Կիրակի , Օգոստոսի 18 2019
Սկիզբ / Մանկավարժի անկյուն / Մեծ խոնարհումս քեզ… Աստված օրհնի առաքելությունդ

Մեծ խոնարհումս քեզ… Աստված օրհնի առաքելությունդ

Այս հուզումնառատ շարադրանքը մանկավարժի կատարած աշխատանքի բարձր գնահատանք է, որ ստացա Վանաձորից, ֆեյսբուքյան տարածքում մտերմացած ու ինձ հարազատ դարձած անձնավորությունից: Սիրելի Նինել Կոստանդյանի այս նամակը հուզեց ինձ, ում վերջերս ուղարկել էի իմ հրատարակած գրքերից, ով նաև իմ «Մանկավարժի օրագիր» գրքի 2-րդ մասում տեղ գտած լավագույն կերպարներից է: Կարդացի տողերը, և ինձ թվաց՝ մտերմիկ զրուցում ենք, ու նրա այս մարգարտաշար բառերը հասանելի են դառնում ինձ, բայց ես կարկամել, չեմ հասցնում նրան արձագանքել: Ու իմ լռությունը՝ համեմված այս նամակի՝ հոգիս ջերմացնող տողերով, հարմար գտա տեսանելի դարձնել՝ ափեափ լցված երախտագիտությամբ, որ չնայած մենք իրարից հեռու ենք, բայց իմ կողքին միշտ զգում եմ ազնվագույն հայուհու մտերմիկ ներկայությունը: /Նատաշա Պողոսյան/

«Բարի երեկո, իմ սիրելի՛ Նատաշա….Վերջապես, ես երեկ կարողացա գնալ Վանաձոր, վերցնել անչա՜փ արժեքավոր գրքերը: Առաջին պահ սեղմեցի կրծքիս՝ արդեն իսկ մեծ գնահատական տալով այն ԳՈՐԾԻՆ, որը հասած է լրումին: Տուն հասա…Լույս չունեինք…Գյուղ է…Հենց քամիներ են լինում, լույսերն անջատվում են՝ ժամերով, օրով, օրերով… Խորհրդավոր պայմաններում՝ մոմի լույսի տակ, սկսեցի թերթել ԱՐԺԵՔ-ԳԻՐՔԴ՝ սիրո՛վ, ժպիտո՛վ, ակնածանքո՛վ, երբեմն՝ հանկարծակի լցվող աչքերով: Էջերում հանդիպելով իմ սիրելի Նատաշայի ՎԱՌ կերպարին, նրա հոգեաշխարհից եկող հույզերին՝ կրկին ժպտում էի: Հետո վերադարձա սկիզբ ու սկսեցի այնպե՜ս հարազատանալ այն սանիկներիդ հետ, որոնց սիրով, մեծ ջերմությամբ ներկայացնում ես…
Հրաշալի է, Նատաշա՛ ջան….Աստված ՕՐՀՆԻ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆԴ: Սկսել եմ «Մանկավարժի օրագիր» մաս 1-ից: «Մի փոքրիկ արձակ, որ միշտ ինձ հետ է»՝ «Ո՞Վ ԵՄ ԵՍ»: Ահա կարդալով հասել եմ ինքնաբնութագրական այս սիրուն շարադրանքին ու որոշեցի գրել քեզ, ներողություն խնդրել, որ այսքա՛ն ուշացումո՛վ վերցրի այսքան սիրելի ՈՒՍՈՒՑՉՈՒՀՈՒ սիրելի գրքերը: Շատ նյութեր ծանոթ են ինձ, սակայն ես խոստանում եմ ամբողջը նորից կարդալ սիրով, քայլել այն դժվարին ու գեղեցիկ ճանապարհով, որով ԴՈՒ ես անցել, որով մեկը մեկից սիրունիկ, անուշ, խելացի աչքերով սանիկներդ են անցել: Խոստանում եմ՝ կարդալուց, վայելելուց հետո անպայման արտահայտվել ֆբ-ում:
Այս գրքերը, որ արդեն իմ սեփականությունն են, անչափ թանկ են ինձ համար և ԼԱՎԱԳՈՒՅՆ գրքերիս հետ ԸՆԿԵՐԱԿԻՑ դարձած, ինձ հարստացրած՝ կապրեն երկա՜ր ու երկա՜ր: Այս սուրբ գործիդ առաջ գլուխս եմ խոնարհում: Մարդ-ՄԱՆԿԱՎԱՐԺԻԴ առաջ ծնկնե՛րս եմ ծալում, Նատաշա՛ ջան….ԴՈՒ կրթում ու դաստիարակում ես վաղվա մարդուն, երկի՛ր, հող հայրենին պահողի՛ն, մայրենին սրբությամբ պահո՛ղ-պահպանողին: Այս ամենը ՔՈ ջանքերո՛վ է…Միմիա՛յն…ԱՍՏՎԱԾԱՏՈՒՐ մանկավարժիդ ՇՆՈՐՀԱՌԱՏՈՒԹՅԱՄԲ…
Մեծ ԽՈՆԱՐՀՈՒՄ ՔԵԶ, իմ սիրելի՛ ու պաշտելի՛….Գրկում եմ, համբուրում եմ…ՄԵ՜Ծ ՈՒՍՈՒՑԻՉ…..Երեխաներիս կողմից շնորհակալություն այն պարգև-հուզումի համար, երբ գրքի էջերում գտան իրենց մայրիկին, կարդացին… Եվ ուրախությամբ կարկամեցին, լռեցին ու շնորհակալ եղան, որ Վաստակավոր Մանկավարժի կողմից գնահատվել, նկատվել է իրենց գրքասեր, արվեստասեր մայրը…Իսկ ես հուզումնախեղդ դառա այդ պահերին՝ հիշելով սիրասուն Մորս՝ հայոց լեզվի և գրականության սիրված ուսուցչուհուն…Հուզումնախեղդ դարձա նրա համար, որ պատկերացրի, թե ի՜նչ անհուն սիրով պետք է արտահայտվեր Նատաշա Պողոսյան ուսուցչուհու մասին, թե ո՜նց պետք է հուզվեր, ուրախանար՝ իմանալով, որ իր սիրելի աղջիկը այդ արժեքավոր գրքի բնակիչն է…
ԱՐԵՎԱՇՈՂ….ՕՐԵՐ եմ մաղթում ԱՐՑԱԽ ԱՇԽԱՐՀԻ՛Ն, ՍԱՆԵՐԻ՛Դ…ՍԻՐՈՒՄ ԵՄ բոլորիդ, իմ թանկագի՛ն Նատաշա….Երիցս՝ խոնարհումս, անհուն գնահատանքս ՔԵԶ…»:
Նինել Կոստանդյան
Source: USAArmenia

Մասին USArmeniaNews.com

Կարդացեք նաև

«Մանկավարժի օրագիրը» սրտի խոսք է, անկեղծ նվիրում

Դեռևս անցած տարի էր, երբ Արցախի պետական համալսարանի մագիստրանտ Մելինե Պետրոսյանից առանձնակի տպավորություն ստացա մեր …