Հինգշաբթի , Օգոստոսի 22 2019
Սկիզբ / Հարցազրույց / Եթե ես լինեի Արցախի նախագահը

Եթե ես լինեի Արցախի նախագահը


Ամենևին չեմ զարմանում, երբ վերջին ամիսներին նախընտրական թոհուբոհի մեջ գտնվող Արցախում մեր երեխաների մոտ էլ ծնվեց հետաքրքրություն, թե ինչպիսին կլինի մեր երկրի նոր ընտրված նախագահը: Ընդամենը տեսանելի եմ դարձնում տատ ու թոռնիկի մեր երկխոսությունը, որ սկսվեց հանկարծակի ու շատ անմիջական զրույցով:
-Եթե ես լինեի Արցախի նախագահը, կկառուցվեին բազմահարկ շենքեր, որ բոլորը տուն ունենան, գեղեցիկ կլինի մեր հայրենիքը:
-Նարե՛կ, կցանկանայի՞ր դու էլ շատ շքեղ առանձնատուն ունենալ:
-Գոնե մեր երկու սենյակի փոխարեն երեքսենյականոց լիներ, լավ վերանորոգված, ուրիշ մեծ տուն չեմ ցանկանա: Պիտի բոլորն աշխատանք ունենան, նաև կբարձրացնեի աշխատավարձերը:
-Զինվորականների աշխատավարձն արդեն ավելացել է:
-Շատ լավ է, գոնե մի 100 հազարով բարձրացրե՞լ են:
-Ո՛չ, 10 տոկոսով, 100 հազար դրամ աշխատավարձին ավելացել է 10 հազար դրամ:
-Նրանք հայրենիք են պաշտպանում, ի՞նչ 10 հազար դրամ, 100 հազարն էլ քիչ է, որ ավելացնեն:
-Շուտով տատիկիդ, բոլոր ուսուցիչների աշխատավարձը կբարձրացնեն նույնպես 10 տոկոսով:
-Եթե նախագահ լինեի, ուսուցիչների աշխատավարձն էլ 100 հազարով կավելացնեի:
-Տատիկների և պապիկների թոշակն էլ հունվարից կբարձրացնեն 10 տոկոսով:
-Բա մե՞ղք չեն այդ մարդիկ, գոնե մի 100 հազար դրամ ստանային:
-Առաջարկություն կա՝ դատավորների աշխատավարձը դարձնել 2,5-3 միլիոն դրամ:
-Ինչպե՞ս թե, իսկ շինարարների՞ն, այն լույսի մարդկա՞նց, շատ-շատերը վտանգավոր գործ են անում, հանկարծ մի վատ դեպք պատահի…Չէ՛, դա ճիշտ չէ, ով ինչքան հիմա ստանում է, գոնե եղածին մի 50-ից 100 հազար պիտի ավելացնել:
– Որպես նախագահ՝ ինչպիսի՞ն կցանկանայիր լինել:
-Ես չէի մտածի, որ պիտի ամենալավ տունն ունենամ, հարուստ լինեմ…
-Ուրիշ ի՞նչ ցանկություն ունես:
-Չեմ ասում, որ ես հետո կցանկանամ նախագահ լինել, դեռ չգիտեմ՝ ինչ եմ դառնալու, ուղղակի եթե լինեմ, ամենաառաջինը կմտածեմ, թե ինչ կարելի է անել, որ, ընդհանրապես, պատերազմ չլինի:
Թվաց՝ վերջացել էր մեր զրույցը, բայց քիչ ուշացումով նա ավելացրեց, որ պետք է խանութներում համատարած զեղջեր լինեն, պիտի նաև գթասիրտ լինել: Նարեկիս գործածած «գթասիրտը» ինձ անակնկալի բերեց, նա շատ հանգիստ նորից կրկնեց, որ մարդիկ միմյանց հանդեպ պիտի խղճով լինեն, գթասիրտ:
Այս զրույցից հետո ես ասելիք չունեի, բայց մի բան պարզ էր, որ պաշտոնավարելը հարստանալ չէ, ցանկալի է խաղաղ լինի երկինքը, իսկ այս մրցավազքում ով էլ ընտրվի, նոր նախագահը կարեկից լինի իր ժողովրդի հոգսերին, ու շատ-շատերի համար բարեկեցիկ կյանքն անիրականանալի երազանք չդառնա:
Նատաշա Պողոսյան
Source: USAArmenia

Մասին USArmeniaNews.com

Կարդացեք նաև

Վահե Գրիգորյանը ի օգուտ Ադրբեջանի տապալել է ՀՀ քաղաքացու հայցը, որը հասել էր ՄԻԵԴ. «Հրապարակ»

«Հրապարակ»ը գրում է.Սահմանադրական դատարանն արդարադատության բարձրագույն մարմինն է, որն ապահովում է Սահմանադրության գերակայությունը: Ըստ այդմ …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով