Հինգշաբթի , Սեպտեմբերի 19 2019
Սկիզբ / Մանկավարժի անկյուն / Երբևէ չեմ ափսոսացել, որ անարդարներին «ապտակել եմ», երես առածներին՝ սաստել

Երբևէ չեմ ափսոսացել, որ անարդարներին «ապտակել եմ», երես առածներին՝ սաստել

Ինքնուրույն եմ, ազատ ու անկախ, բայց քմահաճ չեմ, ոչ էլ՝ կամայական ու ինքնագլուխ, սակայն համարձակ եմ, անկաշկանդ ու հավատում եմ իմ ձայնին, որ երբեմն բարձր է հնչում կամ էլ՝ կոշտ, երբեմն՝ հաճելի ու նրբին, բայց հակված եմ ըմբոստության, երբ իմ իրավունքներն են ոտնահարում, երբ կեղծիքն է կողքիս թևեր առնում, երբ մարդը խաբում է աներեսաբար:

Լեզվի թռիչք էր գուցե, բայց ճշմարտություն էր, որ ասացի, թե ես ազատ եմ ու ինքնիշխան: Տարակուսանք ծնվեց դիմացինի մոտ, երբ ազատ լինելը հասկանալի էր, այն մյուսը, որ ինքնիշխան էի որակել, կասկածանքի տակ դրվեց: Այո՛, ինքնիշխան եմ, երբ ինքս եմ իշխում իմ զգացումներին, ինչպես շատերը, երբ ինքս եմ կայացնում իմ որոշումները, և կասկածի տակ չի դրվում իմ արդարությունը:
Իմ տեսակը շրջապատում լավն է, թե՞ վատը, չգիտեմ, բայց չեմ էլ ափսոսում, որ այսպիսին եմ՝ երբեմն՝ անկեղծ ու շիտակ, երբեմն՝ ըմբոստ ու համարձակ, երբեմն՝ հանգիստ ու խաղաղ…Ու այսպես կյանքը իր հունով ընթանում է, պատահում է՝ ես լռակյաց եմ իմ խոհերով, ներքին մենախոսությամբ, կյանքի առեղծվածներին ընդդիմադիր, բայց ես ապրում եմ բոլորի հետ իմ համեստ կյանքով ու ավելին չեմ էլ ուզում, երբ սիրում եմ իմ լռությունը, որ ոչ մեկին չի վնասում, սիրում եմ իմ ազատությունը, որ չի բռնանում ուրիշների ազատ խոսքին, սիրում եմ ըմբոստ ոգիս, երբ չարության դեմ կարող եմ վտանգել ինձ, բայց մնալ կանգուն:
Սիրում եմ «հաղթողի» իմ տեսակը, բայց ոչ թույլի հետ «մենամարտում», սիրում եմ իմ ճշմարտության համար մաքառել, հասնել բարձրակետին ու իջնել այնտեղից կամաց-կամաց, հանդարտ ու անսքող, բայց մնալ իմ ձայնին հլու-հնազանդ, որ ամենալավը պարզերես նայելն է մարդկանց, երբ չես խաբում, չես շողոքորթում, խոսում ես պարզ ու շիտակ, ապրում՝ արդար ու ազնիվ… Որ ամենագեղեցիկ կյանքը մաքուր ապրելն է, երբ կողքիդ առատության մեջ ագահություն չես ցուցաբերում, որ հոխորտալը ոչինչ է կյանքում, երբ մեծամտում են, թե ամեն ինչ ունեն, բայց ունեցածը քիչ է, երբ նյութականն է գերակշռում հոգու դատարկության կողքին:
Ու իմ մտորումների շղթան շարունակվում է այսպես, որ երբեմն թվում է՝ ճանաչում եմ մարդուն, բայց սեփականության մոլուցքը, նրա ներսում թաքցված, մի օր գլուխ է բարձրանում, ի տես դարձնում իրական դեմքը: Մենք կատարելության չենք կարող հասնել, բայց անհանդուրժելի են մարդկային արատները, որ նկատում ենք շրջապատում, երբ տեսնում ենք՝ գերակա խնդիր է դառնում մարդու մոտ «ամեն ինչ իմն է» տկարամիտ խոստումը…
Ես ամենուր եմ՝ իմ շրջապատի ցավերով և ուրախություններով, շատերի մտահոգություններին կարեկից, լավագույն արարքը գնահատող, գեղեցիկը նկատող, բայց քողարկված անարդարություններին «ապտակող եմ», երես առած աներեսներին՝ սաստող…Իմ տեսակը հանգստանում է, երբ շուրջը խաղաղ է, երբ մարդն ապրում է իր առօրյա հոգսերով՝ առանց վնասելու ուրիշներին, ու միայն այդ հանդարտության մեջ եմ կարողանում վայելել մի արդար ու ազնիվ կյանք, որ իմն է ու շատ-շատերինը:
Նատաշա Պողոսյան
Source: USAArmenia

Մասին USArmeniaNews.com

Կարդացեք նաև

60 տարիս մեկ էջում

60 տարի, գրքի էջերի նման թերթվող վեց տասնյակ տարի… Ու ես փորձում եմ հիշել մի …