Շաբաթ , Նոյեմբերի 17 2018
Սկիզբ / Մամուլի տեսություն / Ի՞նչ պաշտոնի կնշանակվի Սերժ Սարգսյանը Politik

Ի՞նչ պաշտոնի կնշանակվի Սերժ Սարգսյանը Politik

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ղեկավարած կառավարության կադրային քաղաքականությունը շարունակում է զարմացնել։ Թվում էր, թե նախկին իշխանությունների հանցավոր կերպարները այլևս տեղ չեն գտնի նոր Հայաստանի կառավարման համակարգում,  բայց պարզվում է՝ սխալվում էին։

Այսօր վարչապետ Փաշինյանը Սյունիքի մարզպետ նշանակեց նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առաջին տեղակալ և նրա «աջ ձեռք» համարվող Հունան Պողոսյանին։ Այս պահին Հունան Պողոսյանի դեմ կա հարուցված գործ, նրա դեմ դատական հայց է ներկայացրել իրավապաշտպան Մարինա Պողոսյանը. նա նախորդ իշխանության տարիներին ապօրինի հարստացած պաշտոնյաներին թվին է դասվում (ըստ «Հետք» պարբերականի՝ Հունան Պողոսյանի կարողությունը 19 անգամ գերազանցում է իր օրինական ստացած եկամուտներին)։

Հունան Պողոսյանը՝ որպես Ոստիկանության օպերատիվ շտաբի ղեկավար, ի պաշտոնե մասնակից է եղել Սերժ Սարգսյանի իշխանության տարիներին կազմակերպված ընտրությունների կեղծմանը, մասնակից է եղել քաղաքացիական ակտիվիստների նկատմամբ ոստիկանության կողմից ուժի կիրառմանը։ Հիշեցնենք, որ Սարի թաղում, երբ Ոստիկանությունը ուժ կիրառեց քաղաքացիների և լրագրողների նկատմամբ, տեղում էր նաև Հունան Պողոսյանը։

Եվ ահա նման կենսագրությամբ մարդը հեղափոխությունից հետո նորից հայտնվում է կարևորագույն պաշտոնում։ Ու այս ամենի մասին վարչապետ Փաշինյանի մեկնաբանությունը առավել անհասկանալի է դառնում։ Կառավարության նիստում,անդրադառնալով Հունան Պողոսյանի նշանակմանը, վարչապետն ասաց․

«Երևանի քաղաքապետի երդմնակալության ելույթում ես ասացի և ուրվագծեցի հետհեղափոխական ժամանակների մեր տրամաբանությունը և ասացի, որ ամենակարևորը մեզ համար նաև ավարտված համարել ոչ բռնի հեղափոխությունը և ՀՀ-ի ներուժը ներգրավել Հայաստանի հետագա զարգացման գործում: Ես կարևոր եմ համարում, որպեսզի հեղափոխության արդյունքում որևէ մեկն իր կյանքն ավարտված չհամարի»,-ավելացնելով, որ չպետք է նախկին իշխանությունների ներկայացուցիչների նշանակմանը վերաբերվել այդքան բացասական, ու այդ պրոցեսը անվանեց քաղաքական ռասիզմ։

Փաշինյանի այս մոտեցման հստակեցումից հետո կարելի է սպասել, որ Սերժ Սարգսյանը ևս կարող է պետական պաշտոն զբաղեցնել։ Նա կարող է լինել պաշտպանության նախարար կամ ԱԱԾ պետ՝ նախկինում Սարգսյանը եղել է այդ պաշտոններում։

Ի վերջո՝ ինչու՞ պետք է պետական պաշտոնավարման երկարամյա փորձ ունեցող Սերժ Սարգսյանը իր կյանքը ավարտված համարի Հայաստանում, երբ իր ձեռքի տակ կեղծարար և օրինախախատ աշխատած ոստիկանության գեներալը լուրջ պաշտոնի է նշանակվում։

Source: USAArmenia

Մասին USArmeniaNews.com

Կարդացեք նաև

ՀՀ իշխանություններ, նախ Սփյուռքին ընտրելու իրավունք շնորհեք՝ հետո նոր միայն օգնություն պահանջե՛ք

Չնայած հայաստանյան հեղափոխությունից հետո, թվում է, շատ հարցերում պետք է որ արմատական փոփոխություններ գրանցվեին, լինեին …