Սկիզբ / Մանկավարժի անկյուն / Ականատես ենք ուսուցիչների որակավորման տարակարգերի անհասանելիությանը

Ականատես ենք ուսուցիչների որակավորման տարակարգերի անհասանելիությանը

Արցախում առայսօր որակավորման 2-րդ տարակարգի ուսուցիչ չկա: Սա զավեշտ է, մի՞թե ամբողջ հանրապետությունում մի քանի արժանավորներ չկան 45 հազար ուսուցչության մեջ: Ճշմարտորեն նայենք իրականությանը, ինչու՞ մեզ մոտ անհասանելի է դարձել անցումը 2-րդ տարակարգին…Թերևս նշեմ այն արհեստական դժվարությունների մասին, որ կարծես դիտմամբ ձևավորել են մի այնպիսի օրենք, որն անհասանելի է դարձնում ուսուցչի որակավորման տարակարգերի անցումային փուլը:

Չորս տարի առաջ ուսուցիչների որակավորման առաջին տարակարգ ստացա, հետո անհասանելի դարձավ երկրորդ կարգին անցնելը: Յոթ բնութագրիչներից ապահովել էի 5-րդ բնութագրիչի «ա» ենթակետը, երբ նախարարության երաշխավորությամբ մեթոդական ձեռնարկ էի հրատարակել, այն բաժանվել էր Արցախի դպրոցներին: Նաև 7-րդի «ա» ու «բ» ենթակետերն էի ապահովել, երբ մասնակցել էի «Տարվա լավագույն ուսուցիչ» հանրապետական մրցույթին, մրցանակային տեղ զբաղեցրել, և Արցախի վարչապետի հուշամեդալով պարգևատրվել էի: Բայց որքանո՞վ է ճիշտ, որ դժվարությամբ գրված ու հրատարակած գիրքը և մեկ մասնագիտական հոդվածը նույնացվում են: Ըստ նշված կարգի՝ կա՛մ գիրք պիտի լինի, կա՛մ հոդված, երբ ոմանք այդ հոդվածի տպագրությունը կա՛մ գրագողությամբ են իրականացնում, կա՛մ ծանոթ-բարեկամ խաղալով:
1-ին և 6-րդ բնութագրիչները միշտ պիտի ուղեկցեն ուսուցչին, այսինքն՝ դրանցից բացի երկուսը պետք է ապահովի, որ ստանա 1-ին տարակարգ, նույնը 2-րդ տարակարգի անցնելու դեպքում՝ չհաշված այդ երկուսի առկայությունը, ուսուցիչը պետք է փաստորեն մնացած 5-ից ապահովի 4 բնութագրիչ: 1-ին բնութագրիչն ուսուցչի վարպետության մակարդակն է, այն փաստաթղթային է, դպրոցում իրականացվող: Նույնը ասվում է 6-րդի մասին, թե ուսուցիչը պետք է նախարարության կրթության պետական տեսչության տեսչավորումների կամ արտաքին գնահատման արդյունքում լավագույն ցուցանիշներ ունենա: Եթե այս երկուսը պարտադիր պայման են որևէ տարակարգի անցնելու համար, ապա ստացվում է, որ մենք ունենք 5 բնութագրիչ իրենց ենթակետերով:
Իմ ձեռքբերումներով 1-ին տարակարգ ստանալուց հետո վերջին տարիներին երկու բնութագրիչը՝ այս անգամ 5-րդի «ա» և 7-րդի «բ» ենթակետերը, ապահովել եմ, երբ մեր նախարարության երաշխավորությամբ նորից երկու գիրք եմ հրատարակել, և երբ շնորհվել է ինձ վաստակավոր մանկավարժի կոչում: Ստացվում է, որ պետք է ևս երկու բնութագրիչ ապահովել, իսկ դրա համար մնում է կանգնել 2-րդ, 3-րդ և 4-րդ բնութագրիչների ընտրության առջև: Սկսեմ 