Երկուշաբթի , Մայիսի 27 2019
Սկիզբ / Պաշտոնական լրահոս / Հայաստանում ԱՄՆ-ի նոր դեսպանի դիրքորոշումը Amerikayidzayn

Հայաստանում ԱՄՆ-ի նոր դեսպանի դիրքորոշումը Amerikayidzayn

Հայաստանում Միացյալ Նահանգների քաղաքականության հիմնական նպատակն է ամրապնդել Հայաստանի անկախ պետականությունը, այդ մասին Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում անցած լսումների ընթացքում հայտարարել է Լին Թրեյսին, ուն նախագահ Դոնալդ Թրամփն առաջադրել է Հայաստանում ԱՄՆ-ի դեսպանի պաշտոնին:

«Հայաստանում մեր քաղաքականության նպատակը մնում է անփոփոխ. անկախ, ժողովրդավար եւ բարգավաճող Հայաստանի ամրապնդումը, որը խաղաղության մեջ է ապրում իր հարեւանների հետ: Եւ մենք կրկին հաստատում ենք մեր նվիրվածությունը ինքնիշխան Հայաստանին, որն ազատ է ընտրելու սեփական գործընկերներին», – հայտարարել է Թրեյսին:
Միացյալ Նահանգներն արտերկրում ներկայացնող դեսպանները առաջադրվում են նախագահի, սակայն հաստատվում Սենատի կողմից: 24 տարվա հանրային ոլորտում աշխատանքի փորձ ունեցող Լին Թրեյսին ԱՄՆ-ի Պետքարտուղարության Ռուսաստանի հարցերով ավագ խորհրդականն էր: Նախկինում զբաղեցրել է Ռուսաստանում ու Թուրքմենստանում ԱՄՆ-ի փոխդեսպանի պաշտոնը, եղել ԱՄՆ-ի փոխպետքարտուղարի տեղակալ Հարավային և Կենտրոնական Ասիայի երկրների գծով:
Սենատում ավանդույթի համաձայն Թրեյսիին աջակցում էին ընտանիքի անդամները. մայրը՝ Քերոլ Սյու Թրեյսին եւ քույրը՝ Նիդա Ջեբսքին: Իր ելույթում դիվանագետն ընդգծեց, որ շատերի նման ոգեւորված էր Հայաստանի «Թավշյա հեղափոխությամբ», ավելացնելով, որ Հայաստանին առջեւում դեռ մեծ աշխատանք է սպասում՝ անցած վեց ամիսների ձեռքբերումներն ամրապնդելու համար: «Իսկ Միացյալ Նահանգները շարունակելու է աջակցել հայ ժողովրդի ազատության ձգտմանը»:
Սենատոր Էդ Մարքին հետաքրքրվեց, թե արդյոք հաշվի առնելով «Թավշյա հեղափոխության» արդյունքները Պետքարտուղարությունը նախատեսում է ավելացնել Հայաստանին տրվող օգնության չափը.
«Ամերիկայում հայերը հավանաբար ամենից հաջողակ էթնիկ խումբն են եւ մեզ անհրաժեշտ է օգնել հայերին նույնչափ հաջողակ լինել սեփական երկրում եւ վայելել Աստծո կողմից տրված իրենց տաղանդները նաեւ սեփական երկրում»:
Լին Թրեյսիի խոսքով, Միացյալ Նահանգները կենտրոնացնելու է ջանքերը երեք ուղղություններով, որոնք օգնում են պահպանել ժողովրդավար հասարակության համար անհրաժեշտ հավասարակշռություն ու հաշվետվությունը.
«Կոռուպցիայի դեմ պայքար՝ մի բան, որը այս նոր կառավարությունը նույնպես առաջնահերթություն է որակել, եւ մենք փորձում ենք աջակցել նրանց այս ուղղությամբ: Քաղաքացիական հասարակության ամրապնդում. այդ ձեւավորված հասարակությունը կարեւոր դեր խաղաց անցած իրադարձություններում: Եւ՝ անկախ լրատվամիջոցների աջակցություն»:
Սենատոր Բոբ Մենենդեզը լսումների ընթացքում հատուկ բարձրացրեց Հայոց ցեղասպանության ճանաչման խնդիրը, մի հարց, որն ըստ սենատորի պետք է պատմական լուծում ստանա: Այս հարցի վերաբերյալ Լին Թրեյսին նշեց.
«1915 թվականի սարսափելի իրադարձությունները 20-րդ դարի վատագույն դաժանություններից մեկն էին, երբ Օսմանյան կայսրության վերջին տարիներին մեկ եւ կես միլիոն հայ արտաքսվել, սպանվել կամ մահվան էր ուղարկվել: Ինչպես այս տարի Հայերի հիշատակի օրն ընդգծել էր նախագահ Թրամփը, նման դաժանությունները չպետք է կրկնվեն»:
Դեսպանի թեկնածուն նշեց, որ հաստատման դեպքում խոստանում է իր լիազորությունների սահմաններում անել ամեն ինչ «ճանաչելու եւ հարգելու կորուստները եւ տառապանքները» եւ մասնակցելու է զոհերի հիշատակի միջոցառումներին:
Սենատոր Մենենդեզի կարծիքով սակայն, Վաշինգտոնի մոտեցումը պետք է փոխվի.
«Մենք ունենք պատմական իրականություն. մեկ եւ կես միլիոն մարդ սպանվել է, դա ցեղասպանություն է: Եւ ահա մենք ուղարկում ենք դեսպանին այդ երկիր, նա այցելում է Հայ ժողովրդի հոլոքոստի հուշարձանը, բայց նա չի կարող այն ցեղասպանություն անվանել: Բավականին զավեշտալի է: Եթե մենք ի վիճակի չենք ճանաչել անցյալը, մենք չենք կարող ազատվել դրանից: Մեզ անհրաժեշտ է փոխել այս իրավիճակը: Կարծես թե՝ մենք չենք կարող այդ բառը մեր շրթունքներով արտասանենք. Հայոց ցեղասպանություն: Ահա թե ինչ է տեղի ունեցել»:
Սենատորներն իրենց վերջնական կարծիքը կարտահայտեն քվեարկությամբ ավելի ուշ, երբ գրավոր պատասխան ստանան նաեւ իրենց կողմից թեկնածուներին ուղղված մի շարք գրավոր հարցերին:
Source: USAArmenia

Մասին USArmeniaNews.com

Կարդացեք նաև

«Եթե Սերժ Սարգսյանը մինչև հիմա որևէ հանցագործության մեջ չի մեղադրվում, այդ դեպքում ինչի՞ համար էր հեղափոխությունը». հարց՝ Փաշինյանին 168 zham

Հարց՝  Նիկոլ Փաշինյանին «Եթե Սերժ Սարգսյանը մինչև հիմա որևէ հանցագործության մեջ չի մեղադրվում, այդ դեպքում …