Սկիզբ / Չդասակարգված / Ահա թե ինչու է Նիկոլ Փաշինյանը որոշել ձերբակալել Գագիկ Խաչատրյանին

Ահա թե ինչու է Նիկոլ Փաշինյանը որոշել ձերբակալել Գագիկ Խաչատրյանին

ՊԵԿ նախկին նախագահ, ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանը կրկին հայտնվել է ՀՀ իշխանությունների համակ ուշադրության կենտրոնում: Ինչպես տեղեկացրել են ՀՔԾ-ից, Խաչատրյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 179–րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, այն է` առանձնապես խոշոր չափերի վատնումը:

Օգոստոսի 27-ին ԱԱԾ-ն խուզարկություն է իրականացրել Խաչատրյանին պատկանող տարածքներում, իսկ ԱԱԾ տնօրենն էլ հայտնել է, որ խուզարկությունից հետո Խաչատրյանը բերման կենթարկվի։ Ինչպես տեղեկացրել է Վանեցյանը, Խաչատրյանը անցնում է ԱԱԾ վարույթում գտնվող քրեական գործով՝ ունենալով կասկածյալի կարգավիճակ. կասկածվում է առանձնապես խոշոր չափերի վատնման, ինչպես նաև պաշտոնեական դիրքի չարաշահման մեջ։
Կատարվողը ոչ միայն ուշագրավ է այն պատճառով, որ իրավապահների ուշադրության կենտրոնում կրկին հայտնվել է նախորդ իշխանությունների օրոք կարկառունի համբավ վայելած մեկն, այլև այս ամենի համար ընտրված ժամանակային հատվածի:
Բանն այն է, որ դեռևս ընթացիկ տարվա սկզբից տարբեր ԶԼՄ-ներում պարբերաբար լուրեր էին տարածվում, որ Խաչատրյանի դեմ քրեական գործ է հարուցվել, որը, սակայն, իրավապահները ո՛չ հաստատում էին, ո՛չ էլ՝ հերքում:
Այսօր, սակայն, պետք է արձանագրենք, որ ամիսներ առաջ մամուլում տեղ գտած տեղեկատվական արտահոսքերն իրական էին:
Հարցը, սակայն, այստեղ այն է, թե ինչո՞վ կարող է պայմանավորված լինել իշխանությունների ձգտումը (իշխանություն ասելով՝ հարկ է նկատի ունենալ բացառապես Նիկոլ Փաշինյանին) Խաչատրյանին պատասխանատվության ենթարկելու հենց հիմա, երբ երկիրն, ինչպես ասում են, բավական խառն է՝ պայմանավորված հատապես Ամուլսարի շուրջ ստեղծված կնճռոտ իրավիճակով:
Կասկած չկա, որ երկրում ստեղծված իրավիճակի ու Գագիկ Խաչատրյանի շուրջ ծավալվող անսպասելի իրադարձությունների միջև կա ուղղակի կապ:
Հայտնի է, որ ամեն անգամ, երբ Նիկոլ Փաշինյանը ցանկանում է այս կամ այն հարցի վերաբերյալ ստանալ հանրության աջակցությունն ու «թևավորվել», իրեն ինքնավստահ զգալ, անմիջապես դիմում է իր սիրելի տրյուկին՝ նախորդներին «կատոկելու», «ասֆալտին փռելու», «պատերին ծեփելու»:
Չունենալով Ամուլսարի շահագործման հարցում բավարար աջակիցներ նույնիսկ սեփական թիմում, ինչպես նաև Ջերմուկ կատարած վերջին այցի ընթացքում համոզվելով, որ առնվազն Ամուլսարի խնդրում չի կարող վստահորեն հենվել ժողովրդի վրա՝ այժմ Փաշինյանը ստիպված է հասարակությանը հիշեցնել, թե ով է ինքը, թե որքան վճռական է տրամադրված ժողովրդից թալանածը հետ բերելու հարցում՝ ինքն իրեն կրկին անգամ մատուցելով Ռոբին Հուդի կերպարում:
Այլ կերպ ասած՝ Փաշիյնանն, իր համար անչափ պատասխանատու ու բարդ այս ժամանակահատվածում ստանալու համար հասարակության աջակցւթյունը, հիմա էլ որոշել է կպրշկել Գագիկ Խաչատրյանի ջանից ու նրա շնորիվ դիվիդենտներ հավաքել, «դուխ» առնել ու բարով-խերով լուծել Ամուլսարի հարցը:
Ինչ խոսք՝ եթե ինչ-որ մեկն, անկախ այն հանգամանքից, թե այդ մեկն ով է, իսկապես թալանել է երկիրը, պետք է ոչ միայն պատժվի, այլև փոխհատուցի: Սրանում՝ ոչ մի կասկած, քանի որ հենց այս սկզբուքն է արդար հայրենիք ունենալու ամենակարևոր գրավականներից մեկը: Սակայն ցավալին այստեղ այն է, որ այդ սկզբունքի մասին իշխանությունները հիշում են միայն այն ժամանակ, երբ իրենց համար առաջանում է դրա քաղաքական անհրաժեշտությունն, երբ ֆեյսբուքյան սելֆիներով ու ստատուսներով հասարակությանը կերակրելն այլևս անհնար է դառնում, երբ Փաշինյանը կրկին սկսում է զգալ ժամանակին իրեն իշխանության բերած հասարակության գործուն աջակցությունը:
Արդա՞ր է այսպես…
Source: USAArmenia

Մասին USArmeniaNews.com

Կարդացեք նաև

Իշխանությունների համար ամենաողբերգականն այն է, որ մարդիկ իրենց՝ երեկվա կուռքերին ծաղրում են սոցցանցերում Vesti

Vesti.am. Արդեն առիթ եմ ունեցել ասելու, որ այս օրերին քաղաքացիների փողոցից տուն չգնալը ոչ միայն …