքական զգայուն իրավիճակում յուրաքանչյուրն առավել պատասխանատու է իր խոսքի ու գնահատականի հարցում: (Համահունչ չինական իմաստնությանը, որ պնդում է՝ «Սովորական ժամանակներում համարձակ եղիր խոսքիդ ու գործիդ մեջ, խառնակ ժամանակներում համարձակ եղիր գործիդ մեջ, իսկ խոսքիդ մեջ` զգուշավոր»):

Փորձագետները, հավանաբար, մանրակրկիտ ուսումնասիրում էին կառավարության պաշտոնական կայքում տեղադրված բյուջեի նախագիծը: Համեմատելու և վերլուծելու բան կար: Մինչև հիմա, համարյա բոլոր փորձագետների կարծիքով, երկրի տնտեսության 40 տոկոսը ստվերային էր: Ստվերային` կոռուպցիոն բոլոր տգեղ հետևանքներով: Հիմա նույնիսկ տնտեսությունից ու տնտեսվարումից հեռու կանգնած մարդը գիտի, որ մեր երկրում կոռուպցիայի գործակիցն անզուսպ տեմպով մոտենում է զրոյական ցուցանիշի: Այս դեպքում թվում էր, որ հնարավորություն է բացվելու տնտեսական նոր իրավիճակի ձևավորման համար:

Կառուցվածքային առումով բյուջեի նոր նախագիծ է ներկայացվելու: Այս փաստաթղթին կցվող ուղերձում պիտի որ բացատրվեր, թե ինչու և ինչ փոփոխությունների է ենթարկվել բյուջեի նախագիծը: Բացատրեր, թե որ ոլորտին որքան ֆինանսական միջոցներ են ուղորդվում և ինչ տեսլական-նպատակով: Սակայն սպասված կառուցվածքային փոփոխությունները չկային: Ավելին՝ չի կարելի ասել, թե բյուջեն սպասված չափով աճել էր: Մեծ թվեր նշելուց խուսափելով՝ ներկայացնենք միայն առաջարկվող 2019թ. բյուջեի հիմնական թվերը՝ 2018թ. բյուջեի համեմատ:

Եկամուտների մասով ենթադրվում է, որ բյուջեն կաճի ընդամենը 118,9 մլրդ դրամով: Խոսքն ընդամենը 9 տոկոսանոց աճի մասին է: Հարկային եկամուտների մասով աճը մի փոքր ավելին է՝ 12 տոկոս: 9 և 12 տոկոսանոց ենթադրվող աճի պարագային բյուջեի ծախսերն ավելանալու են 10 տոկոսով:

Այս փաստից կարելի կլիներ ենթադրել, որ կառավարությունը փորձում է «ձեռքն ընկած» լրացուցիչ ֆինանսները պոպուլիստական ծրագրերով քամուն չտալ, այլ հնարավորինս փոքրացնել թե դեֆիցիտը, թե պետական պարտքը: Բայց այս պարագային պիտի արձանագրենք, որ նախ՝ մենք բոլորս նախկինում թյուրիմացության մեջ ենք եղել: Եվ եթե այդպես է, ապա ստվերային տնտեսությունն այնքան էլ ահռելի մասշտաբներ չի ունեցել նախկինում: Բոլորս էլ ենթադրում էինք, որ հարկային համակարգում կոռուպցիա-կաշառակերություն վերացնելու դեպքում հարկային մուտքերը 10-12 տոկոսից շատ ավելի մեծ ցուցանիշով պիտի աճեին:

Կարծում եմ, որ ճիշտ էինք ենթադրում: Սակայն նախկին իշխանությունները, տարեկան բյուջեից բացի, միջնաժամկետ ծախսերի ծրագիր էլ էին կազմել, որի հետ համեմատած՝ բյուջեի 2019թ. նախագիծը շատ ավելի համեստ տեսք ունի: Եվ մակրոտնտեսական ցուցանիշների համեմատության մեջ, և տնտեսական ակտիվության հնարավոր կանխատեսման: Սակայն ո՛չ իշխանամետ, ո՛չ ընդդիմադիր փորձագետները չհասցրեցին համեմատել, վերլուծել, քննադատել կամ պաշտպանել բյուջեի նախագիծը:

Պատճառն ամենևին էլ հոկտեմբերի 2-ի հասկանալի (կամ` անհասկանալի) քաղաքական (կամ` քաղաքականամերձ) դեպքերը չեն: Դրանց պատճառով չէ, որ բյուջե 2019-ի նախագիծն անվանակոչության չարժանացավ: Սեպտեմբերի 30-ին Հայաստան վերադարձավ վարչապետը: Նիկոլ Փաշինյանն ինքը ձեռնամուխ եղավ բյուջեի նախագծի այպանման գործին:

Հիշեցնում եմ, մինչև վարչապետի հրապարակային գնահատականը, մամուլում նախագիծը բնութագրող ամենաթունդ ձևակերպումը «համեստ բյուջեն» էր: Իսկ վարչապետը սեփական կառավարության հավանությանն արժանացած բյուջեն նախ անվանեց «իներցիոն»:

Մինչ փորձագետներն ուշքի կգային՝ հետևեց շարունակությունը: Սա «մեր կառավարության բյուջեն չէ, այլ նախկին կառավարության բյուջեի ուրվականը»,- պնդեց վարչապետը: Ապա արձանագրեց, որ դրանով հնարավոր չէ թոշակ ու աշխատավարձ բարձրացնել: Մինչդեռ նման խոստումներ արդեն տրվել են: Ակնհայտ դարձավ, որ մամուլը չի հասցնի մրցակցել բյուջեին բնութագրող (կամ, եթե կուզեք, պախարակող) անուն կպցնելու հարցում՝ վարչապետի հետ: Նաև այն պատճառով, որ երկու օր անց սկսվեցին զանգվածային դեպքերը: Դրանք նորից տնտեսական խնդիրները ետին պլան մղեցին:

Կրկին հրապուրիչը բոլորիս ձանձրացրած խորհրդարանի լուծարման ժամկետների հարցն է: Բայց դա արդեն քաղաքական թեմաներով զբաղվողների խնդիր է` ուր ես անելիք, առավել ևս՝ ասելիք չունեմ:

168.am

Source: USAArmenia

Մասին USArmeniaNews.com

Կարդացեք նաև

ՀՀԿ անդամատոմս ունենալը դառնում է ԱՄՆ-ում հաստատվելու եւ կարգավիճակ ստանալու ամենահուսալի ճանապարհը.«Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «ԱՄՆ-ում վերջին ամիսներին հաճախակի են դարձել ՀՀԿ անդամատոմսով քաղաքական ապաստան ստանալու …