Ուրբաթ , Օգոստոսի 23 2019
Սկիզբ / Հասարակություն / Հերթը հասավ YouTube-ին

Հերթը հասավ YouTube-ին

ՀՀ տրանսպորտի, կապի և ՏՏ նախարար Հակոբ Արշակյանը խորհրդարանում լրագրողների հետ ունեցած զրույցի ժամանակ հանդես է եկել վայ բացահայտմամբ:

Բանից պարզվում է` «Հարկային օրենսգրքի» տխրահռչակ բարեփոխումների շրջանակներում Կառավարությունը հիմա էլ մտադիր է հարկ գանձել YouTube-ում սեփական կարծիքը հնչեցնող բլոգերներից. աշխարհի ամենապոպուլյար կայքերից մեկից եկամուտ ստացող հայ քաղաքացիները նույնպես հարկվելու են:
««Հարկային օրենսգրքում» փոփոխություններ են տեղի ունենում. միկրոբիզնեսը չի հարկվելու, բայց դրանից ավելի եկամուտ ստացողները կարող են մտնել հարկային դաշտ»,-լրագրողների հետ զրույցում անակնկալ, բայց ապսուրդային բացահայտմամբ է հանդես եկել Փաշինյանի թիմի ամենաերիտասարդ անդամներից մեկը:
Այն, որ կառավարության նախաձեռնած «Հարկային օրենսգրքի» փոփոխությունների արդյունքում Հայաստանը փաստացի վերածվելու է անապատի, այլևս ոչ ոք չի կասկածում: Դրա առաջին ծաղիկներին արդեն իսկ ականատես է դառնում հանրությունն, երբ Կառավարության շենքի դիմաց չեն դադարում բողոքներն ու ընդվզումները` մարդկանց վրա հարկային բեռն անբնական բարձր սահմանելու պատճառով, որի արդյունքում փոքր ու միջին ձեռնարկությունները, փաստորեն, կանգնելու են լինել-չլինելու խնդրի առաջ:
Բայց երևում է` Կառավարությունը որոշել է է՛լ ավելի հեռուն գնալ ու հարկային դաշտ մտցնել անգամ հանրության հետ սեփական կարծիքով կիսվողներին, ու մնում է միայն սպասել, թե երբ են հարկ վճարելու անխտիր բոլոր նրանք, ովքեր, առհասարակ, օգտվում են համացանցից: Մնում է միայն քաղաքացիների օգտագործած ամենօրյա ինտերնետ թրաֆիկի համար էլ հարկ սահմանեն, որ ամեն ինչ իր տեղն ընկնի`ասենք մեգաբայթը 1000 դրամ:
Իրականում այս մտայնությունն իսկական աղետ է ու վկայում է Կառավարության ֆիասկոյի մասին. չունենալով տնտեսական զարգացման հստակ ծրագիր ու լավ հաշվարկված տեսլական, որոշել են կպնել մարդկանց ջանից ու քամել ինչից պատահի ու ինչ պատահի:
Ընդ որում` սա արվում է մի երկրում, ուր բարձր տեխոլոգիաների ոլորտը հռչակված է որպես առաջնահերթություն, ուր գիշեր-ցերեկ խոսում են ոլորտի զարգացման մասին, ապագայի գայթակղիչ պատկերներ նկարում ու այսկերպ «փափուկ բարձ դնում» սովից զկրտացող ժողովրդի գլխի տակ:
Փոխարենը ոլորտը խրախուսելու, համացանցն իսկապես հայաֆիկացնելու, YouTube-ի ընձեռած քարոզչական հնարավորությունները լիակատարորեն օգտագործելու , Կառավարությունը, փաստորեն, արհեստական խոչընդոտներ է ստեղծելու օգտատերերի համար ու ազատ խոսքից հարկ գանձելու, ինչն ուղղակի նոնսենս է, խայտառակ մի բան:
Բայց այս ամենի հիմքում կարող է մեկ ուրիշ պատճառ էլ ընկած լինել` քաղաքականը:
Բանն այն է, որ այսօր համացանցն ու, մասնավորապես, նույն YouTube-ը գրեթե անսահման հնարավորություններ են ստեղծում քարոզչություն իրականացնելու, լրատվություն մատուցելու, սեփական կարծիքը հանրայնացնելու համար: Եվ, ահա, բոլորովին չի բացառվում, որ Կառավարության այս նոու-հաուն իր խորքում հենց քաղաքական նպատակներով է մտահղացվում` դաշտն է՛լ ավելի վերահսկելու, ազատ խոսք հնչեցնողների վրա ազդելու հավելյալ լծակներ ձեռք բերելու, նրանց հարկ եղած դեպքում ճնշելու համար.մեկ զանգ հարկայինից և «բլյուդը» պատրաստ է:
Երևում է` YouTube-ն էլ են որոշել ՔՊ-ացնել…
Source: USAArmenia

Մասին USArmeniaNews.com

Կարդացեք նաև

Առաջին տպավորությունն, որն ինձ մի քիչ զարմացրեց, դա Աննա Հակոբյանի ջինսե տաբատն էր և սպիտակ վերնաշապիկը. Հայկուշ Նազինյան

ԻՆՉՊԻՍԻՆՆ ԷՐ ՍՏԱՑԱԾ ՏՊԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՍ ԱՌԱՋԻՆ ՏԻԿՆՈՋ ՀԵՏ ՀԱՆԴԻՊՈՒՄԻՑ Շատ էի ցանկանում տպավորություններս ու խոհերս կիսել …