2-րդից: Այդ երբվանի՞ց են Հայաստանում Արցախի ուսուցիչներին ընդգրկել դասագրքերի գնահատող հանձնաժողովում, մենք ո՞վ ենք այն «հզորների» կողքին, ովքեր դասագրքերի հեղինակ են դառնում, մրցավազքի մեջ մտնում ու հաղթող ճանաչվում: Վերջերս աշակերտուհիս հարցրեց անսպասելիորեն, թե ի՞նչ վատ բան են արել այդ գրքի հեղինակին, որ նման դժվար հասկանալի դասագիրք է գրել: Այո՛, մենք դժվարամարս գրքերի ուսումնական նյութերը պարզեցնում, հասանելի ենք դարձնում աշակերտներին, բայց մեզ հասանելի չի դառնում այս բնութագրիչը, որ պիտի ապահովենք տարակարգի անցնելիս:
Անցնենք 3-րդ բնութագրիչին՝ կրթության և գիտության նախարարության կողմից ուսուցչի՝ երաշխավորած կազմակերպությունում վերապատրաստման դասընթացի վարումը: Այսպես ասած՝ պետք է հավաստագիր ձեռք բերենք: Բայց արդյո՞ք այդ ուսուցչին թույլ կտան վերապատրաստման դասընթացներ վարելու, երբ Հայաստանից եկած դասախոսներ, դասագրքերի հեղինակներ են այցելում Արցախ՝ այդ դասընթացներն անցկացնելու համար, կամ էլ ընտրվում է մեկը, ով ամաչում է, որ իր առջև նստած ուսուցիչներին պետք է ինչ-որ բան բացատրի: Դրան առերեսվել եմ տարիներ առաջ, և նա այնքան բարեխիղճ է եղել, որ առաջարկել է վաստակ ունեցող ուսուցչուհուս՝ օգնել իրեն դասընթացները վարելիս:
Մնում է 4-րդը՝ վերջին երկու տարվա ընթացքում «Հայկական կրթական միջավայր» կրթական պորտալում առնվազն մեկ մասնագիտական թեմայի վարում կամ ուսուցիչների վերապատրաստման առնվազն մեկ հեռավար ուսուցման դասընթացի վարում: Այս մեկը թերևս ցանկալի է, որ մեր ժամանակներում իրագործվի, գուցե և փորձեմ, բայց արդյո՞ք արդարության սկզբունքով է ընթանում, երբ նախօրոք ընկեր-բարեկամ ուսուցիչներ են ընդգրկում, որ մասնակցեն իրենց բարձրացրած հարցերի քննարկմանը:
Այնքան որ այս 7 բնութագրիչի մասին օրենքը ուսուցչի որակավորման տարակարգ ստանալու համար այնպես է ընդունված, որ անհնարին է դառնում անցնել անգամ 2-րդ տարակարգին, ուր մնաց դրանից էլ վեր բարձրանալ: Նույնիսկ հավելեմ, որ տարակարգեր ստանալու նման մեխանիզմ գործում է նաև Ռուսաստանում՝ շատ մատչելի ուսուցիչների ու մանկապարտեզների դաստիարակչուհիների համար: Նաև հարց՝ այդ ինչպե՞ս է, որ Հայաստանում ուսուցիչներ կան, որ այս տարիների ընթացքում ինչ-որ ձևով հաղթահարել են այդ անցումը, բայց մեզ համար դրա անհասանելիության վառ վկայությունը Արցախում որակավորման 2-րդ տարակարգով մանկավարժ չլինելու իրողությունն է:
Նատաշա Պողոսյան
Source: USAArmenia

Մասին USArmeniaNews.com

Կարդացեք նաև

Ու՞մ է ձեռնտու հայաստանցուն արցախցու հետ թշնամացնելը

Այս հումորը, բան-մանը մի կողմ. հիմա մի շատ կարևոր հարցի շուրջ գրառում պետք է անեմ։ …