Երկուշաբթի , Սեպտեմբերի 16 2019
Սկիզբ / Մամուլի տեսություն / «Ժամանակ». «Փոխհրաձգություն» Լոռու ներկա և նախկին մարզպետների միջև. ո՞վ է ճիշտ

«Ժամանակ». «Փոխհրաձգություն» Լոռու ներկա և նախկին մարզպետների միջև. ո՞վ է ճիշտ

«Ժամանակ» թերթը գրում է.

Իսկ ամեն բան սկսվել է Լոռու ներկայիս մարզպետ Անդրեյ Ղուկասյանի գրառումից, որտեղ նշել է, որ վերջերս դիմել է Լոռու մարզային դատախազություն՝ ուսումնասիրելու նախկին մարզային իշխանության կողմից, այսպես կոչված, մարզպետի ֆոնդից սոցիալական աջակցություն ստացած անձանց ցուցակները, որտեղ պարզվել է՝ լուրջ խնդիրներ կան. «Առաջին բացահայտումն արդեն արված է, հարուցված է քրեական գործ։

Նախկին իշխանության ներկայացուցիչները, պարզվում է, Ապրիլյան պատերազմում զոհվածի ընտանիքին ըստ փաստաթղթի տրամադրել են 50.000 դրամ, իրականում, սակայն, հատկացվել է 30.000, ստորագրվել 50.000 դրամի դիմաց՝ կեղծելով զոհվածի հարազատի ստորագրությունը: Նախորդ տարիներին Լոռու մարզպետի ֆոնդից սոցիալական աջակցություն ստացածների ցուցակների ուսումնասիրությունը շարունակվում է:

Ավելի ուշ կներկայացնեմ անվանական, ընդգրկուն ու ամփոփ տեղեկատվություն հատկացված գումարների հասցեականության ու օրինականության մասին: Այսուհետ ևս լինելու եմ հետևողական նման սրբապիղծ տականքների բացահայտման, նրանց արարքները հանրայնացման և համապատասխան վերաբերմունքի արժանացման գործում»,- գրել էր ներկայիս մարզպետը։

Գրառմանը շատ արագ արձագանքել է նախկին ՀՀԿ-ական մարզպետ Արթուր Նալբանդյանը՝ գործող մարզպետի գրառումը համարելով «մարդկային ու տղամարդկային արժանապատվությանս ոտնահարման լուրջ մարտահրավեր»։ «Ինձ ճանաչողները լավ գիտեն, որ ինչ-ինչ, բայց դա անել ես թույլ չեմ տա որևէ մեկի՝ անկախ իր պաշտոնական դիրքից ու սեռային պատկանելությունից (լինի՝ արական, իգական, թե՝ չեզոք)»,-գրել է Նալբանդյանը։

Վերջինս «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում անդրադառնալով գործող մարզպետի մեղադրանքներին, նշեց, որ դա «ստոր կեղծիք է և սուտ»: «Նախ ինձ համար հարց է առաջանում, թե ինչու է մարզպետը տիրապետում նախաքննական գաղտնիքին և օրենքի պահանջները խախտելով՝ հրապարակայնացնում այն:

Բացի դրանից՝ մարզպետը հավանաբար միտումնավոր է կեղծ լուրեր տարածում կամ լիարժեքորեն չի տիրապետում տեղեկատվության։ Ես կարողացա պարզել մարզպետի նախկին օգնականներից և տեղակալից, ովքեր հարցաքննվել էին, խոսքը վերաբերել է միայն Ջրաշեն համայնքից իբր Ապրիլյան քառօրյայում զոհ ունեցող մեկ ընտանիքի: Բայց Ապրիլյան քառօրյայում Ջրաշեն համայնքից, փառք Աստծո, զոհեր չենք ունեցել»,- ասաց նախկին մարզպետն ու հավելեց, որ ինքը հավատում է, որ իրավական համակարգը մեր երկրում գործում է, և սուտ լուրեր, զրպարտություններ տարածողները պատասխանատվության կենթարկվեն. «Իսկ ես շարունակում եմ գլուխս բարձր քայլել իմ մարզի, իմ քաղաքի փողոցներով, որովհետև հարգված ու սիրված եմ շատերի կողմից ու իմ հեղինակությունը կեղծիքով ու պոպուլիզմով չեմ վաստակել»։

