Հինգշաբթի , Օգոստոսի 22 2019
Սկիզբ / Մանկավարժի անկյուն / «Մանկավարժի օրագիրը» սրտի խոսք է, անկեղծ նվիրում

«Մանկավարժի օրագիրը» սրտի խոսք է, անկեղծ նվիրում

Դեռևս անցած տարի էր, երբ Արցախի պետական համալսարանի մագիստրանտ Մելինե Պետրոսյանից առանձնակի տպավորություն ստացա մեր առաջին հանդիպումով, որ ուղեկցվեց անմիջական, պարզ և հյութեղ զրույցով, իր մասնագիտության հանդեպ ունեցած սիրով ու իմացությամբ և դրան հաջորդող իր ելույթով, որ տեղ գտավ իմ «Մանկավարժի օրագիր» գրքի 2-րդ մասում: Այս անգամ մատուցած անակնկալը նույնքան ուրախացնող էր, որ մինչ իրեն գիրք նվիրելը՝ հասցրել էր ծանոթանալ իմ նոր հրատարակած գրքի էջերին և իր վերլուծությամբ ներկայանալ այդ գրքի շնորհանդեսին: Ցանկացա այս հրապարակումով շնորհակալությունս հայտնել լուսավոր անձնավորությանը, ով կարողանում է լույս սփռել իր շուրջը, ողջունում եմ նրա՝ բարին արարելու հակումը: Նատաշա Պողոսյան

«Գրականագիտական սուր հոտառություն պետք չէ ունենալ՝ նկատելու համար Նատաշա Պողոսյանի գրչի յուրօրինակությունը, մտքերի սուր ընթացքը, տեղի ունեցող դեպքերի համընթաց զարգացումը՝ աշխարհաքաղաքական այս բարդ ժամանակաշրջանի համապատկերում:
Գիրքն առանձնանում է իր խոհափիլիսոփայական ենթաշերտերով, գեղարվեստական խոսքի յուրօրինակ մատուցմամբ, պատկերների ինքնատիպ շարադրմամբ, որը փաստում է հեղինակի տաղանդի և հոգևոր ներուժի մասին:
Այն հայ ժողովրդի արցախյան այս հատվածի ողջ նկարագիրն է: Մանկավարժի շուրթերով խոսում է Մարտակերտը՝ իր հոգսերով, տառապանքներով, ուրախությամբ և հպարտ կեցվածքով:
Գրքի հերոսներից յուրաքանչյուրն ունի աշխարհընկալման իր ձևը, մտահորիզոնը, դժվարությունների հաղթահարման իր իսկ սահմանած բանաձևումները, որոնք ածանցված են կամային ամուր հատկանիշներին: Հոգու կսկիծը վարպետորեն սքողած և ինքնամոռաց նվիրումից նոր արշալույս վրձնող իրական կերպարներ են նրանք՝ շաղկապված հայրենասիրական բարձր ոգով, մարդասիրության գիտակցմամբ, որը նրանց մղում է նոր հորիզոններ նվաճելու մեծագույն ցանկության:
Բոլոր օրագրային գրառումներում պատկերված է 21-րդ դարի արցախյան կյանքն իր նրբություններով: Թվում է, թե արցախցու մտապատկերում հայրենասիրությունը պետք է փոխկապակցված լինի սոսկ ազգային շահերին, բայց մենք ականատեսն ենք դառնում մեկ այլ երևույթի՝ հայրենասիրությունը զուգորդված է հումանիզմին: Սա փաստում է այն առողջ մթնոլորտի մասին, որ տիրում է Արցախում: Հետպատերազմյան այս սերունդը գիտակցում է իր առջև ծառացած դժվարությունների տարափը, բայց չի վարանում և չի չարանում, այլ շարունակում է իր խաղաղ ու իմաստուն երթը դեպի գալիքը:
Ն. Պողոսյանի ոճը հստակ է և պարզ, որն էլ գրականագիտության մեջ հարգի և պահանջված երևույթ է: Համոզված եմ, որ ժամանակի փոշին չի խավարելու այն լույսը, որն այսօր ծագում է «Մանկավարժի օրագրից», որովհետև այն սրտի խոսք է, սերունդների հիշողության մեջ մնալու անկեղծ նվիրում:
Պետք է երախտապարտ լինենք մանկավարժ-գրողին այս շնորհակալ աշխատանքի համար, գնահատանքի մեր անկեղծ խոսքն ուղղենք, որովհետև գրականությունը չի հանդուրժում կեղծիքը, ժամանակի փորձությանն է ենթարկվում և հաղթող դուրս գալիս:
20-րդ դարասկզբին Եղ. Չարենցի ստեղծագործության 20-ամյա հոբելյանին Գրողների միությանը հանձնարարված էր միջոցառում կազմակերպել այդ առիթով, սակայն Չարենցի գրչընկերները լուռ էին: Գրական միջակություններն անզոր էին ճիշտ գնահատելու հանճարին: Մկրտիչ Արմենը հանդես է գալիս հոդվածով, որտեղ ասում է. «Կարծես թե փողոցում քայլող 10-ից մեկը Չարենց է և անտեսելով այս Չարենցին՝ մենք մեծ բան չենք կորցնում»: Հիրավի, փողոցում քայլող 10-ից մեկը Նատաշա Պողոսյան չէ և ի բնե օժտված չէ բառն զգալու արվեստով:
Կրկին միանում եմ շնորհավորանքներին և մաղթում ձեզ անսպառ եռանդ, դժվարությունները հաղթահարելու կամք, իսկ Ձեր գրչին՝ շարունակական ընթացք»:
Մելինե Պետրոսյան

Source: USAArmenia

Մասին USArmeniaNews.com

Կարդացեք նաև

Նրա աշխատանքային կենսագրությունը նվիրում է իր գործի

Զարինե Սառաջյանն ինձ երևում է տարիների հեռվից, երբ կյանքի անարդարությունների դեմ ընդվզող ուսուցչուհիս նրան տեսանելի …