Երեքշաբթի , Օգոստոսի 20 2019
Սկիզբ / Մամուլի տեսություն / Ավինյանը բանակից ազատվել է ոչ օրինական ճանապարհո՞վ

Ավինյանը բանակից ազատվել է ոչ օրինական ճանապարհո՞վ

 Ըստ օդում կախված լուրերի՝ ներկայիս իշխանության մի շարք ներկայացուցիչներ խուսափել են պարտադիր զինվորական ծառայությունից ոչ օրինական հիմքերով և ոչ օրինական ճանապարհներով։ Հաշվի առնելով այն, որ հանրության ուշադրության կենտրոնում է գտնվում մի շարք պաշտոնյաների պարտադիր զինվորական ծառայություն չանցնելու թեման՝ մենք ուսումնասիրություններ ենք կատարում այդ առնչությամբ և պարբերաբար ձեզ կներկայացնենք ուսումնասիրությունների արդյունքները։ 

Առաջինը կանդրադառնանք ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանին, քանի որ փոխվարչապետի պարտադիր զինվորական ծառայություն չանցնելու թեման գտնվում է հասարակության լայն շրջանակների ուշադրության կենտրոնում և դարձել է հանրային քննարկման առարկա, ինչպես նաև, հաշվի առնելով հասարակության անվստահությունը պարտադիր զինվորական ծառայությունից ազատվելու հանգամանքների օրինականության մասով՝ այդ հարցում որոշակի պարզաբանում մտցնելու անհրաժեշտություն կա ։

Տիգրան Ավինյանի՝ ծառայությունից ազատման հիմքերը պարզելու համար մենք երկու հարցում ենք կատարել։ Մեր առաջին հարցումը ուղղված էր ՀՀ վարչապետին այն նպատակով, որ վերջինս հանձնարարի Տիգրան Ավինյանին բացահայտել պարտադիր զինվորական ծառայություն չանցնելու հանգամանքները։  Մեր հարցմանը պատասխան նամակ է ուղարկվել Տիգրան Ավինյանի աշխատակազմի կողմից։ Պատասխան նամակում մեզ հայտնել են, որ Տիգրան Ավինյանը Հայ-ռուսական համալսարանի կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետում ուսումնառության ընթացքում՝ 2005-2009 թվականների համար, պարտադիր զինվորական ծառայության զորակոչից ուսումը շարունակելու համար  տարկետում է ստացել, որից հետո առողջական խնդիրների պատճառով  օրենքով սահմանված կարգով ազատվել է պարտադիր զինվորական ծառայությունից։

Մեր երկրորդ հարցումը ուղարկել ենք ՀՀ Պաշտպանության նախարարություն՝ խնդրելով տրամադրել տեղեկատվություն, թե ինչ հիմքով(երով) է Տիգրան Ավինյանը ազատվել պարտադիր զինվորական ծառայությունից։ Մեր հարցման մեջ նաև խնդրել էինք առողջական վիճակի պատճառով ազատված լինելու դեպքում տրամադրել հիվանդության անվանումը կամ նկարագիրը, ինչպես նաև՝ տեղեկատվության տրամադրման մերժման դեպքում նշել մերժման հիմքի(երի) մասին։

Պատասխան նամակում մեզ հայտնել են, որ տեղեկատվության տնօրինողը մերժում է տեղեկատվության տրամադրումը, քանի որ դա խախտում է մարդու անձնական տվյալների գաղտնիությունը, կամ բացահայտում է մասնագիտական գործունեությամբ պայմանավորված մատչելիության սահմանափակում պահանջող տվյալներ (բժշկական գաղտնիք)։  Մեզ ուղղված պատասխան նամակում նաև նշվել էր, որ անձի առողջական վիճակի մասին տվյալները կարող են փոխանցվել միայն անձի համաձայնությամբ։ Եվ ելնելով վերոգրյալից՝ մերժել էին տրամադրել համապատասխան տեղեկատվությունը։

Ուղարկված երկու հարցումներից մենք այդպես էլ տեղեկատվություն չստացանք, թե որ հիվանդությամբ պայմանավորված է Տիգրան Ավինյանը ճանաչվել պարտադիր զինվորական ծառայության համար ոչ պիտանի և ազատվել ծառայությունից: Եթե Տիգրան Ավինյանը լուրջ առողջական խնդիրներ ունի, որոնք հիմք են հանդիսացել ծառայությունից ազատվելու համար, հանրությունը պետք է իմանա դրանց մասին, քանի որ գուցե փոխվարչապետը ի վիճակի չէ այդ առողջական խնդիրների պատճառով նաև պատշաճ պետական ծառայություն իրականացնել։ Բայց քանի որ փոխվարչապետը հետևողականորեն խուսափում է մանրամասներ տրամադրել իր՝ բանակից ազատվելու հանգամանքների մասին, հետևաբար հասարակությունը ըստ էության պետք է շարունակի հավատալ օդում կախված այն լուրերին, որ Ավինյանը բանակից ազատվել է ոչ օրինական ճանապարհով: Եթե այս հարցում ոչ մի անօրինական մեխանիզմ չի կիրառվել, ապա ինչու՞ չեն մեկնաբանվում օդում կախված լուրերը բոլոր կասկածները ցրելու նպատակով։

Հոդվածի ռուսերեն և անգլերեն տարբերակները։

antifake.am

Source: USAArmenia

Մասին USArmeniaNews.com

Կարդացեք նաև

Բանակայինները՝ «թավշյա» անտարբերության զոհ

Ստացվել է ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանի արձագանքը՝ կապված ՊՆ առջև շուրջ 4 օր հացադուլ …