Սկիզբ / Հասարակություն / Պարոն Փաշինյան, կրակն ընկա՞նք, որ Ցուկերբերգը «Ֆեյսբուք» ստեղծեց…

Պարոն Փաշինյան, կրակն ընկա՞նք, որ Ցուկերբերգը «Ֆեյսբուք» ստեղծեց…

Մարտի 16-ին բոլորից թաքուն Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան լայվի միջոցով անսպասելիորեն աչքալուսանք տվեց, թե անակնկալ այցով մեկնում է Արարատի մարզ` տեղում ծանոթանալու տիրող իրավիճակին:

Ռանչպարում ու Սիսում ունեցած հանդիպումների ընթացքում վարչապետը հասցրել է մոտիկից ծանոթանալ գյուղացիների բյուրավոր խնդիրներին, լսել նրանց արդարացի բողոքներն ու փորձել տեղում լուծումներ առաջարկել և որքան հնարավոր է «կրեատիվ»:
Այցը, որը, փաստորեն, միաժամանակ վերածվել է ֆեյսբուքյան «լայվի», բավական էկզոտիկ իրադարձություն է հայ իրականության պայմաններում, և որոշ միամիտների մոտ կարող էր տպավորություն ստեղծվել, թե իսկապես երկրի բարձրագույն ղեկավարությունն այնքան մտահոգ է հայ գյուղացիության խնդիրներով, որ նախընտրել է նման արտակարգ քայլ անել ու գնալ-հասնել հասարակ մարդկանց դուռը` հատկապես որ հեղափոխական իշխանությունների տակտիկան աչքի է ընկնում հենց էքստրաօրդինար լուծումներով:
Սակայն Փաշինյանի չհայտարարված շոուն առաջ է բերել ավելի շատ հարցեր, քան տվել նույն գյուղացիությանը հուզող բազմաթիվ հարցերի պատասխաններ:
Մասնավորապես` կարևոր հարց է այն, թե իրականում ի՞նչը կարող էր դրդել Փաշինյանին նման քայլի գնալ, նրան այդ անել դրդել է ունեցած անկեղծ մտահոգությո՞ւնը, առաջին ձեռքից տեղեկացված լինելու բնական ցանկությո՞ւնը, թե՞ ինքնափիառի անհագ ձգտումը: Իսկ միգուցե այդ ամենը վարչապետին ստիպել է, ասենք, երկիրը ՔՊ-ացման նոր ալիքի տակ գցելու նրա գաղտնի ցանկությո՞ւնը: Օրինակ նույն Ռանչպարի գյուղապետ Մանուկ Օհանյանը ՀՀԿ-ական է, և գյուղացիների բողոքները կարող են շատ լավ առիթ հանդիսանալ ոչ միայն Օհանյանին, այլև մյուս բոլոր ՀՀԿ-ական գյուղապետերին թոշակի ուղարկելու ու նրանց տեղը ՔՊ-ական ջահելներին նստեցնելու համար: Տեսականորեն նման բան ոչ միայն չի բացառվում, այլև խիստ հավանական է` հաշվի առնելով հատկապես իշխանությունների` օրեցօր անկում ապրող ժողովրդական վարկանիշն ու տնտեսական գահավիժման փաստը:

Եթե, իսկապես, Փաշինյանը ցանկություն ունի իրազեկված լինելու, թե ինչով է ապրում, ինչ է շնչում գյուղացին, ապա պետք է ոչ թե ընկնի հանդերն ու չոլերը, ձեռքի հետ էլ «լայվ» մտնի, այլ, ասենք, իր մոտ կանչի գյուղատնտեսությունից ու գյուղից քաջատեղյակ մասնագեների (մասնագետների պակաս երկիրը չունի), լսի նրանց տեսակետներն ու համապատասխան հրահանգ տա սեփական նախարարին` դադարելու «շարիկ գլորել» ու վերջապես գործով զբաղվել: Թե՞ «շարիկ գլորելու» իրավունքը միայն հեղափոխականների բացառիկ սեփականությունն է, որի համար տույժ չի հասնում ու չեն կրճատվում…
Հասկանալի է` քաղաքականությունը մի փոքր ցինիկ բան է, և ոչ միայն Հայաստանում, այլև անգամ շատ ու շատ զարգացած երկրներում որոշ քաղաքական գործիչներ, տեղի տալով իրենց փիառշիկներին, նմանօրինակ բաներ անում են, բայց կարևոր է հասկանալ` Հայաստանն օբյեկտիվորեն ունի՞ ռեալիթի շոուներով մարդկանց հոգնեցնելու ռեսուրս, թե՞ հանրությունը միանգամայն այլ բան է ակնկալում Փաշինյանից:
Մի երկրի վարչապետ, որի ղեկավարած պետությունը շատ իմաստներով հայտնվել է սահմանային վիճակում, թերևս, իրավունք չունի տարվել մանկամիտ պատանիներին բնորոշ զիզի-բիզի բաներով:
Պարոն Փաշինյան, կրակն ընկա՞նք, որ Ցուկերբերգը «Ֆեյսբուք» ստեղծեց…
Source: USAArmenia

Մասին USArmeniaNews.com

Կարդացեք նաև

Մարդն որերորդ անգամն է՝ աղքատ լինելու մեջ մեղադրում է հենց աղքատներին

Փետրվարի 12-ին կայացած ԱԺ նիստի ժամանակ Նիկոլ Փաշինյանը, խոսելով տնտեսական զարգացման վերաբերյալ ունեցած սեփական տեսլականի …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով