Չորեքշաբթի , Ապրիլի 24 2019
Սկիզբ / Հասարակություն / Շնորհավորանքի խոսք

Շնորհավորանքի խոսք

Մարտակերտի շրջվարչակազմի ղեկավար հարգելի՛ Էդգար Հարությունյան, ցանկացա այս հրապարակումով անակնկալ մատուցել՝ շնորհավորելով Ձեզ Ամանորի և գալիք Սուրբ ծննդյան տոների առիթով, քանի որ ես մեկն եմ Մարտակերտում ապրողներից, ով իր սրտի խոսքն է արտահայտում շատերի անունից, ով տեսնում է Ձեր նվիրական գործը, Ձեր մարդասիրության տարածքները, լսում այն օրհնանքներն ու բարի խոսքերը, որ ուղղված են Ձեզ:

Դուք կարողացաք սահմանամերձ բնակավայրում ապրողներիս հոգուց հանել այն մղձավանջը, որ միշտ ուղեկցել է մեզ Արցախյան պատերազմից հետո: Դուք սովորեցրիք մեզ ապրել աշխարհի մնացած մարդկանց նման՝ լավ օրերի երազանքներն իրականություն դարձրած, ու ես վստահ եմ, որ մեր զարթոնքը նոր կյանքի մասին կլինի շարունակական Ձեր ազնիվ նվիրումի, մարդկանց բարություն անելու, շատերին ձեռք մեկնելու Ձեր անբասիր ձգտումով:
Հետպատերազմյան մեր ծանր օրերին դեմ դիմաց տեսա շինարարը պատ է շարում, մոտակա տնամերձ այգում մարդը ծառ է տնկում, տեսա արտերի ցորենի ծփանքը, լսեցի բակում խաղացող երեխաների կենսուրախ ձայնը, և հասկացա, որ կյանքը շարունակվում է, եթե հավատ կա, ապրելու կամք, սեր կա օջախի, հարազատ բնակավայրի հանդեպ: Ողջունեցի բոլոր նրանց, ովքեր վերադարձան, եկան իրենց հայրենի տունը շենացնելու, եկան կարոտով, հայրենի հողի կանչով: Ու ես էլ դարձա մեկը, ով վերադարձավ ու պարտավորված զգաց՝ իր ներդրումն ունենալ այս երկրի կայացման գործում՝ հողի սիրով, մարդու հանդեպ ունեցած հավատով, բարի գործի արարումով…
Մարտակերտում ապրողներիս համար 2018-ը հավատով էր լցված, տեսանելի էր Ձեր գործունեությունը, այն բարի համբավը, որ տարածվեց ամենուր: Եվ եթե ինձ՝ որպես քաղաքացու, որպես մանկավարժի, հարց ուղղեին Ձեր նվիրական աշխատանքի մասին, մի խոսքով կարող էի ՏԱՐՎԱ ՄԱՐԴ կոչել Ձեզ ու հավատացած եմ, որ Նոր տարվա մեր ընտանիքների բարի օրհնանքների մեջ Դուք կլինեք՝ որպես մեկը, ով մտահոգ է իր հայրենակիցների ճակատագրով, ով իրեն նվիրել է ընդհանուր գործին՝ հանուն մեր երկրի շենացման, հանուն մարտակերտցիներիս բարվոք կյանքի:
Տարիների ընթացքում որքան էլ մեր շրջապատում նկատելի են եղել բազում թերություններ, շատ անգամ արձագանքել եմ, բայց միշտ էլ մնացել եմ պետականամետ անձնավորություն, ով նույնպես շատերի նման մտահոգ է իր բնակավայրով, իր հայրենի երկրի հիմնահարցով: Երբ պետական իշխանավորների կողմից են անտեսվել աչք ծակող թերությունները, զարմացել եմ, երբեմն հիասթափվել, բայց չեմ կորցրել իմ հավատը, որ մի օր մենք էլ դուրս կգանք «աշխարհի խորթ տղերք» լինելու վիճակից, ու մեզ էլ կնկատեն, որ բարվոք ապրելու ծարավ ունենք մեր հոգում, մեծագույն ցանկություններ, որ երազանք են դարձել:
Ու 2018-ը նաև իմ որոշ երազանքների իրականացումը դարձավ, երբ քայլում եմ ասֆալտապատ ճանապարհով, երբ մտնում եմ վերանորոգված դասարան, երբ մեր բակ հոսող ավելորդ ջրերի հոսքը կտրվել է, երբ ապաստարան համարվող մեր նկուղը այս օրերին վերանորոգվում է, երբ ամեն անգամ անցնում եմ վերակառուցվող մարզադաշտի հարակից մայթով…Ու նաև՝ երբ նվիրելու համար իմ «Մանկավարժի օրագիրը» հրատարակվել է:
Համոզված լինելով, որ այս և նման այլ նորարարական աշխատանքները դեռ տեսանելի կդառնան 2019-ին՝ Ձեզ մաղթում եմ ամուր կամք, մեծ համբերություն, կառուցողական Ձեր բոլոր ծրագրերի ու նպատակների իրականացում: Ամանորը և գալիք Սուրբ ծնունդը թող ընտանեկան մեծ երջանկություն պարգևեն բոլորիս, արցախական հարատև խաղաղ կյանք, Նոր տարին դառնա երազանքների իրականացման բարեբեր տարի:
Նատաշա Պողոսյան
Source: USAArmenia

Մասին USArmeniaNews.com

Կարդացեք նաև

Մամուլի դաշտը «կարգավորողը» ՝ ալիմենտներ վճարելուց խուսափող շարքային «հաճախորդ» է

Մամուլի և խոսքի ազատությունը սահմանափակելու կոչեր են հնչում իշխանական ճամբարից եւ ամենից ակտիվն այս հարցում …