Հինգշաբթի , Նոյեմբերի 14 2019
Սկիզբ / Սփյուռք / Նարեկ ու Նաիրա Մանուկյանների ընտանիքին ցանկանում ենք հավերժական Սեր, Ամրություն և Երջանկություն

Նարեկ ու Նաիրա Մանուկյանների ընտանիքին ցանկանում ենք հավերժական Սեր, Ամրություն և Երջանկություն

Հայ ավանդական ընտանիքն արդարև համարվում է հայության գոյապահպանման կարևորագույն գրավականներից մեկը:

Հանդիսանալով համաշխարհային ազգ, սփռված աշխարհի չորս ծագերով, հայությունը կարողացել է ինքնապահպանվել բացառապես մեկ բանի շնորհիվ՝ մայրենի լեզվի, հայոց դավանանքի և դրանից բխող ընտանեկան ավանդական արժեքների նկատմամբ ունեցած անսահման ակնածանքի:
3 տարի առաջ էր, երբ Նաիրա Մարուքյանն իր ընտանիքով Հայաստանից տեղափոխվեց իսպանական Բարսելոն՝ պատկերացում անգամ չունենալով, թե իսպանական այդ չքնաղ գոհարն ինչ դեր է խաղալու իր կյանքում:

Գեղեցկուհի հայուհին այնտեղ պետք է հանդիպեր իր միակին, ապագա ամուսնուն՝ Նարեկ Մանուկյանին՝ նրա հետ ապրելու մի ողջ կյանք, ձեռք ձեռքի տված հաղթահարելու կյանքի դժվարություններն ու վայելելու սքանչելիքները:

Նարեկը, ով Բարսելոնա քաղաքում հարգարժան հայ ընտանիքի Գոռ և Քրիստինե Մանուկյանների որդին է, Նաիրայի հետ ծանոթացել էր վերջինիս եղբոր հետ ընկերություն անելու ընթացքում: Շուտով սեր է ծագում նրանց միջև, ինչից հետո Նարեկը, սիրավառված Նաիրայի սիրով, ( 3 տարի առաջ էր մահացել աղջկա հայրը՝ Արմեն Մարուքյանը) եղբորից՝ Հարություն Մարուքյանից խնդրում է քրոջ ձեռքն ու չի մերժվում:
Սովորաբար ընտանեկան արժեքների պահպանության, հայ ընտանիքի ամրության հարցում մեծ դեր ունեն հատկապես քավորները, որոնք, ստանձնելով այդ յուրատեսակ առաքելությունը, հանձն են առնում մինչև վերջ ուղեկցելու ընտանիքին, կիսելու նրա հոգսերն ու ուրախությունները:

Եվ, ահա, քավորությամբ՝ Բարսելոնում մեծ ճանաչում ունեցող ու հարգանք վայելող Նորայր և Մարինա Ասատրյանների՝ Օգոստոսի 10-ին տեղի ուենցավ երկու հայ երիտասարդների, իրար սիրող սրտերի միությունը ամրագրող հարսանյաց արարողությունը, որին և՛ հարսի, և՛ փեսայի կողմից հրավիրվել էին բազմաթիվ հյուրեր աշխարհի տարբեր տեղերից՝ ԱՄՆ-ից, Ֆրանսիայից, Բրյուսելից, Բելգիայից, Հայաստանից:
Տեր և տիկին Ասատրյանները Աստծո և մարդկանց առաջ ստանձնեցին հայ օջախի պահապանի բացառիկ առաքելությունը, քավորության պատասխանատու, բայց քաղցր պարտականությունը: Զույգերը միմյանց հավատարմության երդում տվեցին տեղի նշանավոր «Tibidabo» եկեղեցում, իսկ խնջույքը, որն անցավ աննախադեպ մթնոլորտում, տեղի ունեցավ քաղաքի լավագույն սրահներից մեկում՝ «Torre del Pi» ում:
Ամեն ագամ տեսնելով Սփյուռքում մի նոր հայ ավանդական ընտանիքի ծնունդ՝ սիրտդ փառավորվում է, լցվում ես անասելի ուրախությամբ: Միաժամանակ, սակայն, յուրատեսակ թախիծ է պատում սիրտդ, որ նոր ընտանիքի ստեղծմանն ականատես ես դառնում ոչ թե Մայր հայրենիքում, այլ՝ Սփյուռքի այս կամ այն գաղթօջախում:

Նկարում՝ հարսի մայրն ու եղբայրը՝ Քրիստինե Խաչատրյան և Հարություն Մարուքյան
Այս հրաշալի հարսանիքը ևս մեկ անգամ ապացուցեց, սակայն, որ հայը մնում է հայ, իր ՀԱՅ կոչմանը հավատարիմ՝ անկախ այն բանից, թե որտեղ է գտնվում, ինչ ազգություններով է շրջապատված:
«USArmenianews.com» լրատվական կայքը սիրով միանում է հնչած շնորհավորանքներին ու բազմաթիվ բարեմաղթանքներին՝ ցանկանալով Նարեկ ու Նաիրա Մանուկյանների ընտանիքին հավերժական Սեր, Ամրություն և Երջանկություն:
Արդարև, այսօրինակ ընտանիքներն են այն կարևորագույն բջիջը, որի ամրությունից ու դավանած արժեքներից է շատ իմաստներով կախված հայության գոյատևման հավերժությունը և՛ անցյալում, և՛ ներկայում ու ապագայում:
Գայանե Մանուկյան
 
Source: USAArmenia

Մասին USArmeniaNews.com

Կարդացեք նաև

Նարեկ Մալյանի հանցանքի կատարման վայրը համացանցն .Hraparak

«Ինչ եք ասում, ինչ եք ասում»,- այս խոսքերով ցմահ ազատազրկման դատապարտված Մհեր Ենոքյանի կինը՝ Զարուհի …