Հինգշաբթի , Օգոստոսի 22 2019
Սկիզբ / Մամուլի տեսություն / «Շատ դատավորներ ունեն փաստաբանական գրասենյակներ, թող ստուգեն նրանց». փաստաբանները՝ ՊԵԿ հաղորդագրության մասին.168

«Շատ դատավորներ ունեն փաստաբանական գրասենյակներ, թող ստուգեն նրանց». փաստաբանները՝ ՊԵԿ հաղորդագրության մասին.168

ՀՀ պետական եկամուտների կոմիտեն հայտարարություն է տարածել խորհրդատվական, իրավաբանական ծառայություններ մատուցող անձանց շրջանում անցկացված դիտարկումների առնչությամբ՝ հայտնելով, որ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի իրականացրած դիտարկումները վկայում են, որ խորհրդատվական, իրավաբանական ծառայություններ մատուցող անձանց կողմից խիստ թերի են հայտարարագրվում եկամուտները, և ոլորտում առկա է մեծ ստվերային տնտեսություն:

«ՊԵԿ-ը հայտնում է, որ հակված է զերծ մնալ փաստաբանների նկատմամբ հարկային հսկողության կոշտ միջոցներ որդեգրելու քաղաքականությունից և առաջարկում է բոլոր շահագրգիռ անձանց՝ նախկինում ներկայացված հաշվարկներում ոչ ճիշտ տվյալներ արտացոլած լինելու դեպքում ներկայացնել ճշգրտված հաշվարկներ: Հորդորում է նաև չթաքցնել հարկվող շրջանառությունը` կնքվող պայմանագրերում ճշգրիտ արտացոլելով հոնորարի չափը, ճշգրիտ որոշել ծառայությունների մատուցման պահը և օրենքով սահմանված կարգով դուրս գրել հաշվարկային փաստաթղթեր, չխուսափել հարկման հատուկ համակարգից ընդհանուր համակարգի անցնելուց, ինչպես նաև չտրոհել ձեռնարկատիրական գործունեությունը մի քանի սուբյեկտների միջև»,- ասված էր ՊԵԿ հաղորդագրության մեջ:
Փաստաբաններից շատերի համար, այնուամենայնիվ, անհասկանալի է այս հաղորդագրությունը:
«Կոչը, թե պետք է հարկային պարտավորությունները ճշգրիտ կատարվեն, այդպես էլ արվում է: Դա օրենք է, դրա համար առանձին կոչերով հանդես գալու կարիք, չեմ կարծում, որ կա, ու ինձ համար անհասկանալի էր, թե դա ինչո՞ւ էր փաստաբաններին ուղղված: Տրամաբանությունը չեմ կարողանում հասկանալ, որովհետև գուցե իրավիճակին չե՞ն տիրապետում: Փաստաբաններն այսօր այն վիճակում չեն, որ ստվեր լինի, իրենք էլ դրա դեմ պայքարեն: Կան մի քանի գերիշխող փաստաբանական գրասենյակներ, բոլորին հայտնի, շատ պաշտոնյանների հետ էլ կապ ունեցող, եթե դրանց է վերաբերում, ապա ընդհանուր հայտարարություն անելու կարիք չկար. ստուգելու բան կա՝ թող գնան ստուգեն: Փաստաբանության վիճակն այսօր էապես չի տարբերվում նույն ուղևորափոխադրումներ իրականացնողների վիճակից, որոնց որոշել են առհասարակ հարկային արտոնություն տրամադրել: Իմաստն ուղղակի չեմ կարողանում հասկանալ. ինչո՞ւ հիմա ու ինչո՞ւ փաստաբանությունը: Այս ոլորտը թիրախավորելու տրամամաբանությունը չեմ տեսնում, այստեղ չեն պտտվում այն ֆինանսական միջոցները, որոնք ստվերից դուրս բերելու խիստ անհրաժեշտություն կա»,- 168.am-ի հետ զրույցում ասաց փաստաբան Երվանդ Վարոսյանը:
«Կա շրջանառություն, երբ որ դա սահմանված չափից ավելի է, այդ ժամանակ հարկման այլ դաշտ է անցնում իրավաբանական ծառայություն մատուցողը. գուցե դա՞ են ակնարկում: Ինձ համար մինչ այս պահն անհասկանալի է: Ամեն օր մի ոլորտի կարող են կոչ անել. մի օր՝ սննդի, մյուս օրը՝ արդյունաբերության, և այդպես շարունակ»,- նշեց Երվանդ Վարոսյանը:
Փաստաբան Տիգրան Աթանեսյանն էլ կոչ արեց ստուգել «խոշոր ձկներին».
«Ես օրինապահ քաղաքացի եմ և նորմալ եմ համարում, որ պետք է վճարենք հարկերը, ծանր չէ 5 տոկոսը վճարելը, բայց կոչ եմ անում ստուգել խոշոր ձկներին, միլիոնավոր դոլարների շրջանառություն է կատարվում: Շատ դատավորներ, ըստ օդում կախված լուրերի՝ ունեն փաստաբանական գրասենյակներ, թող ստուգեն նրանց»:
«Փաստաբաններն առաջինը պետք է օրինականության դաշտում աշխատեն: Իմ շատ գործընկերների պարկեշտության մեջ կասկածներ չունեմ: Ցանկալի կլիներ, որ նման հայտարարություն փաստաբանների առումով չլիներ: Չգիտեմ՝ գուցե ՊԵԿ-ում խախտումների մասին ինչ-որ տեղեկություննե՞ր ունեն: Երևի թե կարելի էր այս հարցը կարգավորել Փաստաբանների պալատի կամ կոնկրետ փաստաբանների հետ: Հրապարակային անելն ակամայից որոշակի ստվեր է տարածում: Հուսով եմ՝ արագ կհարթվի և որևէ այլ զարգացում չի ստանա այս խնդիրը»,- նկատեց փաստաբան Արայիկ Պապիկյանը:
Source: USAArmenia

Մասին USArmeniaNews.com

Կարդացեք նաև

Ավինյանը բանակից ազատվել է ոչ օրինական ճանապարհո՞վ

 Ըստ օդում կախված լուրերի՝ ներկայիս իշխանության մի շարք ներկայացուցիչներ խուսափել են պարտադիր զինվորական ծառայությունից ոչ …