Հինգշաբթի , Հոկտեմբերի 17 2019
Սկիզբ / Հասարակություն / Նորաթուխ «սադովնիկը»

Նորաթուխ «սադովնիկը»

Համացանցում հայտնվել է մի տեսանյութ, ուր երևում է, թե ինչպես է Երևանի Կենտրոն վարչական շրջանի թաղապետ Վիկտոր Մնացականյանն (Վիծյոկ) անձամբ էտում Սայաթ-Նովա փողոցի մայթերի ծառերը:

Պոպուլիզմից ու անգործությունից խեղվող հետհեղափոխական Հայաստանում նորաթուխ էլիտաները բավական կարճ ժամանակահատվածում կարողացան ձևավորել ախմախ մի ավանդույթ՝ անհագուրդ ինքնափիառի:
Ի՞նչ է ցանկացել Մնացականյանն ապացուցել երևանցիներին, երբ որոշել է մի քանի րոպեով ի տես բոլորի՝ օրվա ամենաշոգ ժամին «այգեպանություն» անել ու այդ ընթացքում էլ նկարվել:
Հանրային ապշա՞նք, համակրա՞նք է ցանկացել վաստակել ու ցուցադրական գործողությունների հաշվին փրկել սեփական, իսկ եթե հնարավոր լինի նաև քաղաքապետի դեմքն, ում համատարած մեղադրում են մտածված անգործության մեջ, թե՞ նրան իսկապես շամբը բուրաստան դարձնելու անկեղծ ցանկությունն է փողոց բերել ու դարձրել մի մեծ «թամաշա»:
Ի՞նչ է, Երևանի գերխնդիրն այսօր մայթերի ծառե՞րն են, որոնց մասին կարծես թե հոգ տանողներ կան՝ ի դեմս հաստիքային այգեպանների, թե՞ նույն աղբահանությունը, որի բացակայության հետևանքով մարդիկ հայտնվել են խոլերայի համաճարակի վտանգի առաջ:

Եթե Մնացականյանն իսկապես ցանկանում էր էֆեկտիվորեն ինքնափիառվել, ապա կարող էր ոչ թե ծառեր էտել, այլ՝ ասենք, աղբ թափել, մաքրությամբ զբաղվել՝ սեփական օրինակով ներշնչելով նույն «Սանիթեքին», իսկ ավելի ճիշտ՝ վերջինիս կրնկի տակ հայտնված Մարությանին. գուցե այդպսիով հնարավոր լիներ «սայլը տեղից շարժել»:

Բայց երևի Մնացականյանը վախեցել է անխուսափելի հակազդեցությունից. նրան կարող էին մեղադրել քաղաքապետից առաջ ընկնելու ու, հետևաբար, նրան մասսայաբար «պոդստավկա» անելու մեջ, իսկ դա արդեն քաղաքականություն է՝ «մեծ քաղաքականություն», որն, ինչպես հայտնի է, «թթու թան չէ»:


Source: USAArmenia

Մասին USArmeniaNews.com