Հինգշաբթի , Մարտի 21 2019
Սկիզբ / Մամուլի տեսություն / ՍԱ ԱԱԾ Է, ՈՉ ԹԵ «ԱՄԵՆ ԻՆՉԻ ՀԻՄՆԱՐԿ» Hraparak

ՍԱ ԱԱԾ Է, ՈՉ ԹԵ «ԱՄԵՆ ԻՆՉԻ ՀԻՄՆԱՐԿ» Hraparak

ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը, որ դարձել է «Նոր Հայաստանի» «կինոյի տղան», հայտնի սկանդալային գաղտնալսման երեք հերոսներից մեկն է՝ չհաշված խորհրդավոր Հրաչին։

Վանեցյանը չի խորշում այս թեմայով խոսելուց, բայց զգացվում է՝ մի քիչ կաշկանդվում է եւ չի ցանկանում խորանալ բովանդակության դետալներում։ Այս գաղտնալսումը թերեւս ամոթալի եւ պրոբլեմատիկ փաստ է նրա համար երկու տեսանկյունից․ նախ, որ ինչ-որ մեկը կարող է գաղտնալսել Հայաստանում ԱԱԾ տնօրենին, մի բան, որ հենց ԱԱԾ-ի գործառույթն է, եւ դա տեղի է ունենում հենց իր օրոք, եւ երկրորդ․ այդ ԱԱԾ տնօրենը հենց ինքն է, որն այսօր փաստացի հայտնվել է դատական համակարգի անկախության վրա ազդողի կարգավիճակում՝ չհաշված վարչապետին եւ ՀՔԾ պետին։

Բայց Վանեցյանի կերպարն այս գաղտնալսված «կինոյում» ամենաուշագրավն է այն առումով, որ երեք զրուցակիցներից կարծես թե միայն նրա մտքով է անցնում, որ Խաչատուրովին կալանավորելը կարող է ծանր նստել պետության վրա եւ խնդիրներ առաջացնել ռուսների հետ հարաբերություններում։ Վանեցյանն այս գաղտնալսման մեջ վարչապետին հայտնում է, որ ռուսները ծանր են տանում Խաչատուրովի ձերբակալությունը, ՌԴ հատուկ ծառայություններից իր հետ խոսել են եւ հորդորել չանել նման բան, քանի որ դա «մեծ ապտակ կլինի ՀԱՊԿ-ին»։

Արթուր Վանեցյանին հարցրինք՝ ինչո՞ւ են հենց իր հետ կապվել Խաչատուրովի հարցով։

«Ուրեմն, կապվել են ինձ հետ, որովհետեւ հատուկ ծառայությունների շփումների ուղին շատ կարճ է եւ ոչ անկաշկանդ, այսինքն՝ հատուկ ծառայությունների ներկայացուցիչներն իրար հետ կարող են շփվել պարզ, մարդկային լեզվով եւ հայտնել իրենց մտահոգությունը, ստանան պարզ պատասխան։ Չկա էն արարողակարգային շփումը, որն առկա է հատկապես արտգործնախարարության ուղղությամբ։ Բացի այդ, դա հարց է, որը վերաբերում է կոնկրետ ազգային անվտանգությանը, որովհետեւ Խաչատուրովը հանդիսանում էր ՀԱՊԿ քարտուղար, իսկ ՀԱՊԿ-ն կոչված է ապահովել անդամ երկրների անվտանգությունը։ Շատ պարզ է, որ պետք է ինձ դիմեին կամ ծայրահեղ դեպքում Դավիթ Տոնոյանին կարող է դիմեին»,- ասաց պարոն Վանեցյանը։

– Իսկ ի՞նչ ասացին Ձեր կոլեգաները։

– Իմ կոլեգաները, առհասարակ, հատուկ ծառայությունների ներկայացուցիչները հայտնում են իրենց մտահոգությունը, իրենց կարծիքը, իրենց խնդրանքը, բայց հետագայում չեն մեկնաբանում, թե ինչ կատարվեց։ Տեսնում են կատարվածը, անում են իրենց եզրակացությունները։

Ի՞նչ վիճակում է այս պահին Խաչատուրովի գործը։

– Խաչատուրովի նկատմամբ հիմա որպես խափանման միջոց ընտրված է գրավը, եւ նա՝ որպես մեղադրյալ, ՀՔԾ վարույթում գտնվող քրեական գործով որպես մեղադրյալ ներգրավված է, եւ իրականացվում է քննություն։

– Հիմա համարո՞ւմ եք, որ Խաչատուրովի նկատմամբ այս փուլում, այս իրավիճակում քրեական հետապնդում իրականացնելն այնքան էլ ճիշտ չէր եւ չէր բխում մեր պետության շահերից։ Դուք այդ համոզմունքն ունե՞ք։

– Եկեք ես էդ հարցին չպատասխանեմ, չմեկնաբանեմ, որովհետեւ քննությունը գնում է, այլ մարմին է քննությունն իրականացնում, թող գնահատականն այլ մարմինը տա։

– Պարզապես տպավորություն է, որ քաղաքական ամբիցիաներից ելնելով՝ ոմանք, այդ թվում՝ երկրի բարձրագույն ղեկավարությունը, որոշում է ձերբակալություններ անել, իսկ Դուք ավելի շատ պետության դիրքերից եք փորձում հարցին նայել։

– Ոչ, բարձրագույն ղեկավարությունը նման խնդիր չի դրել, բարձրագույն ղեկավարությունն իմ առջեւ դրել է խնդիր՝ լինել օբյեկտիվ, որպեսզի դատարանների վրա չազդի որեւէ մեկը, թե՛ գործող իշխանություններից, թե՛ նախկինները։

Դուք, Վալերի Օսիպյանն ու Սասուն Խաչատրյանն այսօր համարվում եք իրավապահ համակարգի թերեւս ամենակարեւոր դերակատարները, եւ դուք երեքով այսօր…

– Ես՝ չէ, Օսիպյանն ու Խաչատրյանը համարվում են ամենակարեւորը, ես իմ համար իմ գործն եմ անում։

Ձեզ դո՞ւր է գալիս նրանց աշխատանքը, ինչպե՞ս եք գնահատում նրանց աշխատաոճը։

– Ես չեմ կարող գնահատական տալ եւ չեմ կարող այլ բաներ ասել։ Դա՝ առանց մեկնաբանության։

– Պարոն Վանեցյան, տնտեսական հանցագործությունները շա՞տ են, կամ դրանց ռիսկը մե՞ծ է այսօր, այդ թվում՝ մոնոպոլիաների հարցում։

– Այսօր Հայաստանում մոնոպոլիաներ չկան։ Այսինքն՝ մոնոպոլիան գիտե՞ք ինչ է, չկա մի անձ, մի քաղաքացի, որն ուզի ներկրել ապրանք կամ զբաղվի ինչ-որ մի տնտեսական գործունեությամբ, եւ նրա առջեւ լինեն արհեստական խոչընդոտներ։ Խոչընդոտները կարող են լինել դեմպինգով։ Իսկ դեմպինգը, ներողություն, իմ գործը չէ։ Դրա համար գոյություն ունի ՏՄՊՊՀ, որը պետք է դրանով զբաղվի։ Եթե ես դեմպինգի հարցերն էլ վերցնեմ ու սկսեմ դրանով զբաղվել, կարող ենք իմ հիմնարկի անունը փոխենք դարձնենք՝ ամեն ինչի հիմնարկ, ու պրծնենք։

Ձեր՝ գրեթե «ամեն ինչի հիմնարկում», ասում են, բազմաթիվ թղթապանակներ են դարսված, որոնք հերթով բացում ու զբաղվում եք այդ գործերով։ Մյուս կողմից՝ հեղափոխությունից հետո, ասում են, շատացել են քաղաքացիների զանգերն ԱԱԾ, մարդիկ հանցագործությունների մասին հաղորդումներ են տալիս։ Սա ինչպե՞ս եք գնահատում, դրանց ո՞ր մասն է ջուր, որ մասն է լուրջ։

– Տեսեք, մեզ դիմում են տարաբնույթ հարցերով, անգամ մեկը մյուսից 200 դոլար պարտքով փող է վերցրել ու չի կարողանում վերադարձնել, գալիս դիմում են ու ասում են՝ էդ հարցը լուծի։

– Դա նորմա՞լ եք համարում, քանզի այնպիսի մթնոլորտ է ձեւավորվել, որ կարծես 37 թիվը լինի՝ բոլորը բոլորի վրա «գործ են տալիս»։

– Ոչ, շատ վատ եմ համարում։ Բայց Դուք տեսե՞լ եք մեր հավասարակշռված մոտեցումը։ Երեւի պիտի նկատած լինեիք, էլի։ Ես, որ միշտ ասում եմ՝ պետք չէ մարդկանց նստեցնել, պետք չէ մարդկանց նկատմամբ անտեղի քրեական հետապնդում իրականացնել, ընդհակառակը, պետք է հանդարտեցնել, հանգստացնել, որ մթնոլորտը լինի խաղաղ, եւ մարդիկ կարողանան աշխատել, արարել, ստեղծել։ Իմ խնդիրը դա է։

– Բայց հակառակի մասին են վկայում տեղեկությունները, մամուլի հրապարակումները, որ մարդկանց կանչում ասում են՝ այսինչ անձի դեմ ցուցմունք տուր, քեզ ձեռք չենք տա։

– Տեսեք, ես միշտ ասել եմ, որ հրապարակային եմ… չկա նման բան։ Ես ողջ իրավապահ համակարգի համար չեմ ուզում պատասխանատվություն կրել եւ պատասխան տալ։ Իսկ մեզ մոտ առհասարակ նման բան չկա։

Գուցե ԱԱԾ-ում՝ չէ, բայց ՀՔԾ-ում է, ոստիկանությունում, Քննչական կոմիտեում, որ նույն Քոչարյանի հետ կապ ունեցող անձանց կանչում են, ասում՝ ցուցմունք տուր Քոչարյանի կամ մեկ ուրիշի վրա, ու քո գործը փակենք։

– Մեզ մոտ առհասարակ նման բան չկա։ Թող էդ մարդկանց, ում կանչում են, որ գան ցուցմունք տան, կոչ եմ անում, թող գան դիմեն Ազգային անվտանգության ծառայությանը, եւ խոստանում եմ, որ համապատասխան միջոցներ կիրականացվեն այն կառույցների նկատմամբ, որոնք նման գործելաոճ են որդեգրել։ Մեզ մոտ նման բան չկա, ես դա պաշտոնապես հայտարարում եմ։

hraparak.am

 

Source: USAArmenia

Մասին USArmeniaNews.com

Կարդացեք նաև

Դղյակների թագավորությունը թողել, ընկել եք մի քանի սրճարանի հետևի՞ց․․․Hraparak

Ուշադիր հետևում եմ Օպերայի շուրջ կատարվող դեպքերին։ Հավասար ցավ եմ զգում բոլորի հանդեպ։ Բոլորն էլ …