Շաբաթ , Նոյեմբերի 23 2019
Սկիզբ / Մամուլի տեսություն / Մհեր Եղիազարյանը՝ անտարբերության զոհ. HayNews

Մհեր Եղիազարյանը՝ անտարբերության զոհ. HayNews

Մհեր Եղիազարյանը՝ անտարբերության զոհ. Պետական մարմինների ու պաշտոնատար անձանց ջանադրությունը, խնդրում եմ գնահատեք ինքներդ

HayNews.am  կայքի նախկին պատասխանատու Մհեր Եղիազարյանը «Նուբարաշեն» ՔԿՀ-ում մահացավ անտարբերության պատճառով, ի տարբերություն պաշտոնական աղբյուրների ուշացած ու հանրային ճնշման տակ արված հայտարարությունների:
Կալանավայրում 44-օրյա հացադուլից և այն դադարեցնելուց 10 օր անց անտարբերության զոհ դարձած Մհեր Եղիազարյանի մահը սոցիալական ամենատարբեր հարթակներում քննարկման թեմա դարձավ, իսկ պատկան կառույցները լուռ էին, գուցե ներքուստ գիտակցում էին «մեղքի» իրենց բաժինը:
Մհեր Եղիազարյանի մահվան կապակցությամբ անհանգստություն հայտնեց ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի ժողովրդավարության, մարդու իրավունքների և մարդասիրական հարցերով գլխավոր հանձնաժողովի նախագահ Մարգրեթ Քիներն. «Անհանգստացած եմ 44-օրյա հացադուլի պատճառով բանտում մահացած Մհեր Եղիազարյանի դեպքի կապակցությամբ: Այս հարցով դիմել է ՀՀ ՄԻՊ-ին: Այս գործի հետաքննության վերաբերյալ հետագա տեղեկատվությունը շատ կարևոր է»:
Հայտարարությամբ հանդես եկավ նաև Գերմանիայի խորհրդարանի «Ձախ» խմբակցության պատգամավոր Էվրիմ Հելի Զոմերը. «Ցնցված եմ ձերբակալված ընդդիմադիր քաղաքական գործիչ Մհեր Եղիազարյանի մահվան լուրից: Նա մահացավ 44 օր հացադուլից հետո, հավանաբար՝ սրտի կաթվածից: Հայաստանը պետք է անհապաղ և համոզիչ կերպով ուսումնասիրի մահվան հանգամանքները»:
Եվրամիության արտաքին քաղաքականության հարցերով պատասխանատուի խոսնակ Մայա Կոսյանչիչը, անդրադառնալով Մհեր Եղիազարյանի դեպքին, հայտարարել էր, որ ԵՄ-ն ՀՀ կառավարությունից պատշաճ հետաքննություն է ակնկալում և որ այդ հետաքննությունից հետո համապատասխան քայլեր կձեռնարկվեն: «Մենք այդ դեպքից տեղյակ ենք, ու ակնկալում ենք, որ ՀՀ իշխանությունները գործի կանցնեն»:
Գործի անցավ ՀՀ Արդարադատության նախարարը, գրառում կատարելով ֆեյսբուքյան իր էջում: Արտակ Զեյնալյանը պետական մարմինների ու պաշտոնատար անձանց ջանադրության գնահատումը թողնում է հանրության դատին:
Խոսքն այստեղ այն ջանադրության մասին է, որ երեկ հրապարակեց ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խումբը:
«Մհեր Եղիազարյանի մահվան օրը ՔԿՀ-ում չի եղել ո´չ բժիշկ, ո´չ բուժակ: Հունվարի 26-ին Մ.Ե.-ի խցակիցը, հայտնաբերելով, որ վերջինիս առողջական վիճակը վատացել է, հրավիրել է հսկիչին, շտապ օգնություն են կանչել, սակայն նրան փրկել չի հաջողվել»,- ասված է դիտորդական խմբի հայտարարության մեջ:
Մինչդեռ Արտակ Զեյնալյանը, իր գրառման մեջ նշում է. «Մհեր Եղիազարյանը հացադուլ իրականացնելու ընթացքում ենթարկվել է բժշկական զննության՝ անհրաժեշտություն ծագելուն պես, բժշկական հսկողության ներքո գտնվել է՝ մշտական»:
Ըստ Արդադադատության նախարարի՝ Մհեր Եղիազարյանը նյարդահոգեբուժի կողմից զննվել է մահվանից մեկ օր առաջ. «25.01.2019թ ևս մեկ անգամ զննվել է նյարդահոգեբույժի կողմից, ամեն ինչ եղել է նորմայի սահմաններում՝ գիտակցությունը եղել է պարզ, կողմնորոշումը՝ ճիշտ։ Կարծում եմ, որ քրեակատարողական ծառայությունը Մհերի հացադուլի ընթացքում իրականացրել է հնարավոր ամենը՝ հացադուլի ընթացքում և դրանից հետո նրա կյանքին և առողջությանը սպառնացող վտանգները կանխելու և նվազեցնելու ուղղությամբ՝ կազմակերպելով նրա հետազոտումը և բուժօգնության իրականացումը թե՛ քրեակատարողական հիմնարկում, թե՛ քաղաքացիական բուժհաստատությունում»:
Եթե «անվերապահ» հավատանք նախարարին, ապա այդ դեպքում ու՞մ հուղարկավորեցին Մհեր Եղիազարյանի հարազատները հունվարի 28-ին, ժամը՝ 13:00-ին Սիսիանի Լծեն բնակավայրում:
Այդ ինչպես են զննել կամ հետազոտել 2-րդ կարգի հաշմանդամ մարդուն, որ ուներ բարձր ճնշում, սրտի հետ կապված առողջական խնդիրներ, որ նրա մոտ պաթոլոգիայի փոփոխություն չհայտնաբերվեց:
Դիտորդների խումբը դեպքի և հանգամանքների կապակցությամբ հունվարի 29-ին դիմել է ՀՀ ԱՆ՝ բարձրացնելով իր մտահոգությունները: 
«Հիմնարկում հերթապահ բուժաշխատողի բացակայությունն արդեն հանդիսանում է լուրջ խնդիր, հնարավոր է, եթե տեղում լիներ բուժաշխատող, ապա կարող էր հրատապ առաջնային օգնություն ցուցաբերվել և անձը փրկվեր: Հիմնարկը, տեղյակ լինելով Մ.Ե.-ի առողջական վիճակից, չի կանխատեսել, որ հացադուլի պատճառով այդ առողջական խնդիրները կարող են սրվել և քայլեր չի ձեռնարկել վերջինիս հիվանդանոց տեղափոխելու վերաբերյալ այն էլ այն դեպքում, որ ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում հերթապահ բժիշկներ չկան»,-նշված է հայտարարության մեջ:
Այս ամենը հաստատում է վերը նշված այն մտահոգությունը, որ Մհեր Եղիազարյանը մահացել է անտարբերության արդյունքում:
«Բանտային բժշկության ոլորտը բարելավելու հարցն անձամբ իմ և կառավարության օրակարգում է և ամենօրյա ուշադրության կենտրոնում»,- գրել է Արտակ Զեյնալյանը:
Ինչ ուշադրություն մասին է խոսքը, երբ դիտորդական խումը արձանագրել է, որ «Նուբարաշեն» ՔԿՀ-ի բուժմասի միջանցքները երեկոյան ժամերին ընդհանրապես չունեն էլեկտրական լուսավորություն և այնտեղ տեղաշարժվելու համար աշխատակիցները օգտագործում են իրենց հեռախոսների լուսավորությունը: Գուցե հենց այս ջանադրության մասին էր խոսում Արտակ Զեյնալյանը: 
Թե որքա՞ն է եղել պետական մարմինների ու պաշտոնատար անձանց ջանադրությունը, խնդրում եմ գնահատեք ինքներդ…
HayNews.am

Source: USAArmenia

Մասին USArmeniaNews.com

Կարդացեք նաև

Բանակայինները՝ «թավշյա» անտարբերության զոհ

Ստացվել է ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանի արձագանքը՝ կապված ՊՆ առջև շուրջ 4 օր հացադուլ …