Ուրբաթ , Դեկտեմբերի 14 2018
Սկիզբ / Հասարակություն / 60 տարիս մեկ էջում

60 տարիս մեկ էջում

60 տարի, գրքի էջերի նման թերթվող վեց տասնյակ տարի… Ու ես փորձում եմ հիշել մի մանկություն, բայց այդ տարիներին իմ լա՞ցն է եղել շատը, թե՞ ծիծաղը, լավ չեմ հիշում, երբ հոնքերիս խտության տակ աչքերիս թացությունն եմ հիշում: Ու այն դպրոցի ճամփան՝ թանաքամանը ձեռքիս, ձմռան ցրտին մատներիս ցրտությունը գրկած, այն դպրոցի քարածուխի վառարանի վրա դրված մատներս…

Ու մի օր էլ ջերմացած ձեռքերիս ցավի կծկումից հասցրի աչքերիցս հոսող արցունքները սրբել: Այո՛, հասցրի, որ հանկարծակի բացված դասարանի դռան շեմին կանգնած իմ պատմության ուսուցչուհուց թաքցնեմ արցունքներս:
Հիշում եմ այն ցրտաշունչ ձմեռները, այն դպրոցական տարիները, որ վերարկու չունեի, անգամ չգիտեի ձեռնոցների գոյության մասին: Բայց մի ծնողական ժողովի մայրս հրաժարվեց այլևս դպրոց գալ…Դասղեկս ասաց, որ երեխայի ոտքերը ձմռան ցրտին մրսում են ու ցույց տվեց բոլոր երեխաների հագի երկարաճիտ կոշիկները…Ու քարացավ մի ամբողջ դասարան, լռեցին բոլոր ծնողները, երբ իմացան՝ իրենց տաք հագնված երեխաները դաս չեն սովորում, իսկ ես դասարանի գերազանցիկն էի:
Մենք չորս երեխա, մայրս՝ մանկապարտեզի համեստ աշխատավարձով, որբություն տեսած, բազմազավակ ընտանիքի հայրս՝ բարձրագույնի ուսանող…Ու այսպես հետագայում անգործության մատնված հայր ու այսպես մորս դժգոհություն արտահայտող խոսքերը, որ մեր տանը բարձրագույնի դիպլոմն արժեք չունի: Նորից արցունքներ, որ ես էլ ցանկանում եմ բարձրագույն ընդունվել, և նպատակիս հասնելու տարիների ճիգեր…
Արդեն ուսանող, քիչ թե շատ բարեկեցիկ կյանք. հորս արտագնա աշխատանքի մեկնելը փոխեց մեր կյանքը: Ու կարոտ, անչափելի մեծ կարոտ մեր ընտանիքի մասնատված թևերի միջև… Հայրս՝ եղբայրներիս հետ օտարության մեջ, մայրս հայրենիքում՝ դուստրերի հետ: Ու ձեռքիս բարձրագույնի մի կարմիր դիպլոմ, բայց նորից աշխատանքի փնտրտուք…Եվ անձնական մի ձախողված կյանք ու գրկիս մի սիրուն մանկիկ…
Այստեղ ես հատում եմ իմ կյանքի այն երեք տասնյակը, որ նորի սկիզբ պիտի դրվեր արցախյան շարժմամբ: Արցախյան պատերազմ, ահասարսուռ մի կյանք, որ ուղեկցեց շատերիս նկուղներում պատսպարված, հրետակոծության տակ: Եվ սարսափից աղաղակող ձայնս, որի արձագանքն առայսօր էլ լսելի է ինձ:
Փախստականի պիտակով բռնագաղթված հայուհու ճակատագիր օտարության մեջ, անեզրական կարոտ, հուսահատ ճիգեր, ապրելու կորով…Վերադարձ հայրենիք, ավերված օջախ, պատերազմի հետքեր, կորսված ճակատագրեր… Նոր կյանքի արշալույս, որ ինձ տարավ դպրոց, և ուսուցչուհու իմ երազանքն իրականություն դարձավ: Սահմանամերձ բնակավայրում ապրողի անհանգիստ կյանք, ապրիլյան պատերազմ ու նորօրյա կյանք՝ մանկավարժի իմ գործունեությամբ, որ առայսօր էլ շարունակվում է:
Հապճեպ գրված այս տողերում 60 տարվա կյանք է, և թվում է՝ այս ամենը երեկ է եղել…Ու մեծ ափսոսանք, որ մի ամբողջ կյանք անցյալում է մնացել:
Նատաշա Պողոսյան
 
Հարգելի՛ տիկին Նատաշա, USArmenianews.com լրատվական կայքը միանում է Ձեր ծննդյան բոլո՛ր շնորհավորանքներին, բոլո՛ր այն ջերմ խոսքերին, որն ուղղված է Ձեզ:
Մաղթում ենք Ձեզ քաջառողջություն, երջանկություն, աշխատանքային ու ստեղծագործական հաջողություններ, և ուզում ենք Ձեզ միշտ երջանիկ տեսնել:
Բարի, ուրախ տարեդարձ:

 
Source: USAArmenia

Մասին USArmeniaNews.com

Կարդացեք նաև

Շնորհավորանք՝ «USArmenianews.com» կայքին՝ Մարտակերտի շրջանից. Նատաշա Պողոսյան

Այսօր USArmenianews.com լրատվական կայքը երեք տարեկան է: Շնորհավորում եմ Լոս Անջելեսի հայկական լրատվական կայքի ծննդյան …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով