Հինգշաբթի , Փետրվարի 21 2019
Սկիզբ / Մամուլի տեսություն / «Նիգոդնիի» թղթով բանակից թռած Սասունի որդու «տպավորիչ» կենսագրականը. Hraparak

«Նիգոդնիի» թղթով բանակից թռած Սասունի որդու «տպավորիչ» կենսագրականը. Hraparak

Նորօրյա քաղաքային չինովնիկների կենսագրականներից մի քանիսին մենք արդեն անդրադարձել ենք՝ ցույց տալով նրանց կյանքի «հարուստ» դրվագները՝ աշխատանքային փորձի բացակայությունից մինչև կրթության բացակայություն։ Օրինակ՝ Էջմիածնի քաղաքապետի տեղակալ Արսեն Պետրոսյանն ու նրա խորհրդական Հռիփսիմե Մանուկյանը։

Բայց պակաս «տպավորիչ» չէ նաև Հրազդանի նորաթուխ քաղաքապետ Սևակ Միքայելյանի կենսագրությունը, որի, թերևս, ամենատպավորիչ դրվագը նրա՝ Սասուն Միքայելյանի որդի լինելն է, ինչը, սակայն, կենսագրականում նշված չէ։
Առաջինը, որ գրավեց երիտասարդ քաղաքապետի կենսագրականում մեր ուշադրությունը, Սևակ Միքայելյանի՝ ծնված չլինելու հանգամանքն է։ Նրա կենսագրականում բացակայում է նրա ծննդյան թիվը։ Նրա կյանքի թելը սկսվել է 2000 թվականից՝ անմիջապես դպրոցից, առաջին դասարանից։ Սովորաբար կանայք են թաքցնում իրենց ծննդյան թիվը, որ իրենց հավանող տղամարդիկ հանկարծ չիմանան՝ քանի տարեկան են, բայց արի ու տես, որ Սևակ Միքայելյանն էլ է թաքցրել կամ գուցե իսկապես նրա կյանքի ուղին դպրոցից է սկսվել, նախորդ 7-8 տարիների նրա էքզիստենցիալ գոյության մասին հիշատակելը նա արժանի չի համարել։
Երկրորդ ուշագրավ փաստը Միքայելյանի կենսագրության, եթե կարելի է դա այդպես անվանել, ցաքուցրիվ ժամանակագրությունն է։ Նրա կենսագրական տվյալները նշված են խառը հերթականությամբ, օրինակ՝ 2000-2010 թթ. սովորել և ավարտել է Հրազդանի Անանիա Շիրակացու անվան թիվ 6 միջն. դպրոցը, 2010-2014 թթ. սովորել և ավարտել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ֆինանսական ֆակուլտետի «ապահովագրական գործ» բաժինը: Ապա նշված է, որ ազատվել է զինվորական ծառայությունից՝ «կարճատեսություն» ախտորոշմամբ:
Դրանից հետո կտրուկ թռիչք են կատարել ոչ հեռավոր անցյալ՝ 2017 թվական․ «2017 թ.-ից աշխատում է «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ Երևանի մասնաճյուղի «Չ» տեղամասում՝ որպես ճարտարագետ»։ Այսինքն՝ նա 2017-ից մինչ օրս աշխատում է «Գազպրոմ Արմենիայում», ու մինչ օրս, անգամ քաղաքապետ նշանակվելուց հետո էլ չի դադարել աշխատել այս հիմնարկում, քանզի աշխատանքի սկիզբը նշված է, ավարտը՝ ոչ։ Սա օրենքի խախտում է, քաղաքապետը չի կարող միաժամանակ աշխատել նաև այլ հիմնարկությունում, եթե, իհարկե, սա բացթողում չէ նրա կենսագրականում։
2017-ից հետո կտրուկ թռիչք են կատարել 9 տարի հետ՝ 2008 թվական։ Սևակ Միքայելյանն իր կենսագրականում որոշել է հատուկ ընդգծել, որ նա 2008 թ.-ից ակտիվ պայքարել է քաղբանտարկյալների ազատության համար, մասնակցել է Երևանում, Հրազդանում տեղի ունեցած քաղաքական ակցիաներին: Հետո նորից «թռել» են 2015 թվականին, երբ Միքայելյանը հազարավոր քաղաքացիների նման մասնակցել է էլեկտրաէներգիայի թանկացման դեմ պայքարին՝ օրեր շարունակ Բաղրամյան փողոցում տեղի ունեցած «Էլեկտրիկ Երևան» բողոքի ակցիային:
2017 թ-ին էլ մասնակցել է «Ոչ թանկացումներին» քաղաքական ակցիային: Թե ինչ կապ ունի ակցիաներին մասնակցելու «հատկությունը» համայնքի լավ, պրոֆեսիոնալ ղեկավարի լինելու հետ, դժվար է ասել, բայց նորաթուխ քաղաքապետը, որոշել է դրան հատուկ կարևորություն տալ՝ թերևս իր կյանքի այս դրվագներով փորձելով «հարստացնել» իր «բուռն» կենսագրությունը։ Սևակ Միքայելյանի կենսագրության ամենազավեշտալի դրվագը, որը տարօրինակ չէր թվա, եթե տեղ գտած չլիներ նրա՝ որպես համայնքի ղեկավարի կենսագրականում, հետևյալն է․ «2012 թ.-ից զբաղվում է լողով, ընկերական մրցաշարում առանց դադարի լողալով հաղթահարել է 6 կմ տարածությունը: Օժտված է բարձր կամային հատկանիշներով»։
Սա նույնն է, որ ասես՝ քաղաքապետը փոքր տարիքում հաճախել է ֆուտբոլի, կարատեի կամ դաշնամուրի և ելույթ է ունեցել դպրոցական հանդեսներում։ Իսկ բարձր կամային հատկանիշներով օժտված լինելուց զատ՝ կարելի էր մի քանի այլ «կարևոր» հատկանիշ էլ ավելացնել՝ հարստացնելով նրա բնութագիրը։ Օրինակ՝ ունի նուրբ ճաշակ ավտոմեքենաների հարցում, կանանց մեջ գնահատում է գեղեցկությունն ու առաքինությունը, մերժում է գիշերային ակումբների արատավոր բարքերը, գույներից նախընտրում է սևը, ընկերասեր է, բարի և նպատակասլաց, ինչպես նաև սիրում է, որ թթու վարունգը պինդ լինի։ Եվ ամենակարևորը՝ 2018 թ-ի հոկտեմբերի 27-ին ստանձնել է Հրազդան համայնքի ղեկավարի պարտականությունները:
Hraparak.am
Source: USAArmenia

Մասին USArmeniaNews.com

Կարդացեք նաև

Տխմարը՝ մնում է տխմար…

Թալինցիների առաջ ելույթ ունենալով՝ տխրահռչակ «հեղափոխական» Սասուն Միքայելյանը մի շարք անհասկանալի հայտարարություններով է հանդես եկել: …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով