Կիրակի , Հունիսի 16 2019
Սկիզբ / Չդասակարգված / «Դաստակները լրիվ արյունլվիկ էր, էնքան էին ծեծել, hիվանդանոցում գալստուկ էին փաթաթել, որ չերևան վերքերը»».խոշտանգում ոստիկանությունում forrights

«Դաստակները լրիվ արյունլվիկ էր, էնքան էին ծեծել, hիվանդանոցում գալստուկ էին փաթաթել, որ չերևան վերքերը»».խոշտանգում ոստիկանությունում forrights

«forrights »-ը գրում է. Վաղը Հայաստանի ոստիկանությունը կնշի ոստիկանի օրը: Կհնչեն ելույթներ Նոր Հայաստանի նոր, վերափոխված ոստիկանության մասին՝ «ոստիկանը մերն է» հեղափոխական կարգախոսների կոնտեքստում:

Սակայն, ինչպես պարզվեց, ոստիկանության շարքերում դեռ պահպանվում են ոչ միայն «քոչարյանասերժական ռեժիմի» մեթոդներով, այլև ստալինյան բռնարարքների մեթոդաբանությամբ գործող ոստիկաններ, որոնք ոչ մի դեպքում չեն կարող մերը լինել: Ու մինչև նրանք չբացահայտվեն ու պատասխան չտան օրենքի առաջ, ոստիկանը չի կարող մերը լինել:
Մինչդեռ ապրիլի 8-ին «Արմենիա» բժշկական կենտրոնում մահացած 36-ամյա Էդգար Ծատինյանի դեպքով, որը հարազատների պնդմամբ, մահացել է ոստիկանության բաժանմունքում դաժանորեն ծեծվելու, ահաբեկվելու, այնուհետև սպառնալիքի պատճառով վտանգավոր թմրանյութ կուլ տալու ու բժիշկների անտարբերության պատճառով, ՀՀ ոստիկանությունը հետաքննություն է սկսել սուտ մատնության հոդվածով: Ասել է թե՝ մահացածի հարազատների, ոչ թե նրան խոշտանգած ոստիկանների դեմ: Ոստիկանների դեմ բողոքի առթիվ միայն ծառայողական քննություն է նշանակվել:
Մահացած Էդգարը կին ունի, երկու երեխա, մեկն՝ առաջին կնոջից, մայր ու քույր: Ամուսնուն նոր հուղարկավորած Էդգարի կինը՝ Սաթենիկ Մելքոնյանն այսօր արդարություն է խնդրում, որ ոչ ոք այլևս սգավոր ու որբ չդառնա:
Մահացածի մայրը՝ Լարիսա Եփարյանը պատմեց, որ տղային ոստիկանությունում խոշտանգել են՝ փորձելով հարևանի դեմ ծեր կնոջ սպանության ցուցմունք կորզել:
«Կողքի շենքում ծեր կին էին սպանել, ապրիլի 7-ին ոստիկանները եկել էին, թաղի բոլոր տղերքին տարել էին: Կիրակի օր էր, քանի որ կիրակի օրով ոստիկանությունում մարդ չի լինում, տարել էին, որ լավ ծեծեին, ծեծելով սպանեին: Կենտրոնի ոստիկանները կանդալներով Էդգարին տարել ու Մասիվի ոստիկանությունում ծեծել էին: Դաստակները լրիվ արյունլվիկ էր, էնքան էին ծեծել, իսկ հիվանդանոցում դաստակներին գալստուկ էին փաթաթել, որ չերևան վերքերը»,- Forrights.am-ի հետ զրույցում պատմեց որդուն կորցրած մայրը:
Մոր խոսքով՝ տղան իրեն հիվանդանոցում պատմել է, որ ոստիկանությունում ասել է՝ ջուր եմ ուզում, տարել են զուգարան, հայհոյելով «գցել են քացու տակ»: «Էնքան են քացով խփել, տղաս ասել ա՝ ոտքիս մեջ շիշ կա, մի խփեք, ոտքս ցավում ա: Ոստիկաններն ասել են՝ ասա որ ոտքդ ա, որ էդ ոտքդ կտրենք: Ջուրը շփել են վրեն՝ էս էլ քեզ ջուր: Ոստիկաններն իմ տղային ասել են՝ հենց հիմա գրի, որ դու տեսել ես, որ հարևան Արմանն ու իր կինն են այդ կնոջը սպանել»,-պատմեց վշտահար մայրը՝ շարունակելով.
«Արմանն ու իր կինը երիտասարդ ամուսիններ են, փոքր երեխա ունեն: Էդգարն ասել է՝ ես ըտենց բան չեմ գրի, ես չեմ տեսել, ո՞նց ըտենց բան գրեմ: Ոստիկանն ասել ա՝ դե որ չես գրի, հեսա քրիստիկին կգցենք ջեբդ, կգնաս 7-15 տարի կդատվես: Էդգարը հարցրել ա՝ քրիստիկն ո՞վ ա, ասել են կրիստալը: Դե ինքն էլ, որ դատված ա եղել նախկին կնոջ հետ վեճերի պատճառով, վախեցել ա: Հանել ա ու վախից էդ թմրանյութը փաթեթով գցել ա իրա բերանը, երեք գրամ կրիստալ ա եղել»,- պատմեց մայրը:
Մոր խոսքով՝ ծեծված վիճակում ոստիկանները Էդգարի ձեռքից բռնելով ստիպել են ինչ որ թղթեր ստորագրել: «Էնքան վիճակը վատ է եղել, որ չի կարողացել հասկանալ՝ ինչ թղթեր էին»:
Դեպքից հետո ոստիկանները նրան տեղափոխել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» հիվանդանոց: Մոր խոսքով՝ այնտեղ հրաժարվել են ընդունել, բուժօգնություն չեն ցուցաբերել: «Մասիվի հիվանդանոցում գետնին ընկած է եղել ժամերով: Եթե հնարավորություն լինի, ես կուզեմ, որ այդ տեսագրությունները հանեն: Եթե արդարություն կա, և հիվանդանոցի, և ոստիկանության վիդեոները թող հանեն, դրանք տեղից փաստ են»,-ասաց մայրը:
Նրա խոսքով՝ իրենք վիդեոներ ունեն, որտեղ Էդգարը պատմում է կատարվածը. «Որ իրեն ծեծել են, իր ջեբը գցել են: Էդ փաստերը մենք օգտագործելու ենք: Ինքը թույլ ընկած է եղել, թույլ է եղել ոչ թե էդ նարկոտիկից, այլ իրեն ծեծելուց: Ասում էր՝ պոչկեքիս էնքան են խփել, չեմ կարողանում շարժվեմ: Բագրատ անունով թաղային ունենք, Բագրատն է կռիվ արել, ասել է՝ ջահել տղա է, մեռնում է, չեք ուզո՞ւմ օգնեք: Բժիշկներն ասել են՝ տարեք-տարեք, կմեռնի կմնա մեր վրա: Ես ուզում եմ, որ էդ ոստիկանության ու հիվանդանոցի կամերաների տեսանյութները անպայման հանվեն, որ իրանք չջնջեն»,- ասաց Լարիսա Եփարյանը:
Մայրը պատմեց, որ այնտեղից որդուն տեղափոխել են «Արմենիա» ԲԿ, որտեղ էլ ինքը գնացել, տեսել է որդուն: Այդտեղ էլ ոստիկանությունից տարված Էդգարը անուշադրության է մատնվել, ըստ ծնողի:
«Բժիշկներն ու քույրերն իրանց համար սենյակում սերիալ էին նայում, ոչ մի բան չէին անում: Դատարկ ասեղը մտցրած թևը իմ տղան պառկած էր: Անգամ մեր խնդրելուց հետո ստամոքսի լվացում չարեցին: Իմ երեխեն լավ էր, էնքան լավ էր, որ ահագին բաներ մեզ պատմեց: Գիշերը մինչև ժամը մեկը իմ երեխեն պայքարել ա: Ստից սիստեմա էին միացրել: Ու մի բժիշկ կար, երբ երեխես արդեն մեռած հատակին ընկած էր, եկել ասում ա՝ ստամոքսի լվացում ենք անում, 43 աստիճան տաքություն ունի, սառույց ենք դրել: Բայց իմ երեխուն մեռած տարան»,-պատմեց վշտահար մայրը՝ շարունակելով. «Բա ստամոքսի լվացումը շուտ անեիք, 6-7 ժամ իմ երեխեն էդտեղ էր, ի՞նչ էին անում: Մենք ուղղակի ուզում ենք, որ էս կեղծիքը բացահայտվի, իմ երեխեն միլիոն տոկոսով առողջ է եղել»:
Ոստիկանության տարածած հաղորդագրության համաձայն՝ ըստ նախնական բժշկական եզրակացության՝ Էդգար Ծատինյանի մահվան պատճառ է հանդիսացել սուր սիրտ-անոթային և շնչառական անբավարարությունը, սուր թունավորում ամֆետամինով, տոքսիկ կոմա:
Լարիսա Եփարյանը նաև պատմեց, որ տղան հիվանդանոցում իրեն խնդրել է լրագրող կամ իրավաբան կանչել, ասել է, որ ասելու բան ունի: «Իմ երեխեն բան էր ուզում ասեր, չհասցրեց: Գիշերվա ժամին ես ոչ մեկի համարը չգիետի, ո՞նց կանչեի էդ ժամին, չգիտեի՝ տղաս մահանալու է»,-սրտեղեց տիկին Լարիսան:
Մեր դիտարկմանը, թե հնարավոր է ոստիկանությունը սուտ մատնության հոդվածով քրգործ հարուցի իրենց դեմ, տիկին Լարիսան ասաց. «Եթե իմ ասածի մեջ մի տառ սուտ կա, տարեք դատեք, պատրաստ եմ: Կորցնելու բան չունեմ էլ, ինչից վախենամ: Ո՞նց կարան ինձ մեղադրեն, արտաշիրիմում թող անեն, ինչի մասին ա խոսքը: Ծեծված, ջարդված էր, դաստակները լրիվ արյուն էր իմ երեխու: Կանդալներով էնքան էին ծեծել, հետո գալկստուկով փաթաթել էին, որ չերևա»:
Մոր խոսքով՝ ոստիկանները Էդգարի վախեցրել են, թե եթե փորձես միլպետին ասես՝ քեզ ծեծել ենք, քեզ կսպանենք, գետնի տակից էլ կգտնենք:
Ըստ Էդգարի մոր, ոստիկանները նաև գողացել են Էդգարի գրպանի գումարի մի մասը: Հաղորդում ներկայցնելուց հետո, տիկին Լարիսայի խոսքով, «մի քանի խուժաններ» փորձել են իրենց վախեցնել, մահացած որդու բնակարանի փականն են վնասել:
Էդգար Ծատինյանի հարազատները երեկ հաղորդում են ներկայացրել ոստիկանություն՝ ոստիկանությունում Էդգարին խոշտանգելու ու ահաբեկելու, ինչպես նաև հիվանդանոցում անուշադրության մատնելու և բուժօգնություն չտրամադրելու համար: Էդգար Ծատինյանի մայրն ասաց, որ ամեն ինչ անելու են, որպեսզի մեղավորներն օրենքի ամբողջ խստությամբ պատիժ կրեն:
«Առողջապահության նախարարը, Օսիպյանը, Նիկոլը եթե հարց չլուծեն, Եվրոպա եմ դիմելու: Իմ երեխան անմեղ զոհ ա, ինչի՞ համար: էսօր իրա երեխեն որբ ա, իսկ իրա կինը ոչ հեր ունի, ոչ մեր ունի: Ես էդ որբերին ո՞նց պահեմ: Մինչև վերջ գնալու եմ, կուզեն՝ ինձ սպանեն, վախենալու բան չունեմ: Իմ տղեն չկա, որ վախենամ»,-եզրափակեց վշտահար մայրը:
Դեպքի մասին տեղեկության տարածումից հետո Ազգային ժողովի պատգամավոր, «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություն:
«Ներկայացված հանգամանքների վերլուծությունը թույլ է տալիս եզրակացնել խոշտանգման որակյալ հանցակազմի (ՀՀ քր․ օր․ 309.1-ին հոդվածի 2-րդ մաս) առկայության մասին»,-գրել է Մարուքյանը:
Էդգար Ծատինյանի մահվան դեպքի առթիվ ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը վարույթ է սկսել՝ քաղաքացու մահվան հարցում ոստիկանների ու բժիշկների առնչության վերաբերյալ հրապարակումների կապակցությամբ:
«Քննարկում սկսելու առիթ են դարձել մի շարք լրատվամիջոցներում և սոցիալական մեդիայում առկա հրապարակային պնդումներն այն մասին, որ Էդգար Ծատինյանի մահվան պատճառ են դարձել բերման ենթարկած Ոստիկանության ծառայողների, ինչպես նաև բժիշկների արարքները»,-նշված է պաշտպանի գրասենյակի հաղորդագրությունում:
Թերևս արդեն ակնհայտ է մի բան. անգամ Նոր Հայաստանում խոշտանգման նման դեպքը չի բացահայտվի, եթե չլինի հանրային լուրջ ու հետևողական ճնշում:
Source: USAArmenia

Մասին USArmeniaNews.com

Կարդացեք նաև

Վահե Ղազարյանը նշանակել է ՀՀ ոստիկանության զորքերի հրամանատար, ոստիկանության պետի տեղակալ

ՀՀ նախագահը հրամանագիր է ստորագրել, որով Վահե Ղազարյանին նշանակել է Հայաստանի Հանրապետության ոստիկանության զորքերի հրամանատար, …