Հինգշաբթի , Հունիսի 27 2019
Սկիզբ / Մանկավարժի անկյուն / Գնահատանք ու նվիրում

Գնահատանք ու նվիրում

Մարտակերտի շրջվարչակազմի ղեկավար Էդգար Հարությունյանի կողմից շրջանի դպրոցների տարբեր մասնագիտությամբ մի խումբ ուսուցիչների պարգևատրման արարողությունն ամբողջացրեց Ուսուցչի մասնագիտական տոն օրվա միջոցառումների շարքը:

Պատվոգրերի արժանացանք ուսուցիչներս՝ մատաղ սերնդի կրթության և դաստիարակության գործում ունեցած վաստակի և Ուսուցչի օրվա կապակցությամբ: Շրջանի ղեկավարի կողմից ծաղիկների նվիրումն ավելի ջերմ ու հոգատար վերաբերմունքի արտահայտություն էր՝ դրան նախորդող իր նախաբանի խոսքով, շնորհավորական ուղերձով և ուսուցչի աշխատանքի բարձր գնահատանքով, ովքեր սերունդ են կրթում, կերտում երկրի ապագան: Յուրաքանչյուրիս հոգում ավելի շատ երախտիքի ներքին զգացողություն կար, որ արժանվույնս գնահատվում է ուսուցիչն իր դժվարին ու պատասխանատու աշխատանքում:
Միշտ էլ երկրի իշխանավորներին ճանաչել ու գնահատել եմ ուսուցչի հանդեպ ունեցած վերաբերմունքով: Ձգտել եմ ճշմարիտ լինել, արդարամիտ ու շատ ժամանակ ջանքեր եմ թափել, որ խոսքս հասանելի լինի վերևներին, երբ ոմանք չլսելու են տվել կամ ձեռք թափ տվել իմ ընդվզումներին: Հիմա հանգիստ եմ, հոգու անդորր եմ ապրում, երջանկավետ մի զգացում, որ վերջապես եկել են մանկավարժիս կես խոսքը հասկանալու ժամանակները: Կարիք չկա տեսանելի դառնալ մեր անհանգիստ մտորումներով, երբ նա ինքն է գտնում մեզ: Նա եկավ ու իր հետ բերեց մեզ անդորրություն պարգևող մի նոր երանություն, բայց ինքը դարձավ անհանգիստ, որ մարտակերտցիներիս բարվոք կյանք պարգևելու համար է:
Այլևս իմ հոգում ծվարած ըմբոստության նախորդ հետքերն անգամ չեմ տեսնում, երբ տարիների ընդվզումս մեր շրջապատի անտարբերության համար էր ու այն անարդարությունների, որ դեմառդեմ առերեսվում էինք: Նա եկավ՝ իր հետ բերելով մի նոր թարմություն, այնպես, ինչպես այսօր, ով մայրաքաղաքից եկավ մի նոր «հաղթանակով», ու րոպեներ տևող նրա ներկայությունը գոհունակություն ու բազում ժպիտներ պարգևեց բոլորիս իր բարի լուրով, որ կապված էր դեռ այս օրերին վերանորոգվող Վիգեն Շիրինյանի անվան մարզահրապարակում կատարվելիք աշխատանքների, մեկնարկվելիք խաղի՝ ֆուտբոլի կազմակերպման հետ, անկախությունը չճանաչված Արցախում, այն էլ՝ սահմանամերձ Մարտակերտում, որտեղ պատրաստակամ կլինենք՝ ընդունելու հյուրերի:
Երբ դպրոցի ճանապարհն է ասֆալտապատվում, նույնիսկ ոտքով քայլելը դառնում է դուրեկան, և ծնվում են խոսքեր օրհնանքի ու մաղթանքների՝ ուղղված մարտակերտցիներիս համար շատ հարգված ու սիրելի անձնավորությանը՝ Էդգար Հարությունյանին, ում գուցե և չեն ճանաչում ոմանք, բայց գիտեն, որ նրա շնորհիվ երկու պատերազմ տեսած Մարտակերտն արդեն շնչում է… Ու համոզվում ենք, որ նա եկավ՝ իր հետ բերելով ապրելու ծարավ, հոգատար հայացք, ազնիվ մաքառում, վաղվա օրվա հույս ու հավատ…
Վերջերս իմ դասղեկական 9-րդ ա դասարանը տեղափոխվեց մի նոր վերանորոգված դասարան: Տեսնել է պետք մեր աշակերտների ուրախությունը, դասարանը լավագույնս կահավորելու նրանց բուռն ցանկությունը, որ տարիներ շարունակ դպրոցի անշուք պատերի ներսում մարած է եղել: Ու նորից մենք լսում ենք վարչակազմի ղեկավարի անունը, ով հոգատար ու ձեռք մեկնող իր վերաբերմունքով ամենուր հասցնում է օգնել շատերին, ու ստեղծվում է տպավորություն, որ վերջապես մեզ բախտը ժպտացել է, ու կա անհատականություն, ով մտահոգ է բոլորիս, մեր քաղաքի բարեկարգման, թերությունների վերացման, մի նոր բարեկեցիկ կյանք ստեղծելու համար:
Եվ ինչու՞ է ինձ թվում, թե բոլոր ճանապարհները տանում են դեպի դպրոցը՝ նրան հարակից մարզահրապարակի վերանորոգում, որ մեր աշակերտների առողջ ապրելակերպին, ֆիզկուլտուրայի դասերին է ծառայում, քաղաքի վերանորոգվող ճանապարհներ, որտեղով հաճախում ենք դպրոց…Ու ամենուր հնչում է վարչակազմի ղեկավար Էդգար Հարությունյանի հայրենանվեր գործի մասին, որ լսում եմ պատահաբար հանդիպած մարդուց, դպրոցի աշակերտներից, նրանց ծնողներից, մեր ուսուցիչներից, անգամ հեռուներում ապրող մեր հայրենակիցների խոսքերում: Եվ հպարտությամբ է լցվում հոգիդ, երախտիքի զգացումով, որ նրա շնորհիվ վերջապես այս մի կտոր հայրենիքն ապրում է ու շնչում՝ նոր օրերի լույսով, գալիքին հառած հավատով:
Նատաշա Պողոսյան

Source: USAArmenia

Մասին USArmeniaNews.com

Կարդացեք նաև

Մի փոքր անդրադարձ Հայաստանի և Արցախի դպրոցների միջև

Որպես արձագանք բազմաթիվ ուսուցիչների մտահոգիչ հարցերի՝ հարմար գտա մի փոքր անդրադարձ կատարել: Տարիներ շարունակ միշտ …