Չորեքշաբթի , Սեպտեմբերի 18 2019
Սկիզբ / Մանկավարժի անկյուն / Դեռահասի անկեղծ խոսքեր

Դեռահասի անկեղծ խոսքեր

Իմ դասղեկական 9-րդ դասարանի աշակերտուհի Անժելիկա Սամվելյանի նկարներից ընտրեցի այս մեկը՝ զինվորական հագուստով, Արցախի դրոշով: Նոր հրատարակած գրքիս շապիկի խմբանկարի առաջին աշակերտուհին հենց ինքն է, ով դասարանում առանձնանում է շատերից ընթերցանության հանդեպ ունեցած մեծ սիրով, աշխատասիրությամբ, դեռահասին հատուկ զուսպ պահվածքով: Մեղմ ժպիտով, շնորհակալական զգացումով ու սիրով կարդացի նրա՝ ինձ հղած տողերը, երբ ուսուցչուհուս կողմից իր աշակերտուհուն մատուցած անակնկալը հիացրել էր նրան:

«Այդ օրը դասարան մտավ ուսուցչուհիս սովորականից ավելի պայծառ ժպիտով: Հանկարծ իր մոտ կանչեց աշակերտներից երկուսին և ինչ-որ բան հանձնարարեց նրանց: Նրանք դուրս եկան դասարանից և ետ վերադարձան ծանրոցներով: Միանգամից հասկացա, որ գրքեր են: Շունչս պահած սպասում էի, թե երբ է ուսուցչուհիս կարդալու իմ անունը, որպեսզի ինձ նվիրի այդ հետաքրքիր գիրքը: Րոպեներ անց այն իմ ձեռքում էր: Սիրտս արագ էր զարկում, իսկ ես հիացած թերթում էի` էջերի վրա փնտրելով իմ դասարանը և դասընկերներիս գրած նյութերը:
Դասերից հետո տուն գնացի, առանձնացա իմ սենյակում: Չէի ցանկանում կտրվել գրքից, անընդհատ էջերն էի թերթում, նույն նյութը մի քանի անգամ ընթերցում: Գրքում աշակերտների սեփական մտքերն են, որոնք կարդալով՝ մեծ բավականություն ստացա: Այդ օրագրային գրառումներից մեկում մենք ենք` չարաճճի դեռահասներս՝ մեր պարզ ու անկեղծ խոսքեր-խոստումներով: Կարծես մենք չենք փոխվել, ուղղակի մեծացել, մնացել ենք նույնը: Արցախի աշակերտներս խոսում ենք այդ գրքում և մեր սուր մտքերով հայրենասիրություն սերմանում:
Փակում եմ գիրքը: Շապիկին գրված տողերն եմ ընթերցում, նկարներին նայում ու մտածում՝ որքա~ն երջանիկ եմ ես: Երջանիկ եմ, որ անձամբ եմ ճանաչում այս անկրկնելի գրքի հեղինակին՝ տիկին Պողոսյանին: Նա ինձ համար ավելին է, քան ծանոթ, նա իմ սիրելի դասղեկն է, այն եզակի ուսուցիչներից, ով աշակերտների համար ամենալավ հոգեբանն ու ընկերն է, ուղեկիցն ու օգնականը: Դասղեկիս շնորհիվ Հայաստանն ու Սփյուռքը տեղեկանում են մեր դպրոցում կատարվող ամեն մի իրադարձության: Անգնահատելի աշխատանք է կատարում ուսուցչուհիս, որի համար շնորհակալ ու պարտական եմ նրան»:
Մի՞թե կա ավելի գեղեցիկ արարք, քան մեր առջև նստած դեռահասներին երջանկացնելն է, որ դարձել է ինձ համար կյանքի նպատակ: Սահմանամերձ բնակավայրի դպրոցականներին նվիրած իմ «Մանկավարժի օրագիրը» իր թեթերում բազում ժպիտներ ունի, սիրո ճառագում, անզուսպ հառաչանք… Ու այս դեռահասներից ինձ հասած ամեն մի խոսք նոր հույզերով է լցնում սիրտս, երբ գիտեմ, որ նրանց այստեղ ապրելն իսկ սերնդի հայրենասիրության դրսևորումն է՝ զինվորական հագուստ կրելու սիրով, հայրենի դրոշին ուղղված խոնարհումով…
Նատաշա Պողոսյան
 

Source: USAArmenia

Մասին USArmeniaNews.com

Կարդացեք նաև

Նվիրում ու խոսքեր երախտիքի

Երբ գիրքը նվիրում է դառնում աշակերտներին հենց իրենց մասին, ինքնաբերաբար ծնվում են նաև խոսքեր երախտիքի, …