Կիրակի , Դեկտեմբերի 15 2019
Սկիզբ / Հասարակություն / Պարո՛ն նախարար, վերջին հաշվով, Դուք ինձանից ոչ մի բանով առավել չեք..

Պարո՛ն նախարար, վերջին հաշվով, Դուք ինձանից ոչ մի բանով առավել չեք..

Մի քանի օր է հայաստանյան մամուլը մեծ աղմուկ է բարձրացել` թե բա չե՞ք ասի, ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանի հասցեին ֆեյսբուքի միջոցով սպառնալիքներ են հնչեցվել:

Հիշեցնենք, որ Ֆեյսբուքում հրապարակվել էր Զեյնալյանի` մարտի 19-ի հարցազրույցը, որտեղ նախարարին սպառնալից մեկնաբանություններ էր ուղարկել Տավուշի մարզի բնակիչ 35-ամյա ոմն Խ. Ա.-ն, ով իր մեկնաբանություններով սպանության սպառնալիքներ էր տվել նախարարին և որպես իշխանության ներկայացուցչի՝ սպառնացել էր նախարարի նկատմամբ բռնություն գործադրել՝ կապված նրա կողմից իր ծառայողական պարտականությունները կատարելու հետ:

Այս ամենին անմիջապես հետևել էր իրավապահների արագ արձագանքը, և մեկ րոպե անգամ չհապաղելով` նրանք անցել էին գործի` արագորեն հայտնաբերելու ու պատժելու նախարարի հասցեին սպառնալիքներ հնչեցրած անձին:
Ինչ խոսք` այս պարագայում իրավապահները գործել են խիստ օպերատիվ ու աչալրջորեն` ճիշտ այնպես, ինչպես և պետք է լիներ, բայց, ինչպես ասում են՝ մեդալը հակառակ երես ունի, և այն արտահայտվում է մի շատ պարզ հարցի տեսքով` որքանո՞վ է նոր Հայաստանի իրականոթյունը համապատասխանում այն ամպագոռգոռ պոստուլատներին, որոնք արդեն մոտ մեկ տարի է` հնչում են Փաշինյանի իշխանության ամենատարբեր բարձրաստիճան ներկայացուցիչների շուրթերից:
Բանն այն է, որ Զեյնալյանի հետ տեղի ունեցածը բնավ բացառիկ չէ, և դիցուք իմ` USArmenianews.com կայքի խմբագիր Գայանե Մանուկյանիս պարագայում նույնպես արդեն տևական ժամանակ է, ինչ սպառնալիքներ են ծավալվում սոցիալական կայքերում:
Մինչդեռ Զեյնալյանի թասիբն աչալրջորեն հսկող այդ նույն իրավապահները, չգիտես ինչու, մատը մատին չեն տալիս ֆեյսբուքում իմ դեմ սանձազերծված հալածանքների ու շարունակաբար հնչող սպառնալիքների առաջն առնելու, մեղավորներին պատժելու: Իրավապահներին ուղղված հանցագործության մասին հաղորդումս, որը վերաբերում էր Հայկազ Մակարյանին ու վերջինիս համախոհ ընկերներին` իմ հասցեին հնչեցրած սպառնալիքներին, բավական «հետաքրքիր» ճակատագրի էր արժանացել ՀՀ Ոստիկանության քաղաքի վարչության կենտրոնական բաժնի ոմն ավագ հետաքննիչ Վարդուհի Սիմոնյանի կողմից:
Հիշեցնենք, որ Հ.Մակարյանի դրդմամբ և ցուցումով էջմիածնաբնակ Արմեն Ալեքսանյանը պարբերաբար վերջինիս ՖԲ էջում սպառնացել էր սպանելու ինձ ,ընտանիքիս և հարազատներիս, նույնիսկ իր մտադրության մասին հրապարակավ տեղեկացրել էր ՀՀ իրավապահ մարմիններին: Քաղաքի վարչության կենտրոնական բաժնի ավագ հետաքննիչ Վարդուհի Սիմոնյանը, չարաշահելով իր պաշտոնը՝ չի ծանոթացել ամբողջ նյութերին, նույնիսկ կապ չի հաստատել սպառնալիքներ հնչեցրած Արմեն Ալեքսանյանի հետ՝ բացատրություն վերցնելու նպատակով, բայց ինքնագլուխ որոշում է կայացրել, թե Ա.Ալեքսանյանը միտում չի ունեցել վնասելու ինձ, ընտանիքիս և իբր դա միայն հնչեցվել են ընդամենը հոգեբանական ճնշում գործադրելու նպատակով:
Մինչդեռ դրանցում, ճիշտ Զեյնալյանին ուղղված սպառնալիքների նմանողությամբ, հնչում են իմ ու հարազատներիս հասցեին ուղղված կյանքին սպառնացող բռնության կոչեր, հաշվեհարդար տեսնելու սպառնալիքներ և այլն, բայց չգիտես ինչու, դրանք պատշաճ ուշադրության չեն արժանացել ՀՀ իրավապահների կողմից:
Այսքանից հետո իրավունք ունե՞նք վկայելու, փաստելու, որ «նոր Հայաստան» ասվածն իրականում սովորական առասպել է, քաղցր, բայց անիրական հեքիաթ, ուր ոչինչ էլ նոր չէ, և հինը չի անցել. նույն անհավասարությունն է, նույն հովանավորչությունն ու հոռի բարքերը: Եթե այդպես չլիներ, ապա նույն իրավապահների կողմից նմանօրինակ անհավասար վերաբերմունք չէր ցուցաբերվի, և իմ գործն էլ Զեյնալյանի գործի օրինակով, պատշաճորեն կքննվեր, համապատասխան վճիռ կկայացվեր:
Ի՞նչ տարբերություն` նախարարի՞ են սպառնում, թե՞ լրագրողի, ի՞նչ տարբերություն` սպառնալքիները հնչում են իշխանության ներկայացուցչի՞ դեմ, թե՞ լրատվամիջոցի ղեկավարի կամ ասենք սովորական ռանչպարի հասցեին: Թե՞ Փաշինյանի Հայաստանը հովանավորում է միայն Նիկոլի հետ քայլածներին, իսկ նրանք, ովքեր մեքենաների ակների տակ չեն պառկել, ճանապարհներ չեն փակել, ավելորդ են դարձել այս արևի տակ:
Հետաքրքիր է, քաղաքացի Արտակ Զեյնալյանի անձն ինչո՞վ է առավել մյուսներից:
Ինչ վերաբերում է ՀՀ ոստիկանության քաղաքի վարչության կենտրոնի բաժնին, ապա այն, թերևս, վերածվել է քրեական գործերը կոծկող, դրանք քնեցնող ու հետո հաջողությամբ թաղող օղակի:
Զեյնալյանի անվան շուրջ բարձրացած աղմուկը մեկ ավելորդ անգամ փաստում է փաշինյանական համակարգի կեղծավորությունն ու ցինիզմը: Փողոցներ մաքրելու, շաբաթօրյակը հերթական ինքնագովազդի վերածելու փոխարեն, Փաշինյանը պետք է իր իսկ ստեղծած համակարգը մաքրի ու դադարի մարդկանց աչքերին թոզ փչել:
Հարց եմ տալիս ՀՀ արդարադատության նախարարին, Դուք ինչո՞վ եք ինձանից առավել, երբ Ձեր հաղորդագրության բովանդակությանը ընթացք է տրվել, իսկ Ձեզ ուղղված սպառնալիքներից ավելի շատ, որոնք խմբակային ու մտածացին են եղել, իմ և հարազատներիս դեմ, ըստ ավագ հետաքննիչի կյանքիս նկատմամբ սպառնալիք հնչեցնողներն վնասելու միտումով չեն արել և դրա համար քր. գործ չի հարուցվել:
Այնպես որ, եթե իմ գործը միտումնավոր փակել են, հաշվի չառնելով բոլոր ապացույցներն, ուրեմն՝ Ձերն էլ պետք է փակել:
Պարո՛ն նախարար,  վերջին հաշվով, Դուք ինձանից ոչ մի բանով առավել չեք..
Հիշե՛նք, որ Օրենքը հավասար է բոլորի համար:
Գայանե Մանուկյան
Source: USAArmenia

Մասին USArmeniaNews.com

Կարդացեք նաև

Մի՞թե Նոր Հայաստանը միտված է դառնալ Ադրբեջանից հետո երկրորդ երկիրը, որի մուտքը փակ է հայրենասեր հայի համար.Անդրանիկ Հովհաննիսյան

Հակահայրենադարձության մեկնարկը Հայաստանու՞մՆոյեմբերի 11-ին ՀՀ վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի և Հայ-Ռուսական …