Երեքշաբթի , Հուլիսի 16 2019
Սկիզբ / Հասարակություն / Մարդիկ խոտ չեն ուտում, ու բոլորն էլ շատ լավ հասկանում են, թե ինչ է կատարվում երկրում

Մարդիկ խոտ չեն ուտում, ու բոլորն էլ շատ լավ հասկանում են, թե ինչ է կատարվում երկրում

Նիկոլ Փաշինյանի կողմից իրականացվող քաղաքական «վենդետան» ժամանակի հետ մեկտեղ միմիայն նոր նրբերանգներ է սկսում ձեռք բերել՝ ստանալով շատ ավելի անմարդկային դրսևորումներ:

Հիմա էլ պարզվում է՝ Ռոբերտ Քոչարյանին երկրորդ մեղադրանքն առաջադրելուց օրեր անց Արթուր Վանեցյանի թիրախում է հայտնվել երկրորդ նախագահի ավագ որդին:
Մասնավորապես՝ փետրվարի 19-ին ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտը հայտարարություն է տարածել, որում ասվում է, որ Սեդրակ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել առանձնապես խոշոր չափերով հարկ չվճարելը կազմակերպելու և առանձնապես խոշոր չափերով հանցավոր ճանապարհով ստացված եկամուտներն օրինականացնելու համար:
Իհարկե, մի քանի օրվա ընթացքում չէ, որ Սեդրակ Քոչարյանին առնչվող այս շինծու գործն իր ձևակերպումն է ստացել, և Քոչարյանների ընտանիքի հանդեպ առանձնակի հետաքրքրություն դրսևորելու վերաբերյալ Վանեցյանը դեռ ամիսներ առաջ էր հայտարարել մի ասուլիսի ժամանակ, սակայն հիմա, փաստորեն, հասունացել է այն պահն, երբ Սեդրակ Քոչարյանի նկատմամբ իրականացվող հետապնդումը մոտենում է իր վերջնափուլին:
Բազմիցս ենք խոսել այն մասին, թե ինչ է այսօր իրենից ներկայացում Հայաստանի իրավապահ համակարգն ընդհանուր առմամբ, թե ինչպես են ողջ համակարգի հերն անիծում, թե ինչպես են Փաշինյանի դրածոներն իրենց աշխարհի տեր ու տիրական զգում՝ ցուցաբերելով տառացիորեն ընտրողական վերաբերմունք ու թիրախավորելով մարդկանց, ովքեր հասարակությանը հայտնի են իրենց անկոտրում կամքով ու փաշինյանական Հայաստանի գաղափարական կլիշեների սահմաններում չտեղավորվող հայաստանակենտրոն հայացքներով (այս նույն տրամաբանության մեջ է նաև տեղավորվում Մանվել Գրիգորյանի և նրա ընտանիքի դեմ իրականացվող անմարդկային դեմարշն ու վրեժխնդրությունը):
Այս ամենն, իհարկե, շատ խորը գնացող արմատներ ու նախապատճառներ ունի, և հարցն այստեղ միայն Փաշինյանի՝ որոշ անհատների նկատմամբ տածած անձնական հակակրանքի մեջ չէ միայն, բնա՛վ, այլ ընթացող խայտառակ պրոցեսները մեծապես պայմանավորված են նաև Հայաստանի շուրջ տեղի ուենցողով, այն աշխարհաքաղաքական անբարենպաստ պրոցեսներով, որոնց դառը հետևանքներին Հայաստանը շուտով ստիպված է լինելու բախվել՝ նախևառաջ նոր իշխանությունների ոչ ճիշտ արտաքին քաղաքականության հետևանքով:
Ի՞նչ է անում Փաշինյանը: Նրա ծրագիրը հստակ է ու մի կողմից՝ միտված է հասարակության մի մասի համար տեսարանների ապահովմանը՝ երկրում իբր կոռուպցիայի դեմ մղվող պայքարի կոնտեքստում, մյուս կողմից, փաստորեն, գործ ունենք շատ մասնավոր դեպքի հետ՝ Քոչարյանների, որոնց Փաշինյանն ու իր նազիր-վեզիրները փորձում են հասարակության աչքերում վերածել բացառիկ «բոբոների»: Իբր պատճառը, որ ազգը վատ է ապրում, Քոչարյաններն են, այլ ոչ թե հեղափոխականների տկարամտությունն ու ապաշնորհությունը:
Հարց է առաջ գալիս՝ եթե իշխանություններն արդարամտորեն պայքար են մղում կոռուպցիայի դեմ, ինչպես փորձում են «ռեկլամվել», ապա ինչո՞ւ են դիցուք թիրախավորում բացառապես Քոչարյաններին, ի՞նչ է, միայն հայր և որդի Քոչարյաններո՞վ է Հայաստանում ծնունդ առել ու ծաղկել կոռուպցիան, թե՞, պարզապես, Փաշինյանի քաղաքական շահերից չի բխում մյուս հայտնիներին նույնպես թիրախավորելն ու պատժելը…
Բոլոր դեպքերում, իհարկե, մարդիկ խոտ չեն ուտում, ու բոլորն էլ շատ լավ հասկանում են, թե ինչ է կատարվում երկրում: Իսկ կատարվում է մի շատ պարզ բան՝ Փաշինյանն ու նրան ներշնչողներն արագորեն փորձում են ազատվել Քոչարյանից, փորձում են որդուն հետապնդելու միջոցով ստիպել հորը՝ հրաժարվելու քաղաքականություն վերադարձի մտքից՝ միաժամանակ ոտնատակ տալով նամուս ու թասիբ, սրբություն ու ընտանիք, և կասկած չկա, որ Սեդրակ Քոչայանի նկատմամբ իրականացվող այս «վենդետան» Քոչարյանին պատուհասած «մարտիմեկյան» խայտառակ «վենդետայի» յուրատեսակ դրսևորումն է:
Լա՛վ, մինչև ե՞րբ այսպես…
Source: USAArmenia

Մասին USArmeniaNews.com

Կարդացեք նաև

Ո՞վ է կանգնած Ջիվան Աբրահամյանի թիկունքում.Politik

« Politik.am »-ը գրում է.Օրեր առաջ մենք գրել էինք, որ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի դեմ …