Սկիզբ / Մամուլի տեսություն / Ուսուցչի շնորհակալ գործը միշտ էլ գնահատանքի է արժանի

Ուսուցչի շնորհակալ գործը միշտ էլ գնահատանքի է արժանի


Ուսուցիչների տոնական օրվա շարքը շարունակական դարձավ: Մեծ հայի մահվան բոթը և նրա հոգեհանգստյան արարողությունների առիթով հայտարարված սուգը հայությանը մոռացնել տվեցին ամեն ինչ, ու օրեր անց սկսվեցին ուսուցիչներիս նվիրված մեծարման միջոցառումները: Մի գեղեցիկ ստեղծագործական արարում ի տես դարձավ ռուսաց լեզվի ուսուցչուհի Նոնա Հայրապետյանի կողմից՝ դպրոցի բակում, ուրախ երգ ու պարով, ուսուցիչներիս ուղղված ասմունքով, շատ բարձր տրամադրությամբ:
Այդ տոնը շարունակական բնույթ ուներ մի նոր տեսքով, նոր միջավայրում: Հրավիրվածների մեջ էի Ստեփանակերտում կազմակերպված միջոցառմանը: Այն երկրի պետական մարմինների, համակարգի պատասխանատուների ուշադիր վերաբերմունքի արտահայտություն էր, որտեղ բարձր մակարդակով կազմակերպված տոնական համերգը դարձավ ուսուցչի աշխատանքի հանդեպ ուշադրության ու գնահատանքի արժեքավոր խոսք, ազնիվ նվիրում, հերթական ակնածանք, որ սերնդի շուրթերին էր հնչում, նրանց ասմունքում, երգի ելևէջներում, պարի շարժումներում, հանդիսատեսի ծափահարությամբ:

Տոնական միջոցառումների շարքը համալրվեց հաջորդ օրը՝ դպրոցի ուսուցիչների ուրախ ժամանցով Մարտակերտի նորաբաց հանդիսությունների սրահում, որը կազմակերպվել էր դպրոցի դաստիարակչական գծով տնօրենի տեղակալ Կարինե Բալասանյանի կողմից: Օրվա միջոցառմանը հրավիրված էին նաև մեր դպրոցի թոշակառու ուսուցիչներից, ովքեր տարիքային հանգստի էին անցել՝ հերթափոխը թողնելով երիտասարդ սերնդին:
Չնայած մեկընդմեջ լսվում էր տնօրենի և ուսուցիչներիս շնորհավորանքների խոսքը, բայց այս գեղեցիկ միջոցառման կենտրոնում իր կատակախառն խոսքով, երգով ու պարով առանձնացավ ուսուցչուհի Նոնա Հայրապետյանը, ով իր կենսախինդ բնավորությամբ բոլորիս հասցրեց տրամադրությունների բարձրակետին՝ ստեղծելով մի հրաշալի աշխույժ միջավայր, որտեղ մոռացած ամեն ինչ՝ անհոգության ու հորդաբուխ ծիծաղի վարակին տրվեցինք՝ համոզված, որ երբեմն պետք է մոռանալ մեր առօրյա հոգսերն ու ապրել ինքնաբուխ սիրով՝ առ կյանքը և, առհասարակ, դեպի մարդ արարածը:

Հոկտեմբերի 10-ին պարգևատրության գեղեցիկ արարողության եմ մասնակից: Շրջանի տարբեր դպրոցներից մեկական ուսուցչի Մարտակերտի շրջվարչակազմի ղեկավար Էդգար Հարությունյանը պատվոգրերով պարգևատրեց և ծաղիկներ նվիրեց: Յուրաքանչյուրիս հոգում շնորհակալական խոսք կար, որ ներքուստ շատ ավելին էր արտահայտում, երբ գնահատանք կար ուսուցչի աշխատանքի հանդեպ, մեծագույն հարգանք:
Չկա ավելի գեղեցիկ ստեղծագործություն, քան ուսուցիչներիս աշխույժ միջավայրն է, երբ մոռացած ամեն ինչ, մանկավարժի մեր զուսպ կեցվածքից դուրս գալով, տրվում ենք ուրախ ճախրանքի, որտեղ ուրախ երգ ու պար կա, կատակախառն զրույցներ, բերկրալից պահեր, բազում ժպիտներ, կենսուրախ ծիծաղ…Ու այդ տոնական օրը գեղեցկացնող կենացներ, որտեղ մեզանից անբաժան մեր աշակերտներն են, սահմանը պաշտպանող զինվորները, մեր երկրի խաղաղությունն ու բոլորիս երջանկությունը:
Նատաշա Պողոսյան
Source: USAArmenia

Մասին USArmeniaNews.com

Կարդացեք նաև

Ինձ վաղը հրավիրել են ԱԱԾ` հարցաքննվելու մի քրեական գործով.Կոնստանտին Տեր-Նակալյան

Մենք ապրում ենք Նոր Հայաստանում… … որտեղ նախարարը կարծում է, որ հոգևորականը դպրոցում գործ չունի, …