Անդրադառնալով մեր դիտարկմանը՝ եթե չարաշահումներ եղած չլինեին, մարզպետն ինչու պետք է նման հրապարակային հայտարարություն աներ, Արթուր Նալբանդյանն ասաց, որ դատախազությունը ներկայումս զբաղվում է այս գործով, և ուսումնասիրության ավարտից հետո ինքը հանդես կգա լրացուցիչ պարզաբանումներով ու կներկայացնի լրացուցիչ մանրամասներ։

«Վստահ եմ՝ հարուցված քրեական գործն իր բնականոն հունով կգնա և կարճ ժամանակ անց ամեն ինչ ամենայն մանրամասնությամբ կհրապարակվի:

Ինչպես միշտ, այս դեպքում ևս, ի տարբերություն որոշ այրերի, զերծ մնալով թե՛ Լոռու նախկին մարզպետին, թե՛ որևէ այլ պաշտոնյայի անձնական մեղադրանք կամ անձնական վիրավորանք հասցնելուց, վստահեցնում եմ, անկախ նրանից՝ դա որոշներին դուր է գալիս, թե ոչ, ես շարունակելու եմ իմ որդեգրած սկզբունքային աշխատաոճը՝ ուղղված Լոռու մարզում օրինականության հաստատմանը, արդյունավետ աշխատանքային միջավայրի ստեղծմանն ու ապահովմանը, որակյալ աշխատակիցներով համալրմանը՝ անկախ սեռից, տարիքից, կուսակցական պատկանելիությունից»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Ղուկասյանը՝ հավելելով, որ առջևում դեռ կլինեն նոր ու առավել հետաքրքիր բացահայտումներ ինչպես մարզպետարանը ներկայացրած որոշ անհատների, այնպես էլ մարզային ենթակայության կառույցների ու դրանց տնօրենների գործունեության մասին:

Ջրաշեն համայնքի ղեկավար Վահան Ուռուսյանն էլ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ Ջրաշենից իսկապես զոհ չի եղել Ապրիլյան պատերազմի ժամանակ։ «Մեր մոտից Քառօրյա պատերազմի ժամանակ ծառայության մեջ գտնվող զինվոր չի եղել։ Սպա է եղել, որը վիրավորվել է, բայց թե ով որքան գումար է ստացել, տեղյակ չեմ»,- ասաց գյուղապետը։

Հարցին՝ դուք գիտե՞ք, որ ներկայումս դատախազությունն այդ հարցով ուսումնասիրություններ է կատարում, Ջրաշենի համայնքապետը պատասխանեց. «Ոչ, չգիտեմ, ինձ դատախազները, նրանց ուսումնասիրած գործերը չեն հետաքրքրում։ Ես կուրսի չեմ ոչ մի բանից»։

Նշենք, որ այս համայնքի ղեկավարը ևս անցնում է քրեական գործերով։ Մասնավորապես, անցած տարվա հունիսին ոստիկանությունը հաղորդագրություն տարածեց՝ տեղեկացնելով, որ «1988-ի երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների համար բնակարանաշինության պետական ծրագրում» Ջրաշեն համայնքի մի ընտանիքի ներգրավելու համար 2011 թվականին Ուռուսյանը պահանջել և ստացել է կաշառք»։ «Պարզվել է նաև, որ Ջրաշեն համայնքի ավագանու կայացրած որոշումներում, որոնք Ուռուսյանը հաստատել է, կեղծվել է ավագանու բացակա անդամի ստորագրություն։

Ուռուսյանը 2015-2018 թվականներին շուրջ 60,000 դրամ աշխատավարձով համայնքի գերեզմանատան սեզոնային պահակ է նշանակել եղբոր կնոջը, որը փաստացի աշխատանքի չի հաճախել։ Արդյունքում՝ համայնքի բյուջեից վատնվել է մեկ միլիոնից ավելի դրամ»,- դեռևս հունիսին տեղեկացրել էր ոստիկանությունը։
Ուռուսյանը համայնքը ղեկավարում է արդեն 18 տարի։

Source: USAArmenia

Մասին USArmeniaNews.com

Կարդացեք նաև

Ես ու իմ հայրենիքը

Շնորհավորում եմ Մայիսյան եռատոնին նվիրված շարադրությունների մրցույթի Մարտակերտի շրջանային փուլում առաջին տեղ զբաղեցրած 12-րդ գ …