Հինգշաբթի , Փետրվարի 21 2019
Սկիզբ / Մանկավարժի անկյուն / Մեզ մատնացու՛յց արեք մարդու, ով դպրոցական կյանք է անմահացրել

Մեզ մատնացու՛յց արեք մարդու, ով դպրոցական կյանք է անմահացրել

Երբեմն մեր առջև նստած աշակերտները զարմացնում են մեզ, այն սովորական թվացող արարումն արժևորվում է նրանց կողմից, և գիտակցում ես, որ ուսուցչին գնահատող նրանց խոսքերը վեր են ամեն ինչից, նույնիսկ՝ պարտավորեցնող, ու սիրում ես նրանց տեսակը՝ իրենց հասու լավագույն որակներով, որ յուրովի գեղեցիկ են, խոսքառատ, լավը գնահատելու հակումով:

Մերի Ավթանդիլյան-«Մեծատառով մարդ, նվիրված մայր, սիրված ուսուցիչ։ Մարդ, ով բազում չարչարանքներից հետո միայն կարողացավ հասնել մեծ բարձունքների։
Մեծարգո՛ տիկին Պողոսյան, մոտ երկու տարի է, ինչ Ձեզ ճանաչում եմ մոտիկից, գիտեմ, թե ինչքան ներողամիտ եք հոգով ու վեհ` էությամբ։ Ոչ բոլորին կհաջողվեր անել այն, ինչ Դուք արեցիք, ոչ բոլորը կհամարձակվեին հանրությանը ի ցույց դնել աշխարհի մի փոքրիկ անկյունում գտնվող կիսախարխուլ դպրոցի վիճակը։ Գրել դպրոցի առօրյան և նույնիսկ գիրք հրատարակել այդ մասին: Իհարկե, չեմ մոռանա Ձեր նախորդ գիրքը, որը մեծ քնքշությամբ ու սիրով նվիրեցիք ինձ։ Ուստի, շնորհակալ եմ Ձեզ, տիկի՛ն Պողոսյան, նորօրյա սերնդիս կրթելու և դաստիարակելու համար։ Բա՛րձր պահեք Ձեր լավագույն ուսուցչի տիտղոսը»:
Վահագն Սաղաթելյան-«Անչափ բանիմաց, խոհուն, ներողամիտ, հավասարակշռված ու ազնիվ անհատականություն, մեր հարգարժա՛ն տիկին Պողոսյան, ուզում եմ իմ շնորհակալական խոսքն ասել Ձեր կատարած վեհ աշխատանքի համար։ Մեզ դարձրիք Ձեր գրքի հերոսը՝ մեր խոհերով, երազանքներով, նպատակներով ու մտահոգություններով։ Լինելով ուսուցիչ՝ Դուք նաև մեծ հոգեբան եք, որովհետև կարողանում եք գտնել աշակերտի հոգին տանող ճանապարհը:
Թափանցելով մեր հոգու հորձանուտները՝ Դուք փորձեցիք գտնել այն հարցերի պատասխանները, որոնց մասին նույնիսկ չգիտեինք մենք: Ես ինձ հպարտ եմ զգում, որ նման ուսուցչուհու սան եմ, ով մեծ առաքելություն ու նույնքան մեծ գործ է կատարում: Դուք ազնվության, շիտակության, անմնացորդ նվիրումի կերպար եք։ Շնորհակալ ենք Ձեզանից»:

Լուիզա Մամունց– «Արցախի այս գողտրիկ անկյունը, որ լեռնային է, բնությամբ լեցուն, ոգի ու շունչ ունի, ապրեցնող ուժ իրենում, արարման ձիրք և կայուն հանդգնութուն է հաղորդում, սահմանային գոտում ապրող ուսուցչուհու գրիչը շարժեցնում, մանկավարժի իր անցած ուղին է այս գրքում ամփոփում: Ուրախություն, ցնծություն, զարմանք, հիացմունք իրար խառնվեցին, երբ առաջին անգամ ձեռքս առա «Մանկավարժի օրագիրը», որի «հերոսուհիներից» մեկն էլ ես եմ: Ապրածս զգացումը այնքան վեհ էր, որ բառեր չէի գտնում շնորհակալությունս հայտնելու:
Մատնացու՛յց արեք ինձ այն մարդուն, ով հանձն է առնել կատարել նման սրբագործություն, ով արահետ է հարթել, քանի~- ֊քանի անգամ մաքառել, դժվարություներ հաղթահարել, անցել ուղին ու իր նպատակին է հասել, մանկավարժի գործունեությունն է անմահացրել, դպրոցական մի ողջ կյանք է իր գրքում պատկերել:
Դուք, տիկի՛ն Պողոսյան, չնայած համամիտ չեք իմ տեսակետին, այնուամենայնիվ, ես հպարտությամբ կրկնում եմ. «Մի ժամանակ լսում էի դպրոցականների պանծալից խոսքերը, իսկ այսօր ես եմ պարծենում, քանզի ինձ դասավանդում է ուսուցչուհի, ով լոկ ուսուցչուհի չէ, այլև՝ գրող»: Եվ շնորհակալ եմ Ձեզ, որ գրքի շապիկի վրա ինձ տեղ եք հատկացրել»:
Այս անգամ տեսանելի դարձրի մեր դպրոցի 12-րդ ա դասարանցիների այս փոքրիկ աստղաբույլը, շնորհակալությունս նրանց, ովքեր իմ գրքի շնորհանդեսի օրը զարմացրին մեզ իրենց սրտառուչ խոսքերով:
Նատաշա Պողոսյան
Source: USAArmenia

Մասին USArmeniaNews.com

Կարդացեք նաև

Ինձ ուղղված նամակ՝ ուսուցչի աշխատանքի բարձր գնահատանքով

Ես չգիտեի՝ ով է նա, ինչ մասնագիտություն ունի: Բայց ինձ համար մեկն էր, ով երևաց …